Գլխավոր Լրահոս

Ամենաբարդը սահմանների համալիր կառավարումն է․ ՆԳ նախարարը՝ ԵՄ տանող ճանապարհի մասին

Ամենաբարդը սահմանների համալիր կառավարումն է․ ՆԳ նախարարը՝ ԵՄ տանող ճանապարհի մասին

Արշալույս Մղդեսյան

Եվրամիության հետ վիզաների ազատականացման ակտիվ բանակցություններ վարող միակ երկիրն այսօր Հայաստանն է: Դրան զուգահեռ պետք հասկանալ, որ վիզաների ազատականացումը ոչ միայն և ոչ այնքան Եվրոպա ճամփորդելու ազատ հնարավորություն է, այլ Հայաստանի պետական ինստիտուտների, անվտանգային համակարգերի և օրենսդրության արդիականացման ծավալուն ծրագիր։ ՀՀ ներքին գործերի նախարար, վիզաների զատականացման հարցում Եմ-ի հետ գլխավոր բանակցող Արփինե Սարգսյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ներկայացնում է այն «տնային աշխատանքը», որը Հայաստանը պետք է կատարի այս ճանապարհին։

Նախարարն անդրադառնում է նաև անձնական տվյալների պաշտպանության խստացմանը, հակակոռուպցիոն պայքարին, քաղաքացիության վաճառքի կամ «ոսկե անձնագրերի» տրամադրման բացառմանն ու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ինտեգրմանը՝ որպես եվրաինտեգրման և պետության ներքին փոխակերպման կարևոր բաղկացուցիչ։

Տիկի՛ն նախարար, հանրային ընկալումներում վիզաների ազատականացումը հաճախ հասկացվում է զուտ որպես «Եվրոպա առանց վիզայի ճամփորդելու» հնարավորություն։ Սակայն ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը, ըստ էության, պետական ինստիտուտների արդիականացման և եվրոպական չափանիշներին մոտարկման ծավալուն պլան է։ Որպես գլխավոր բանակցող, ինչպե՞ս կբանաձևեք այն գլխավոր ինստիտուցիոնալ փոխակերպումը, որն այս գործընթացը բերելու է Հայաստանի պետական կառավարման համակարգ։

Իրապես, վիզաների ազատականացման գործընթացը Հայաստանի համար շատ ավելին է, քան ինքնին ազատ վիզային ռեժիմը։ Այն պետք է դիտարկել ոչ միայն որպես ազատ տեղաշարժի հնարավորություն, այլև որպես պետական ինստիտուտների որակական վերափոխման կարևոր գործիք, որը երկարաժամկետ ազդեցություն է ունենալու Հայաստանի կառավարման համակարգի, հանրային ծառայությունների որակի և քաղաքացիների իրավունքների պաշտպանության մակարդակի վրա։

Դուք ինքներդ էլ ճիշտ նշեցիք, որ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը պետական կառավարման համակարգի վերաբերելի հատվածի արդիականացման և ԵՄ չափանիշներին մոտարկման ծավալուն նախագիծ է։ Դրա իրականացումը բերելու է ինստիտուցիոնալ խորքային վերափոխումների՝ սկսած ոլորտային օրենսդրության կատարելագործումից մինչև ինստիտուտների գործառնական հզորացում և կառավարման նոր մշակույթի ձևավորում։

Գործողությունների ծրագրում նախանշված է նաև այդ փոխակերպման ձևն ու ճանապարհը, ընդ որում՝ մեզ համար միանգամայն ընդունելի տարբերակով, այսինքն՝ նույնացված են խոցելիությունները, բարելավման կամ բարեփոխման կարիք ունեցող գործընթացները, օրենսդրական կամ ինստիտուցիոնալ բացերը։ Կան նաև հենանիշներ, որոնց ուղղությամբ առանձնապես ծավալուն աշխատանք չի ենթադրվում, որովհետև կամ արդեն արել ենք, կամ մեր ունեցած կառուցակարգերը ծածկում են դրված նպատակները։

Համաձայն Գործողությունների ծրագրի՝ պահանջվում է լիովին անցնել ԻԿԱՕ-ի չափանիշներին համապատասխանող կենսաչափական անձնագրերի և հստակ ժամկետներում փուլային եղանակով չեղարկել հին անձնագրերը։ Խնդրում եմ ևս մեկ անգամ հստակ ասել, ի՞նչ ժամանակացույցով է պետությունը նախատեսում իրականացնել այս անցումը և ե՞րբ ՀՀ քաղաքացիները կարող են արդեն ձեռք բերել կենսաչափական անձնագրեր։ 

Մեր քաղաքացիներն արդեն շատ շուտով կօգտվեն անձը հաստատող նոր՝ կենսաչափական փաստաթղթերի համակարգից։ Վերջին տարիներին մենք բազմիցս խոսել ենք այս ծրագրի մասին, և այսօր արդեն կարող եմ ասել, որ դրա գործարկման պահն իսկապես մոտ է։ Կենսաչափական համակարգի աշխատանքը կմեկնարկի այս տարվա աշնանը։ Առաջին փուլում կբացվեն 14 գրասենյակներ, իսկ մինչև հաջորդ տարվա մարտ դրանց թիվը կհասնի 23-ի։ Այստեղ քաղաքացիները ոչ միայն կստանան նոր նմուշի կենսաչափական փաստաթղթեր, այլև կօգտվեն բոլորովին նոր, ժամանակակից սպասարկման մշակույթից։

ՀՀ-ի կողմից տրամադրվող բոլոր փաստաթղթերը կլինեն կենսաչափական։ Կենսաչափական համակարգին անցնելուց հետո հին նմուշի փաստաթղթեր այլևս չեն արտադրվի, հետևաբար հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետն ավարտվելուց հետո քաղաքացիները պետք է ստանան կենսաչափական փաստաթղթեր։ Միաժամանակ վավեր անձնագիր ունեցող քաղաքացին պարտադրված չի լինի ձեռք բերել նոր անձնագիր, բայց ցանկության դեպքում իհարկե իրավունք կունենա։ Եթե փաստաթուղթը մինչև վավերականության ժամկետի ավարտը որևէ պատճառով վնասվել է, վիզա էջերը լրացել են, կորել է, ենթակա կլինի փոխանակման, ապա այն այլևս կփոխանակվի նոր կենսաչափական փաստաթղթով։

Ինչպես տեսնում եք, ԻԿԱՕ-ի չափանիշներին չհամապատասխանող անձնագրերը շրջանառությունից փուլային եղանակով են դուրս գալու։ Մենք չենք ընտրել կոշտ կամ քաղաքացիների համար անհարմար լուծումներ։ Այս պահին վերջնաժամկետ սահմանված չէ, բայց բնական է, որ ինչ-որ պահից սկսած ՀՀ-ում շրջանառության մեջ պետք է մնան միայն ԻԿԱՕ-ի չափանիշներին համապատասխան անձնագրերը։ Սա է միջազգայնորեն ընդունված ստանդարտը, և մենք հետևողականորեն շարժվում ենք այդ ուղղությամբ:

Ծրագրում հատուկ ընդգծվում է նաև բնակչության միասնական և անվտանգ էլեկտրոնային գրանցամատյանի ստեղծումը։ Այսօրվա թվային անվտանգության մարտահրավերների պայմաններում ի՞նչ երաշխիքներով և մեխանիզմներով է ապահովվելու քաղաքացիների տվյալների պաշտպանությունը: Խնդրում եմ հնարավորինս պարզ բացատրել, թե ինչու է այս համակարգի ներդրումն անհրաժեշտ։

Առաջին հերթին պետք է հասկանալ, որ միասնական և անվտանգ էլեկտրոնային գրանցամատյանի ստեղծման նպատակը նոր տվյալներ հավաքագրելը չէ։ Խոսքը պետության կողմից արդեն իսկ վարվող տվյալների կառավարման նոր որակի մասին է՝ ապահովելով դրանց ամբողջականությունը, փոխգործելիությունը և, ամենակարևորը, պաշտպանվածությունը։ Առանց նման ենթակառուցվածքի այսօր հնարավոր չէ ապահովել ժամանակակից թվային պետական ծառայություններ, այդ թվում՝ կենսաչափական փաստաթղթերի համակարգի լիարժեք աշխատանքը։

Հենց այդ նպատակով էլ կենսաչափական փաստաթղթերի թողարկման ծրագրի շրջանակներում իրականացվում է միջազգային նոր բարձրագույն ստանդարտների՝ eIDAS սերտիֆիկացմամբ և ISO 27 001 չափանիշին համապատասխանող տվյալների կենտրոնի կառուցում։ Հայաստանի համար սա բացառիկ նշանակության ենթակառուցվածք է, այսպիսի որակի ենթակառուցվածքներ քիչ ունենք մեր երկրում։ Սա տվյալների պաշտպանության նոր նշաձողի մասին է, գործընթացի կազմակերպման բացառիկ դիսցիպլինի, լավ գծագրված կառուցակարգերի. սա նոր վերաբերմունք է գործընթացի նկատմամբ՝ միաժամանակ և՛ քաղաքացու, և՛ պետության։

Կարևոր է նաև, որ տվյալների կենտրոնը ծառայելու է ոչ միայն կենսաչափական համակարգի համար, այլ նաև Բնակչության պետական ռեգիստրի և մի շարք այլ համակարգերի համար։

Այս պահին Հայաստանի տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի գործընկերների հետ իրականացնում ենք անհրաժեշտ տեխնիկական ենթակառուցվածքի գնահատում և նախագծում։ Շուտով ձեռք ենք բերելու բոլոր անհրաժեշտ սարքավորումները՝ հրեպատներ, ցանցային անվտանգության ապահովման համար անհրաժեշտ երթուղիչներ, ծրագրային և վեբ անվտանգության համար անհրաժեշտ ծրագրային լուծումներ՝ լիցենզիաներ և բաժանորդագրություններ։ Մշակվող և շահագործվող բոլոր ծրագրերը անցնում են համապատասխան կիբերանվտանգային ստուգումներ Հանձնաժողովի գործընկերների կողմից։

Միաժամանակ ստեղծվում են նաև ինստիտուցիոնալ երաշխիքներ։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կառուցվածքում կձևավորվի նոր մասնագիտացված ստորաբաժանում, որը շուրջօրյա՝ 24/7, ռեժիմով համապատասխան ծրագրային միջոցներով հետևելու է տվյալների ամբողջականության, անվտանգության և պաշտպանվածության ապահովմանը։

Այսինքն՝ մենք ստեղծում ենք ոչ միայն նոր կենսաչափական համակարգ, այլև տվյալների պահպանման և պաշտպանության ամբողջական էկոհամակարգ՝ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան։

Սահմանների ինտեգրված կառավարման շրջանակում նշվում է Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության (Frontex) հետ նոր աշխատանքային պայմանավորվածության շուրջ բանակցությունների և իրականացման մասին։ Գործնականում ի՞նչ է փոխելու սա մեր սահմանապահների աշխատանքում և տեղեկատվության փոխանակման մակարդակում:

Նախ նշեմ, որ սահմանների համալիր կառավարման բարեփոխումները Հայաստանի կողմից իրականացվող լայն և համակարգային օրակարգի մաս են։ Սա ուղղված է մեր սահմանային կառավարման կարողությունների ամրապնդմանը, անվտանգության մակարդակի բարձրացմանը և եվրոպական լավագույն փորձի հետևողական ներդրմանը։

Այս համատեքստում Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության՝ Frontex-ի հետ համագործակցությունը դիտարկվում է որպես այդ ընդհանուր գործընթացի կարևոր և բնական բաղադրիչ։ Այն արտահայտում է Հայաստանի պատրաստակամությունը խորացնելու գործնական գործընկերությունը ԵՄ-ի հետ և անցնելու ավելի ինստիտուցիոնալ, վստահելի և կանխատեսելի համագործակցության ձևաչափերի։

ՀՀ և Ֆրոնտեքսի միջև օպերատիվ համագործակցության վերաբերյալ ստորագրված աշխատանքային պայմանավորվածությունը միջազգային պայմանագիր չէ, այլ համագործակցության շրջանակ, որը սահմանում է, թե ինչ ուղղություններով և ինչ ձևաչափով են կողմերը համագործակցելու։ Հայաստանի համար նման աշխատանքային պայմանավորվածությունը կներառի տեղեկատվության փոխանակում՝ անօրինական միգրացիայի, փաստաթղթային կեղծարարության, միգրանտների մաքսանենգության, ռիսկերի գնահատման վերաբերյալ, ռիսկերի համատեղ վերլուծություն, որպեսզի Հայաստանի սահմանային և միգրացիոն մարմինները օգտվեն Ֆրոնտեքսի վերլուծական կարողություններից, վերապատրաստումներ և կարողությունների զարգացում սահմանապահների, միգրացիոն ծառայության աշխատակիցների համար։ Այս գործընկերությունը մեզ կբերի նաև լավագույն եվրոպական փորձի փոխանցում՝ սահմանների ինտեգրված կառավարման, վերադարձի, ռիսկերի կառավարման և փաստաթղթերի անվտանգության ոլորտներում։

Միևնույն ժամանակ, շատ կարևոր է հասկանալ, որ Ֆրոնտեքսի հետ համագործակցությունը չի ենթադրում, որ  օրինակ,  Հայաստանում կտեղակայվեն Ֆրոնտեքսի մշտական ուժեր։ Հայաստանի սահմանների վերահսկողությունն ամբողջությամբ մեր ինքնիշխան լիազորությունների ներքո է։

Այս համագործակցությունը նաև քաղաքական կարևոր ազդակ է՝ ցույց տալու, որ Հայաստանը ոչ միայն խորացնում է իր հարաբերությունները ԵՄ-ի հետ, այլև պատրաստ է իր սահմանային կառավարման համակարգը համապատասխանեցնել միջազգային բարձր չափանիշներին՝ պահպանելով ինքնիշխանության լիարժեք սկզբունքը։

Փաստաթղթում որպես առանձին և կոնկրետ խնդիր նշված է Շենգենյան գոտում ՀՀ քաղաքացիների կողմից առողջապահական համակարգերի հետ կապված կուտակված չվերադարձված պարտքերի հարցը։ Որքանո՞վ է սա լուրջ ռիսկ, և կառավարությունն ի՞նչ մեխանիզմներով է պատրաստվում լուծել այս խնդիրը։

Այս հարցը մենք դիտարկում ենք որպես միգրացիոն համակարգերի և առողջապահական ծառայությունների փոխկապակցվածության համակարգային խնդիր, որը պահանջում է հստակ քաղաքական արձագանք և կանխարգելիչ գործիքակազմ։

Խոսքը վերաբերում է այն իրավիճակներին, երբ միգրացիոն կանոնների ոչ ճիշտ կիրառման կամ չարաշահման արդյունքում առանձին դեպքերում ձևավորվում են առողջապահական ծառայությունների ծախսեր, որոնք արձանագրվում են համապատասխան եվրոպական երկրների համակարգերում։ Ավելի պարզ ասած՝ առողջական խնդիրներ ունեցող ՀՀ քաղաքացին անվճար բուժում ստանալու նպատակով հասնում է այս կամ այն ԵՄ անդամ պետություն, հայցում է ապաստան՝ հիմքում դնելով մի կեղծ պատմություն այն մասին, թե ինչպես են իր իրավունքները ոտնահարվում սեփական երկրում, այլապես նրա ապաստանի հայցը ենթակա չի լինի քննման, և մինչև տվյալ պետության միգրացիոն իշխանությունները կքննեն ներկայացված պատմության արժանահավատությունը և փախստականի կարգավիճակ տալու հարցը, ապաստան հայցողը ստանում է անվճար բուժօգնություն, ի թիվս մի շարք այլ սոցիալական ծառայությունների։

Հայաստանը դասելով ապահով երկրների շարքին՝ եվրոպական երկրները շատ դեպքերում արագ են  քննում հայցը, և բուժման գործընթաց, որպես այդպիսին, չի էլ սկսվում։ Կամ մեկ այլ մոտեցում էլ կա․ հումանիտար պաշտպանության մասին է խոսքը, երբ եվրոպական միգրացիոն իշխանությունները արձանագրում են, որ տվյալ բուժումը հասանելի է ՀՀ-ում, թեկուզ փոխարինող դեղամիջոցներով, և նույնիսկ հումանիտար աջակցության հայցը մերժվում է։ Բայց բոլոր այն դեպքերում, երբ ապաստան հայցողը, որը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, ստանում է այս կամ այն տեսակի բուժում, կրկին շեշտեմ՝ համակարգը չարաշահելու միջոցով և տվյալ պետության քաղաքացիների վճարած հարկերի հաշվին:

Նման պրակտիկան անընդունելի է և չի կարող դիտարկվել որպես միգրացիոն համակարգի բնական մաս։ Այն ստեղծում է ոչ միայն ֆինանսական, այլև քաղաքական և ինստիտուցիոնալ բեռ՝ վնասելով նաև վստահության ընդհանուր միջավայրին։

Գործողությունների ծրագրի այս կետը առավելապես այն մասին է, որ պետք է դադարեցնենք նմանօրինակ պրակտիկան և պարտքերի կուտակման գործընթացը։ Այս փուլում որևէ ֆինանսական գնահատական չի քննարկվում, աշխատանքը կենտրոնացած է մեխանիզմների հստակեցման վրա։ Ավելի ուշ կմանրամասնենք ԵՄ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։

Մենք զուգահեռաբար իրականացնում ենք ներքին բարեփոխումներ, մասնավորապես՝ առողջապահական համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրում, որը ինստիտուցիոնալ առումով կնվազեցնի նման իրավիճակների հետագա առաջացման հնարավորությունը։

Ընդհանուր մոտեցումը հետևյալն է՝ ներսում մենք ձևավորում ենք հստակ պատասխանատվության և կանխարգելման մշակույթ, իսկ ԵՄ գործընկերների հետ՝ կառուցում ենք կանխատեսելի, կանոնների վրա հիմնված և համագործակցային լուծումներ՝ խնդրի աղբյուրը նվազեցնելու համար, ոչ թե միայն հետևանքները կառավարելու։

Կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում ծրագիրը պահանջում է կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների, այդ թվում՝ Կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ոլորտում լիազոր մարմինների անկախության ապահովում և արդյունավետ գործունեություն։ Նաև շեշտվում է բարձր մակարդակում կոռուպցիայի դեպքերի բացահայտման և պատժամիջոցների կիրառման համոզիչ պատմության (track record) ապահովումը։ ԵՄ գործընկերների տեսանկյունից որո՞նք են այստեղ Հայաստանի ներկայիս խոցելի կետերը:

Ընդհանուր առմամբ ԵՄ գործընկերներն արձանագրում են, որ 2018 թվականից սկսված բարեփոխումների արդյունքում Հայաստանը զգալիորեն ամրապնդել և ներդաշնակեցրել է իր հակակոռուպցիոն իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը՝ համապատասխանեցնելով այն միջազգային չափանիշներին։ Արձանագրվել է նաև, որ Հայաստանը կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի հիմնական միջազգային իրավական փաստաթղթերի և մշտադիտարկման մեխանիզմների կողմ է և ակտիվորեն մասնակցում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցին և ՏՀԶԿ-ի Հանրային բարեվարքության ցուցիչների նախաձեռնությանը։

Միևնույն ժամանակ, որպես շարունակական օրակարգի մաս, գործընկերները մատնանշում են մի շարք ուղղություններ, որոնք պահանջում են հետագա զարգացում։

Ես, որպես հայկական կողմի գլխավոր բանակցող, համակարգում եմ նաև ՆԳ նախարարության տիրույթից դուրս գտնվող աշխատանքների կատարումը և ինձ համար կարևոր է ամբողջ խորությամբ հասկանալ ԵՄ կողմի ակնկալիքները, որպեսզի ներպետական մակարդակում մեր գործընկերների հետ ավելի ճիշտ կողմնորոշվենք քայլերի հարցում և ժամանակն արդյունավետ օգտագործենք։

Ըստ այդմ՝ ԵՄ կողմի արձանագրումների առաջին մասը վերաբերում է հակակոռուպցիոն ինստիտուտների, մասնավորապես՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարողությունների շարունակական ամրապնդմանը՝ թե՛ մարդկային ռեսուրսների, թե՛ գործիքակազմի և լիազորությունների արդյունավետ կիրառման տեսանկյունից։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ եվրոպացի գործընկերներն ընդգծել են այն, որ կառույցը ներկայումս մարդկային ռեսուրսների քանակական բավարարումն ավելացնելու որոշակի խնդիր ունի, օրենսդրական ու ֆինանսական միջոցների մասով ևս մատնանշում կա՝ առավել լայն լիազորություններն արդյունավետ իրականացնելու նկատառմամբ։

Երկրորդը՝ բարձր ռիսկային ոլորտներում ավելի համակարգված և ռազմավարական մոտեցման անհրաժեշտությունն է, որը թույլ կտա Հակակոռուպցիոն կոմիտեին անցում կատարել ավելի պրոակտիվ, տվյալահեն և վերլուծական աշխատանքի մոդելի։

Ըստ էության, այս արձանագրումները վերաբերում են ոչ թե համակարգային բացերին, այլ զարգացման փուլային ուղղություններին, որոնց հասցեագրման ուղղությամբ աշխատանքն արդեն ընթացքի մեջ է։

Մենք այս բոլոր դիտարկումները ընդունում ենք որպես համագործակցային գործընթացի մաս և հետևողականորեն աշխատում ենք դրանց հասցեագրման ուղղությամբ՝ թե՛ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, թե՛ օրենսդրական և գործառնական գործիքակազմի կատարելագործման միջոցով։

Ծրագիրը պահանջում է անձնական տվյալների պաշտպանության անկախ վերահսկող մարմնի ստեղծում և արդյունավետ գործունեություն ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներում։ Արդյոք սա ենթադրելո՞ւ է բիզնեսի և պետական մարմինների կողմից անձնական տվյալների մշակման խստագույն կանոնների ներդրում՝ եվրոպական GDPR-ի (General Data Protection Regulation - Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգ) տրամաբանությամբ։

Տվյալների պաշտպանության համատեքստում Հայաստանի նկատմամբ ակնկալիքը հստակ է՝ ձևավորել լիարժեք գործող, անկախ և ինստիտուցիոնալ առումով կայուն վերահսկող մարմին, որը կունենա օրենքով սահմանված մանդատ, բավարար ռեսուրսներ և գործառնական ինքնավարություն՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներում տվյալների մշակման վերահսկման համար։

Սա ուղղակիորեն ենթադրում է տվյալների պաշտպանության խիստ և ժամանակակից կանոնների ներդրում՝ համահունչ եվրոպական մոտեցումներին, այդ թվում՝ ԵՄ Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի (GDPR), 108+ կոնվենցիայի և ԵՄ համապատասխան իրավական գործիքների տրամաբանությանը։ Հայաստանն այս ուղղությամբ ծավալուն աշխատանք է իրականացրել՝ ինչպես իրավական շրջանակի համապատասխանեցման, այնպես էլ կառուցվածքային-ինստիտուցիոնալ կայացման իմաստով։

ԵՄ-ի տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգին համահունչ ստանդարտը մշակվելու է ՀՀ արդարադատության կողմից և ամրագրվելու է օրենքով։ Այն տարածվելու է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի վրա։  Միայն պետական համակարգի մարմինների համար ներդրնվելու է նաև տվյալների պաշտպանության պատասխանատուների /data protection officer/ ինսիտուտը։ Իսկ մասնավորի կողմից անձնական տվյալների մշակման գործընթացի կարգավորումը ավելի ուշ փուլի քննարկման առարկա է։

Ընդհանուր մոտեցումը հստակ է՝ մենք գնում ենք դեպի տվյալների պաշտպանության եվրոպական ստանդարտի ամբողջական ներդրում, որտեղ առանցքային են անկախ վերահսկողությունը, պատասխանատվությունը և անձնական տվյալների բարձր մակարդակի պաշտպանությունը։

Հայաստանը պետք է նաև կառուցվածքային համագործակցություն հաստատի Եվրոպոլի հետ՝ անձնական տվյալների փոխանակման մակարդակով, և նախապատրաստվենք Եվրոպական դատախազության (EPPO) ու Եվրոջասթի հետ համագործակցությանը։ Իրավապահ համակարգի թվային և օպերատիվ ի՞նչ հագեցվածություն է պահանջվելու այս ցանցերին ինտեգրվելու համար:

Վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում իրավապահ համագործակցության խորացումը կարևոր ուղղություններից է։ Եթե այսօր խոսում ենք Europol-ի հետ ավելի խորացված համագործակցության, իսկ ապագայում նաև Եվրոպական հանրային դատախազություն (EPPO) և Eurojust-ի հետ փոխգործակցության մասին, ապա դա առաջին հերթին ենթադրում է ոչ միայն իրավական, այլև տեխնոլոգիական և ինստիտուցիոնալ պատրաստվածություն։

Նախ, ապահովելու ենք անձնական տվյալների պաշտպանության եվրոպական չափանիշներին համապատասխան անվտանգ տեղեկատվական միջավայր, քանի որ նման համագործակցության հիմքում վստահելի և պաշտպանված տվյալների փոխանակումն է։

Երկրորդ՝ իրավապահ մարմինները պետք է ունենան փոխգործունակ թվային համակարգեր, որոնք թույլ կտան անվտանգ, արագ և ստանդարտացված ձևաչափերով փոխանակել տեղեկատվություն՝ պահպանելով կիբերանվտանգության բարձր պահանջները, տվյալների ամբողջականությունը և հետագծելիությունը։

Երրորդ՝ կարևոր է զարգացնել վերլուծական և օպերատիվ կարողությունները՝ ներդնելով ժամանակակից թվային գործիքներ, թվային ապացույցների կառավարման մեխանիզմներ և մասնագիտացված կարողություններ՝ անդրազգային կազմակերպված հանցավորության, միգրանտների մաքսանենգության, մարդկանց թրաֆիքինգի, կիբերհանցավորության և ֆինանսական հանցագործությունների բացահայտման ուղղությամբ։

Միաժամանակ սա ենթադրում է ինստիտուցիոնալ կարգապահության բարձրացում՝ միասնական աշխատանքային ստանդարտների ներդրում, շարունակական վերապատրաստում և եվրոպական գործընկերների հետ օպերատիվ համագործակցության խորացում։

Ընդհանուր առմամբ, խոսքը ոչ թե առանձին տեխնիկական բարեփոխումների, այլ լիարժեք եվրոպական անվտանգության ճարտարապետության հետ համատեղելի իրավապահ էկոհամակարգի ձևավորման մասին է, որը Հայաստանին հնարավորություն կտա գործել որպես վստահելի և լիարժեք գործընկեր այդ ցանցում։

Այս ուղղությամբ արդեն գործնական առաջընթաց կա․ Եվրոպոլում նշանակվել է ՆԳՆ կապի սպան, ով համակարգում է ՀՀ իրավապահ համակարգի աշխատանքը Եվրոպոլի հետ, ՆԳՆ-ն միացել է Եվրոպոլի SIENA անվտանգ տեղեկատվության փոխանակման համակարգին, և համապատասխան տեխնիկական ենթակառուցվածքը տեղադրված և գործարկված է՝ ապահովելով օպերատիվ, անվտանգ և ստանդարտացված հաղորդակցություն եվրոպական գործընկերների հետ։ Եվրոջասթում առաջիկայում ՀՀ դատախազությունը դատախազ կնշանակի։

Գործողությունների ծրագիրը հստակ պահանջում է խտրականության դեմ պայքարի մասին համապարփակ օրենքի ընդունում և հավասարության հարցերով հատուկ մարմնի ստեղծում։ Նախկինում նմանատիպ նախաձեռնությունները հաճախ բախվել են հանրային որոշակի դիմադրության։ Ինչպե՞ս է կառավարությունը պատրաստվում հավասարակշռել միջազգային պահանջներն ու ներքին հանրային ընկալումները։

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության համատեքստում Արդարադատության նախարարության կողմից մշակվել, շրջանառվել և հանրային լայն քննարկումների փուլ է անցել «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի (ներկայում նախագծի անվանումն է՝ «Խտրականության կանխարգելման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի) նախագիծը:

Նախագծով սահմանվում են խտրականության հասկացությունը և տեսակները, կանոնակարգվում են խտրականության կանխարգելման և խտրականությունից պաշտպանության ոլորտում պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց պարտականությունները, խտրականությունից իրավական պաշտպանության հիմքերը:

Ինչ վերաբերում է հանրային ընկալումներին, ապա, այո՛, նման նախաձեռնությունները տարբեր փուլերում միշտ ուղեկցվում են քննարկումներով և երբեմն նաև դիմադրությամբ։ Սա ոչ միայն Հայաստանի, այլև բազմաթիվ երկրների փորձն է, երբ խոսքը վերաբերում է իրավահավասարության ինստիտուցիոնալացմանը։ Այդուհանդերձ, պետության խնդիրն է ապահովել ճիշտ հավասարակշռություն՝ մի կողմից շարունակելով հանրային բաց և գրագետ հաղորդակցությունը, մյուս կողմից՝ չդադարեցնելով և չհետաձգելով համակարգային բարեփոխումների իրականացումը՝ միայն ընկալումների տատանումների պատճառով։

Կարծում եմ՝ ներքին հանրային ընկալումների տեսանկյունից այժմ մեր գործն ավելի դյուրին է, քան դիցուք 5-10 տարի առաջ, միջավայրը զգալիորեն փոխված է։ Մարդու իրավունքների, այդ թվում՝ իրավահավասարության և խտրականության դեմ պայքարի հարցերում հասարակության ներգրավվածությունն ու ակնկալիքները աճել են, այս հարցերում հասարակության զգայունությունն առավել ակնառու է։ Այդ տրամաբանությամբ հակախտրականության օրենսդրության ընդունումը դիտարկվում է որպես օրակարգային և անխուսափելի քայլ՝ մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման համատեքստում։

Ընդհանուր առմամբ, մեր մոտեցումը հստակ է՝ այս օրենքը պետք է ընդունվի, և դրա հիման վրա ձևավորվող ինստիտուցիոնալ մեխանիզմները պետք է լիարժեք գործարկվեն՝ ապահովելով Հայաստանի հետևողական դիրքավորումը որպես խտրականության դեմ պայքարի հանձնառու պետություն։

Հիմնարար իրավունքների բաժնում շեշտվում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ինտեգրումը ապահովելու քաղաքականությունների իրականացումը։ Ինչպե՞ս է այս ներքին և հումանիտար խնդիրը դարձել վիզաների ազատականացման նախապայման, և ի՞նչ կոնկրետ ցուցիչներով է ԵՄ-ն գնահատելու այս կետի կատարողականը:

Ի՞նչ կոնկրետ ցուցիչներով կգնահատեն եվրոպացի մեր գործընկերները, հիմա չափորոշիչներ չեմ նշի, իհարկե։ Մենք դեռ կքննարկենք այս հարցը, բայց կարծում եմ, սա էլ այն դրույթների թվին է դասվում, որի ուղղությամբ մենք, անկախ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրից, ծավալուն և մեծամասշտաբ աշխատանքներ ենք իրականացնում ինչպես պատշաճ փաստաթղթավորման ոլորտում, այնպես էլ սոցիալական ծրագրերի ուղղությամբ, և արդեն իսկ ներդրված ջանքերը, կարծում եմ, եվրոպացի գործընկերների կողմից բարձր կգնահատվեն։ Կարող եմ նշել մի ցուցանիշ․ ընդհանուր առմամբ տեղահանված բնակչության թիվը 115 000-ից ավելի է եղել, որից շուրջ 40 000 անձ արդեն ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, այդ թվում՝ անչափահասները։ Իսկ եթե դիմումատուների թիվն էլ ավելացնենք, որոնց հայտերը քննարկման փուլում են, ապա մոտ ենք տեղահանված բնակչության 50 %–ին։ Սա 2,5 տարվա կտրվածքով, կարծում եմ, էական ցուցանիշ է այն մասին, որ տեղահանված բնակչությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, Հայաստանում լիարժեք և հեռանկարային ապագա կառուցելու տրամադրվածություն ունի։

Փաստաթղթում նշված է, որ Հայաստանը պետք է զերծ մնա «ներդրողների կողմից քաղաքացիություն ստանալու սխեմա» մշակելուց (այսպես կոչված՝ ոսկե անձնագրեր)՝ ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի չարաշահման ռիսկը նվազեցնելու համար։ Սա կոշտ պահա՞նջ է ԵՄ կողմից, և արդյոք այն չի՞ հակասում տնտեսության ներդրումային գրավչությունը բարձրացնելուն միտված այլ պետական ծրագրերին:

Սա ԵՄ կողմից կանխարգելիչ տրամաբանությամբ ձևակերպված հենանիշ է, որն ամբողջությամբ համահունչ է քաղաքացիության ինստիտուտի մեր բարեփոխումների օրակարգին, և միաժամանակ չի հակասում տնտեսության ներդրումային գրավչությանը բարձրացնելուն միտված պետական ծրագրերին։

Այո՛, ժամանակ առ ժամանակ ներդրումների դիմաց քաղաքացիության կոնցեպտը քննարկվել է, այդ քննարկումնները նոր չեն։ Բայց որպես ոլորտի պատասխանատու իմ դիրքորոշումը շատ հստակ է և սկզբունքային՝ մասնավորապես քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն»։ Սա ինստիտուտ է, որը պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա։ Հայաստանը չի զարգացրել «ոսկե անձնագրեր» տրամադրելու սխեմաներ, և ներկայիս քաղաքական ուղղությունները նույնպես չեն նախատեսում նման մոդելի ներդրում։

Միևնույն ժամանակ, սա չի սահմանափակում ներդրումային քաղաքականությունը։ Ներդրումների խրախուսումը և քաղաքացիության ինստիտուտը տարբեր տրամաբանություններ են, չեն կարող դիտարկվել որպես փոխկապակցված փոխարինելի գործիքներ։

Մեր քաղաքական մոտեցումը հետևյալն է՝ ներդրումների համար մենք ստեղծում ենք կայուն և բաց միջավայր, իսկ քաղաքացիությունը պահում ենք որպես պետության հետ կայուն և իրական կապի վրա հիմնված ինստիտուտ։ Հիմա մշակում ենք «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող փաթեթ, որտեղ նաև խստացումների ճանապարհով ենք գնալու։ Սա նշանակում է, որ մենք վերաարժևորում ենք քաղաքացիությունը որպես ինստիտուտ։

VLAP-ը նախատեսում է «կատարողականի վրա հիմնված մոտեցում» և արված աշխատանքի գնահատում: Ամեն ինչ գնահատվելու է Եվրոպական հանձնաժողովի և անդամ պետությունների փորձագետների կողմից։ Որպես գործընթացի գլխավոր բանակցող, նշված չորս ուղղություններից ո՞րն եք համարում մեր պետության ամենաբարդ և ժամանակատար «տնային առաջադրանքը»։

Վստահ եմ՝ տեղյակ եք, որ գործողությունների հենանիշները բաժանված են 4 ոլորտային ուղղությունների․

1․ Փաստաթղթերի պաշտպանություն, ներառյալ կենսաչափական տվյալները,

2․ Սահմանների համալիր կառավարում, միգրացիոն կառավարում, ապաստանի տրամադրում,

3․  Հասարակական կարգ և անվտանգություն,

4․ Արտաքին հարաբերություններ և հիմնարար իրավունքներ։

Իմ գնահատմամբ՝ ամենամարտահրավերայինը 2-րդ ուղղությունն է՝ սահմանների համալիր կառավարումը։ Այստեղ խոսքը միայն առանձին միջոցառումների մասին չէ, այլ ամբողջ համակարգի վերափոխման՝ ռազմավարությունից մինչև տեխնիկական և ինստիտուցիոնալ կարողություններ։

Անվտանգության խորհրդի, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների կոմիտեի գործընկերների հետ զուգահեռ ենք իրականացնում պահանջվելիք գործողությունները։ Սա դիտարկում եմ ամենաբարդն ու ժամանակատարը ոչ թե այն պատճառով, որ առանձին վերցված տարբեր ուղղություններով քայլեր չկան, այլ այն պատճառով, որ ժամանակակից աշխարհում սահմանների համալիր կառավարումը ենթադրում է միջգերատեսչական շատ ավելի ներդաշնակ գործողություններ, նորագույն տեխնոլոգիաներ, ենթակառուցվածք, պատրաստված կադրեր, գործընթացի զարգացման ռազմավարական մոտեցումներ։

Հիմա վերջնականացման փուլում է գտնվում սահմանների համալիր կառավարման նոր ռազմավարական ծրագիրի նախագիծը։ Բայց մենք մեր գործողությունները ժամանակային առումով չենք կապում նախագծի հետ, որպեսզի ժամանակն ավելի ճիշտ օգտագործենք։ Օրինակ՝ կենսաչափական համակարգի ներդրմանը զուգահեռ ներդնում ենք նաև e-gate համակարգը, փուլային սկզբունքով սահմանի բոլոր անցման կետերով կահավորանքը կապահովենք, ԱԱԾ գործընկերների հետ մեծ աշխատանք ենք տանում ԱԱԾ սահմանապահ զորքերի կրթության վերափոխման ուղղությամբ, քանի որ որոշում ենք կայացրել կրթությունն ապահովել ՆԳՆ կրթահամալիրի կողմից, քննարկումներ են ծավալվում նաև սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական /ՍԷԿՏ/ համակարգի արդիականացման ուղղությամբ և այսպես շարունակ։

Ընդհանուր պատկերով սա ամենաբարդ ուղղությունն է, բայց նաև այն ոլորտը, որտեղ կատարվող փոփոխությունները ամենաուղղակի ազդեցությունն են ունենալու համակարգի արդյունավետության վրա։ Կարևորն այն է, որ կա հստակ քաղաքական կամք, իսկ մնացածը արդեն հետևողական աշխատանքի և համակարգային ներդրման հարց է, որը մեր գործընկերների հետ կապահովենք։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում