Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը 2026-ի հունիսի տվյալներով հասել է շուրջ 1,8 մլն-ի՝ տարեսկզբի համեմատ արձանագրելով մոտ 14 % աճ։ Այս մասին հուլիսի 22-ին ասուլիսի ընթացքում հայտարարել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Սամվել Խարազյանը՝ ներկայացնելով առաջին և երկրորդ եռամսյակների ամփոփիչ ցուցանիշները։
«2026-ի հունվարի 1-ից հետո մեր ապահովագրված քաղաքացիների թվաքանակը ավելացել է շուրջ 14%-ով, և եթե մենք տարեսկզբին խոսում էինք շուրջ 1,6 մլն շահառուների սպասարկման մասին, ապա արդեն հունիս ամսվա տվյալներով մեր շահառուների թիվը շուրջ 1,8 մլն անձ է կազմում»,- նշել է Խարազյանը։
Պաշտոնյայի խոսքով՝ շահառուների աճի հիմնական մասն ապահովվել է վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի հաշվին, հատկապես 200,000 դրամ և բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիների խմբում։
Ըստ հիմնադրամի ղեկավարի ներկայացրած տվյալների՝ հունիսի դրությամբ ապահովագրական փաթեթում ներառված որևէ ծառայությունից կամ դեղորայքից օգտվել է 762,404 մարդ, ինչը նշանակում է, որ ծառայություններ ստացել է գրեթե յուրաքանչյուր երկրորդ ապահովագրված անձը։
Անցած վեց ամիսների ընթացքում հիմնադրամի կողմից արդեն իսկ փոխհատուցվե է ավելի քան 102 մլրդ դրամի ծառայություններ և դեղեր, որոնց գերակշիռ մասն ուղղվել է վիրահատական ծախսերին։
Մեկ շահառուի հաշվով միջին ամսական ծախսը (առանց դեղորայքի) կազմել է մոտ 60,000 դրամ, իսկ հունիս ամսին հասել է 61,000 դրամի։
Բացի այդ, փետրվարից յուրաքանչյուր ամիս համակարգին են միանում միջինում 50,000 նոր շահառուներ, որոնք նախկինում պետական պատվերի կամ դեղորայքային որևէ ծրագրից չեն օգտվել։
Անդրադառնալով համակարգի սոցիալական ազդեցությանը՝ Սամվել Խարազյանը հիշեցրել է նախկինում իրականացված հարցումների արդյունքները, ըստ որոնց՝ քաղաքացիների ավելի քան 20%-ն առողջապահական ծառայություններից չեն օգտվում ֆինանսական պատճառներից ելնելով, իսկ 50-60% էլ ինքնաբուժմամբ են զբաղվում։












