Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարող է վերանվանվել աշխատանքի և բարեկեցության նախարարության։ Այս մասին ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ չորեքշաբթի Հանրային հեռուստաընկերության հեռարձակած հարցազրույցում։
Թորոսյանի խոսքով՝ առաջարկը պայմանավորված է նախարարության գործունեության նոր ընկալմամբ, քանի որ «բարեկեցություն» եզրույթն ավելի ընդգրկուն է, քան միայն սոցիալական հարցերը։ Նրա խոսքով՝ միջազգային փորձը ևս ցույց է տալիս, որ բազմաթիվ երկրներում գործում են բարեկեցության նախարարություններ, իսկ Հայաստանում բովանդակային փոփոխություն չի նախատեսվում. քաղաքացիներին մատուցվող բոլոր ծառայությունները կշարունակվեն։
«Մենք ավելի ընդգրկուն ենք նայելու հարցերին՝ որպես մարդկային բարեկեցությունը մի ամբողջություն»,- ասել է նախարարը՝ նշելով, որ փոփոխությունը նաև խորհրդանշում է աշխատանքի և բարեկեցության միջև կապը։ «Մենք բոլորս ձգտում ենք բարեկեցության, բայց միշտ չի, որ հասկանում ենք, որ դրան հնարավոր է հասնել աշխատանքի միջոցով կամ մեծամասամբ աշխատանքի միջոցով, և, իհարկե, կլինեն քաղաքացիներ, որոնց պետք է աջակցել, և դա մենք անում ենք և անելու ենք»։
Թորոսյանը նշել է, որ վերանվանման առաջարկն արդեն հավանության է արժանացել գործընկերների կողմից, և նախարարությունը հավանաբար մոտ ժամանակներս կստանա նոր անվանում։ Նա ընդգծել է, որ նախարարության կառուցվածքն ու ընթացիկ աշխատանքը շարունակելու են զարգանալ՝ անկախ անվանափոխությունից։












