Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գագիկ Ծառուկյանի և ընկերության գլխավոր տնօրեն Ս․ Ա․-ի նկատմամբ։ Ըստ քննչական կոմիտեի՝ նրանք բռնության սպառնալիքով լիբանանահայ գործարարից շորթել են ոսկյա զարդերի վաճառքով զբաղվող համատեղ ընկերության 2,5 մլն դոլար արժողությամբ 50 տոկոս բաժնեմասը, ապա օրինականացրել հանցավոր ճանապարհով ձեռք բերված այդ գույքը։
«Առերևույթ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը 2008-ի ընթացքում ծանոթացել է լիբանանահայ գործարար Գ․Թ․-ի հետ և առաջարկել համատեղ իրականացնել ոսկյա զարդերի վաճառքի գործունեություն:
Նշված գործունեությունը ծավալելու նպատակով ընկերությունը 2009-ին պետական գրանցում է ստացել, որտեղ 50-ական տոկոս բաժնեմասերով բաժնետերեր են գրանցվել Գագիկ Ծառուկյանը և Գ․Թ․-ն, իսկ ընկերության գլխավոր տնօրեն է ընտրվել Սեդրակ Առուստամյանը։
Դրան զուգահեռ, 2009-ի կեսերին Գ․Թ․-ն Գագիկ Ծառուկյանին առաջարկել է Կոտայքի մարզի Ակունք գյուղում հիմնել խմելու ջրի գործարան՝ պայմանավորվելով հողը միասին գնել Ակունք գյուղում, որից հետո Գագիկ Ծառուկյանը պարտավորվել է կառուցել գործարանի շենքը, իսկ Գ․Թ․-ն՝ կազմակերպել հոսքագծի գնումը և ՀՀ տեղափոխումը:
2009-ի դեկտեմբերից մինչև 2010-ի օգոստոսի 5-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Գ․Թ․-ի կողմից ՀՀ է ուղարկվել ջրերի գործարանի գործարկման համար անհրաժեշտ 19 սարքավորումներ, իսկ փաթեթավորման սարքավորումը սահմանված ժամկետներում հնարավոր չի եղել առաքել՝ մատակարար ընկերության դրսևորած անգործության պատճառով։
Դրանից հետո՝ 2010-ի օգոստոսի 17-ին, Սեդրակ Առուստամյանն ու Գագիկ Ծառուկյանը խմբի կազմում, Գ․Թ․-ին պատկանող բաժնեմասը շորթման եղանակով հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, Գագիկ Ծառուկյանի Առինջ գյուղում գտնվող առանձնատան այգում Գ․Թ․-ի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել են ստորագրել փաստաթղթեր, ինչի ազդեցության ներքո Գ․Թ․-ն նույն օրը նոտարի մոտ ստորագրել է պարտավորագիր և տվել լիազորագիր, որոնց հիման վրա 2011-ի մարտի 14-ին նրա կողմից լիազորված անձ Հ․Գ․-ի և Ս․Ա․-ի միջև կնքվել է «Բաժնեմասի առուվաճառքի մասին» պայմանագիր, որով Սեդրակ Առուստամյանին է փոխանցվել ընկերության Գ․Թ․-ի կանոնադրական կապիտալում ունեցած 50 տոկոս բաժնեմասը` այդ կերպ բռնություն գործադրելու սպառնալիքով կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2,5 մլն դոլարի շորթում:
Այնուհետև, Գագիկ Ծառուկյանը և Սեդրակ Առուստամյանը, նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել ոսկյա զարդերի և ընկերության 50 տոկոս բաժնեմասի հանցավոր ծագումը, դրա գործունեությունը կապել են իրենց հետ փոխկապակցված ընկերությունների օրինական շրջանառություններին, իսկ ոսկյա զարդերն իրենց այլ օրինական եկամուտներին: Այսպիսով՝ օրինական գործարքի միջոցով փաստացի թաքցվել և խեղաթյուրվել է ընկերության նկատմամբ իրավունքի հանցավոր ծագումն ու իրական բնույթը՝ շորթմամբ ձեռք բերելու հանգամանքը՝ այդ կերպ կատարելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:
Հավաքված ապացույցների հիման վրա Գագիկ Խառուկյանի և Սեդրակ Առուստամյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով շորթումը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը՝ փողերի լվացումը):
Նկատի ունենալով, որ Քննչական կոմիտեում քննվող մեկ այլ քրեական վարույթով Գագիկ Ծառուկյանը և Սեդրակ Առուստամյանը կալանավորված են, նրանց նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է» - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսին քարոզարշավի ընթացքում հրապարակայնորեն սպառնացել էր ունեզրկել ընդդիմադիր գործիչ Գագիկ Ծառուկյանին։
Հուլիսի 6-ին իրավապահները խուզարկություններ էին իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանողմի շարք ձեռնարկություններում, ինչից հետո Ծառուկյանը կալանավորվել է։ Կապարակնքվել են նրան պատկանող մի շարք ձեռնարկություններ։












