«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում հարկային ստուգումներն ամբողջությամբ ռիսկերի վերլուծության հիման վրա են արվում, վստահեցնում է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։
«Ընտրովիությունը մեր օրակարգում գոյություն չունի։ Մեր թիրախը ոչ թե անձն է, հատկապես Պետական եկամուտների կոմիտեի, այլ՝ բիզնես իրականացնող տվյալ իրավաբանական անձը»,- «ՍիվիլՆեթ բիզնեսի» տաղավարում ասել է ՊԵԿ նախագահը։
Հուլիսի 6-ին ձերբակալված, իսկ հաջորդ օրը երկու ամսով կալանավորված Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է խարդախության ու փողերի լվացմանն օժանդակելու մեջ, իսկ առանձին վարույթ էլ նախաձեռնվել է ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ։ Իրավապահների գործողությունների հետևանքով «Մուլտի գրուպ»-ի ընկերությունների դռները կապարակնքվել են, և աշխատանքը դադարեցվել է․ կոնցեռնի կազմից ներկայում շարունակում է գործել միայն «Արարատցեմենտ» գործարանը։
ՊԵԿ նախագահի խոսքով՝ Ծառուկյանին պատկանող ընկերություններում իրականացվող հարկային ստուգումների հիմնական մասը նախաձեռնվել է դեռևս անցյալում։ Այդ ստուգումները կազմում են ստվերի բացահայտման ուղղությամբ կոմիտեի կատարած աշխատանքի ընդամենը 1%-ը, իսկ թաքցված հարկերի բացահայտման ընդհանուր ծավալում՝ մինչև 5%-ը:
«Այսինքն, դա նշանակում է, որ մենք չունենք որևէ ընտրովիություն։ Ովքեր ունեն ստվեր, ակնհայտ մեր տիրույթում են և այդ ստուգումները իրականացվում են»,- ասել է Հակոբյանը:
Այլ տնտեսվարողների նկատմամբ իրականացված համանման գործողությունների և արձանագրված խախտումների մասին հարցին ի պատասխան՝ Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ հարկային մարմինների կողմից բացահայտվել է շուրջ 40 մլրդ դրամի ստվերային հարկային պարտավորություն։
ՊԵԿ նախագահը հավաստիացնում է, որ ՊԵԿ-ի գործողություններում որևէ քաղաքական ենթատեքստ կամ ընտրողական վերաբերմունք չկա։
«Միշտ եղել են նման գործընթացներ, դրանց սրությունը որոշում է Քննչական կոմիտեն։ Օրինակ, եթե հարկայինի մասին խոսենք, հիմա բնական է, որ երբ որ մենք ստվեր ենք բացահայտում, ու այդտեղ շղթա է բացահայտվում, օրինակ՝ նույն փոխկապակցված իրավաբանական անձինք են տարբեր ոլորտների, բնական է, որ այդ ստուգումները շարունակվում են։ Հետո ի՞նչ է լինում․ քննություն է իրականացվում, քննության ընթացքում որոշակի հասունության է գալիս պահը, և իրականացվում են գործողություններ։ Իսկ ինչ վերաբերում է գործողությունների խստությանն ու սրությանը, ապա դրանք ավելի շատ քննչական են, և Քննչական կոմիտեն կարող է մեկնաբանել։ Իսկ ընդհանրապես մի կարևոր հարց կա․ ի՞նչ էական է, թե երբ են իրականացվում նման գործողությունները»,- ասել է ՊԵԿ նախագահը։












