2026-ի յոթ ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահվան դեպք, որից 11-ը պաշտոնապես համարվել են զինվորական ծառայության հետ կապված, իսկ 19-ը՝ չկապված։ Սրանք Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքներն են, որոնք հրապարակվել են կառույցի պաշտոնական կայքում։
2026-ի հուլիսի 21-ին ՀՀ զինված ուժերում արձանագրվեց զինծառայողի մահվան հերթական դեպքը, որի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ վարույթի շրջանակում կալանավորվել են վերջինիս համածառայակից կրտսեր սերժանտ և շարքային զինծառայող, ում նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
Նշվում է, որ դեռևս 2019-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազությանն ու ՀՀ քննչական կոմիտեին, պարզելու, թե ինչ հանգամանքներ են ընկած դասակարգումների հիմքում։
Ըստ ՀՀ զինվորական դատախազության կողմից Կազմակերպությանը տրամադրված տեղեկատվության՝ զինծառայողների մահվան դեպքերը զինվորական ծառայության հետ կապված կամ չկապված դասակարգելիս «…հաշվի են առնվում իրադրությունը, դեպքի կոնկրետ հանգամանքները եւ մահվան պատճառի առնչությունը ծառայողական պարտականությունների կատարման հետ»։
ՀՀ քննչական կոմիտեի կողմից Կազմակերպությանը տրամադրված տեղեկության համաձայն՝ «…յուրաքանչյուր դեպքով վարույթն իրակացնող քննիչի կողմից դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ ուսումնասիրության և քննության արդյունքում հաստատված փաստական տվյալների հիման վրա է միայն հետևություն արվում՝ մահվան դեպքի զինծառայության հետ կապված լինելու կամ չլինելու համգամանքը»։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ զինված ուժերում մահացության դեպքերը պետք է դասակարգել միայն ըստ երկու մեծ ենթախմբերի. մարտական՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով և ոչ մարտական՝ մյուս բոլոր պայմաններում մահվան դեպքերի: Անկախ այն հանգամանքից, թե զինծառայողը զինվորական ծառայության վայրում է մահացել, թե ոչ՝ դեպքը պետք է դիտարկվի որպես զինված ուժերի կորուստ, քանի որ յուրաքանչյուր զինծառայողի մահվան փաստը պետք է դիտարկել մարդու իրավունքների պաշտպանության՝ պետության պարտավորության տեսանկյունից:
Այսպիսով, զինված ուժերում մահվան դեպքերը Կազմակերպության կողմից գնահատվում են ըստ զինվորական ծառայության իրականացման մեջ հաշվառված լինելու հանգամանքի:
2026-ին զինծռայողների մահացության բոլոր դեպքերը ոչ մարտական պայմաններում են։ Ավելին, վերջին մոտ երկուսուկես տարվա (2 տարի և 5 ամիսների) ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացության դեպքեր ՀՀ զինված ուժերում չեն արձանագրվել․ վերջինը 2024-ի փետրվարին տեղի ունեցած դեպքն էր, երբ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացան Երկրապահ կամավորական միության չորս անդամներ։ Չնայած 2024 թ. փետրվարից ի վեր հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացության դեպքեր չեն արձանագրվել, սակայն Զինված ուժերում զինծառայողների մահացության դեպքերը 2018-2015-ի ընթացքում ավելացել է 2010-2017-ի համեմատ։
2026-ին ոչ մարտական պայմաններում 30 զինծառայողների մահացության դեպքերի ավելի քան մեկ երրորդ մասը (մոտ 37 %-ը) ինքնասպանության և սպնության հետևանքով դեպքերն են։ Ընդ որում, ինքնասպանության 8 դեպքերից 6-ը և սպանության 3 դեպքերից 2-ը զինվորական ծառայության հետ կապված դեպքերն են:
Վերլուծելով զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանության վիճակը ՀՀ զինված ուժերում, անդրադառնանք 2010-ից մինչև 2025-ը ՀՀ զինված ուժերում (մինչև 2023-ը նաև ԱՀ պաշտպանության բանակում) զինծառայողների մահացության դեպքերին ու դրանց պատճառներին՝ ներկայացնելով դրանք ըստ երկու ժամակահատվածի՝ մինչև 2018-ի «Թավշյա» հեղափոխությունը (2010-2017-ի) և դրանից հետո (2018-2025-ի) ընկած 8 տարիների ընթացքում։
Նշենք, որ ներկայացվող տվյալներում ներառված չեն 2016, 2022, 2023 թվականներին Ադրբեջանի սանձազերծած պատերազմական և մարտական գործողությունների հետևանքով մահացության դեպքերը։
Այսպես, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրությունների համաձայն 2010-2017-ի ընթացքում ՀՀ և ԱՀ զինված ուժերում մահացել է 462 զինծառայող, ընդ որում մահացության 163 դեպքերը (35%) հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, իսկ 299-ը (65 %)՝ ոչ մարտական պայմաններում։
2018-2025-ի ընթացքում արձանագրվել է զինծառայողների մահացության 511 դեպք, որից 84-ը (16 %) մարտական պայմաններում, իսկ 427-ը (84 %)՝ ոչ մարտական:
2018-2025-ի ընթացքում 2010-2017-ի ժամանակահատվածի համեմատ մահացության դեպքերի թիվն ավելացել է շուրջ 11 տոկոսով, ընդ որում նույն՝ 2018-2025-ի ընթացքում ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահացության դեպքերի թիվն ավելացել է 45 տոկոսով (49 մահվան դեպքով)։
Սա վկայում է այն մասին, որ զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանության ոլորտում պահպանվում են համակարգային խնդիրներ, որոնք պահանջում են հրատապ, արդյունավետ կանխարգելիչ և վերահսկողական միջոցառումների իրականացում։
Ինչ վերաբերում է ինքնասպանության և սպանության հետևանքով մահացության դեպքերին, ապա 2010-2017-ին արձանագրվել է նշված պատճառներով 131 զինծառայողի մահացության դեպք, որը կազմում է ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահացության դեպքերի թվի 45 տոկոսը։
Իսկ 2018-2025-ի ընթացքում ինքնասպանության և սպանության հետևանքով արձանագրվել է զինծառայողների մահացության 120 դեպք, որը կազմում է ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահացության թվի 28 տոկոսը։
Չնայած ինքնասպանության և սպանության հետևանքով մահացության դեպքերի թիվը 2018-2025-ի ընթացքում 2010-2017-ի համեմատ նվազել է 11-ով, սակայն նման պատճառներով զինծառայողների մահացության դեպքերը առկայությունն արդեն իսկ վկայում է պետության կողմից զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանության ոչ բավարար մակարդակի մասին։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանության վիճակը ՀՀ զինված ուժերում՝ հրապարակելով զեկույցներ ու տեղեկանքներ, մշակելով օրենսդրության և պրակտիկայի փոփոխության վերաբերյալ առաջարկություններ ուղղված պաշտպանական գերատեչությանը և քննչական մարմիններին։
ԶՈւ մահացության դեպքերը 2010-2017-ին
Ընդհանուր՝ 462
Մարտական՝ 163
Ոչ մարտական՝ 299












