Գլխավոր Լրահոս

«Առինջ մոլում» բացահայտել է շուրջ 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ․ ՊԵԿ

«Առինջ մոլում» բացահայտել է շուրջ 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ․ ՊԵԿ

Կոտայքի մարզում գործող Ծառուկյաններին պատկանող «Առինջ մոլում» բացահայտել է շուրջ 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ, հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից։ Ըստ կեմիտեի՝ ընկերությունը պահեստային տարածքների վարձակալությունից և կանխիկ եղանակով գանձված չփաստաթղթավորված հավելյալ գումարներից գոյացած հասույթները չի ներառել հարկային հաշվարկներում՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 492 մլն դրամի վնաս, ինչի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Կոտայքի մարզում առևտրի կենտրոնի գործունեությամբ զբաղվող ընկերությունն առևտրի իրականացման վայրում գտնվող պահեստային տարածքները տրամադրում է վարձակալության, որոնցից գոյացած հասույթները չի արտացոլում հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում։ Նույն տվյալների համաձայն առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը վաճառատեղերի վարձավճարներից բացի յուրաքանչյուր ամիս կանխիկ եղանակով գանձում է նաև հավելյալ գումարներ, որոնք չեն փաստաթղթավորվում օրենսդրությամբ սահմանված կարգով և չեն ներառվում հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում։

Վարչության աշխատակիցները ձեռնարկել են համակողմանի և մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, արդյունքում ստացված օպերատիվ տվյալները հաստատվել են: Հետազոտվել են առևտրի կենտրոնի ներքին հաշվապահական հաշվառման փաստաթղթերը և աշխատանքային համակարգիչներում առկա տեղեկատվությունը, միաժամանակ օպերատիվ հարցման են ենթարկվել առևտրի կենտրոնում գործունեություն իրականացնող մի շարք հարկ վճարողներ, որոնք հայտնել են արժեքավոր տեղեկություններ։ Ձեռք բերված ամբողջ տեղեկությունները մանրամասն վերլուծվել և ուսումնասիրվել են, այնուհետև տվյալները համադրվել են առևտրի կենտրոնի կողմից հարկային մարմին ներկայացրած համապատասխան հարկային հաշվարկներում ներառված տվյալների հետ: Պարզվել է, որ ընկերության կողմից թաքցվել է շուրջ 1,3 մլրդ դրամի հարկման օբյեկտ։ Արդյունքում չի հաշվարկվել և չի վճարվել շուրջ 492 մլն դրամի հարկեր՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ընկերությունում իրականացվող միջոցառումների ընթացքում հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության և հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության աշխատակիցները օպերատիվ հսկողության տակ են պահել նաև առևտրի կենտրոնում գործող խանութների ընթացիկ գործունեությունը և ուշագրավ է այն հանգամանքը, որ այդ օրերին խանութների ընդհանուր ֆիսկալ շրջանառությունը նախորդ ժամանակահատվածի համադրելի օրերի համեմատ կտրուկ ավելացել է շուրջ 110 տոկոսով։

Պետական եկամուտների կոմիտեն առևտրի կենտրոններին և դրանցում գործող հարկ վճարողներին հորդորում է զերծ մնալ հարկային մարմին ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում ակնհայտ կեղծ տվյալներ ներառելու և հարկվող օբյեկտները թերհայտարարագրելու արատավոր վարքագծից։ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հետևողական է լինելու նման արատավոր երևույթները կանխելու և դրանց կազմակերպիչներին բացահայտելու հարցում։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում