Քաղաքացիների կյանքին և առողջությանը սպառնացող անմիջական վտանգի հիմքով՝ Քննչական կոմիտեն կնիքել է «Առինջ մոլ»-ի ավտոկայանատեղին և առևտրի տաղավարները, հայտնում են կոմիտեից:
Ըստ քրեական վարույթով ստացված նոր փորձագիտական եզրակացության՝ նշված հողամասն օտարվել է օրենքի խախտմամբ, իսկ կառույցները փաստացի գտնվում են 110 կՎ բարձր լարման էլեկտրահաղորդման և երկաթուղային գծերի անվտանգության գոտիներում։
«Համաձայն փորձագետի եզրակացության՝ Աբովյան համայնքի գյուղ Առինջ հասցեում գտնվող 3,5 հա մակերեսով հողամասը փաստացի համադրվում է 110 կՎ լարման էլեկտրահաղորդման գծի զբաղեցրած և այդ գծի անվտանգության համար նախատեսված հողամասի հետ, բացի այդ, գտնվում է «Երկաթուղային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 15.1-ին հոդվածի 9-րդ մասով սահմանված՝ Երևան-Աբովյան 1520 մմ ռելսամիջի երկաթուղային գծի պաշտպանական գոտու տարածքում:
Փորձագետը հանգել է այն հետևության, որ գյուղ Առինջ հասցեում գտնվող 3,5 հա մակերեսով հողամասի օտարման գործընթացը կազմակերպվել է առանց հաշվի առնելու տվյալ ժամանակահատվածում գործած ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված պահանջները։
Փորձագետը փաստել է նաև, որ Առինջ հասցեում գտնվող 3,5 հա մակերեսով հողամասում առկա ինքնակամ կառույցները գտնվում են (կառուցված են) բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիներում, ինչպես նաև Երևան-Աբովյան 1520 մմ ռելսամիջի երկաթուղային գծի պաշտպանական գոտիներում։
Այսպիսով, հաշվի առնելով, որ Առինջ հասցեում գտնվող 3,5 հա մակերեսով հողամասում առկա որոշ ինքնակամ կառույցներ, ավտոկայանատեղին և դրան կից առևտրի տաղավարների մի մասը փաստացի անմիջականորեն գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ և դրանց հետագա շահագործումը վտանգ է ներկայացնում քաղաքացիների կյանքի և առողջության համար, անվտանգության նկատառումներից ելնելով՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից կնիքվել են»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։
Հուլիսի 20-ին «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում քննչական գործողություններ էին կատարվել, և որոշ տաղավարի գործունեություն կասեցվել էր։
Հուլիսի 23-ին առևտրի կենտրոնի տաղավարների վարձակալները բողոքի ակցիա են իրականացրել՝ պարզաբանում պահանջելով տաղավարների գործունեության կասեցման համար։
Հուլիսի 6-ին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է երկու ամսով։ Քննչական կոմիտեն հայտարարում է, որ Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կազմակերպելու համար։ Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատանքը ևս կասեցվել է։ Արդեն մի քանի օր է, ինչ աշխատաողները բողոքի ակցիաներ են անում՝ պահանջելով վերականգնել իրենց աշխատանքը։












