Տասնամյակներ շարունակ համաշխարհային անվտանգության վերաբերյալ քննարկումների կենտրոնում եղել է այն հարցը, թե ով է վերահսկում աշխարհի կարևորագույն ծովային նեղուցները՝ Հորմուզի, Բաբ էլ-Մանդեբի և Մալակկայի նեղուցները։ Այս նեղ ջրային ուղիները կապում են Մերձավոր Արևելքի էներգետիկ ռեսուրսները, Ասիայի արտադրական կենտրոնները և Եվրոպայի ու Հյուսիսային Ամերիկայի սպառողական շուկաները։ Այս թեմայի մասին է գրում իսրայելական The Jerusalem Post թերթը (հոդվածագիր՝ Փաուշալի Լաս)։
Առաջիկա տասնամյակների գլխավոր հարցը, թերևս, այլևս այն չէ, թե ով է վերահսկում Հորմուզի, Բաբ էլ-Մանդեբի և Մալակկայի նեղուցները, այլ թե ով կարող է օգնել դրանք բաց պահել։ Հենց այստեղ էլ Հնդկաստանի դերը գնալով ավելի կարևոր է դառնում։
Իսրայելի, Միացյալ Նահանգների և Եվրոպական միության համար Հնդկաստանն այլևս պարզապես տնտեսական աճի պատմություն կամ վերելք ապրող ռազմական գերտերություն չէ։ Այն աստիճանաբար ձևավորվում է որպես ռազմավարական գործընկեր, որն ունակ է ամրապնդել համաշխարհային ծովային համակարգը մի ժամանակաշրջանում, երբ առևտրային ուղիները, էներգետիկ անվտանգությունն ու աշխարհաքաղաքական կայունությունը աճող ճնշման ներքո են՝ հատկապես ԱՄՆ–Իսրայել–Իրան վերջին պատերազմի հետևանքով։
Աշխարհի քարտեզին մեկ հայացքն արդեն իսկ պարզ ցույց է տալիս Հնդկաստանի գլխավոր առավելությունը՝ նրա աշխարհագրական դիրքը։ Հնդկական օվկիանոսի կենտրոնական հատվածում՝ Հնդկաստանը տեղակայված է Մերձավոր Արևելքի էներգիա արտադրող տարածաշրջանների, Աֆրիկայի զարգացող տնտեսությունների և Արևելյան Ասիայի արդյունաբերական հզոր կենտրոնների միջև։ Նրա արևմտյան ափերը նայում են դեպի Պարսից ծոցն ու Կարմիր ծովը կապող ծովային ուղիները, իսկ Հնդկաստանին պատկանող Անդամանյան և Նիկոբարյան կղզիները ռազմավարական հասանելիություն են ապահովում դեպի Մալակկայի նեղուց՝ Հնդկական և Խաղաղ օվկիանոսները միացնող գլխավոր ծովային դարպասը։
Քիչ երկրներ ունեն այնպիսի բնական աշխարհագրական դիրք, որը նրանց հնարավորություն է տալիս այսքան մեծ ազդեցություն ունենալ համաշխարհային առևտրի երթուղիների վրա։
Այս աշխարհագրական դիրքը կարևոր է, քանի որ համաշխարհային տնտեսությունը հիմնված է ծովային կապուղիների վրա։ Կարմիր ծովում ցանկացած խափանում անմիջապես անդրադառնում է եվրոպական բեռնափոխադրումներին։ Պարսից ծոցի շուրջ անկայունությունը ազդում է էներգակիրների միջազգային գների վրա, իսկ Հնդկական օվկիանոսում առաջացող սպառնալիքները խաթարում են մատակարարման շղթաներն Ասիայում։
Կարմիր ծովում հութիների կողմից առևտրային նավերի վրա հարձակումները հստակ ցույց տվեցին այս իրողությունը։ Հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա ծագած հակամարտությունը կարող է կարճ ժամանակում բարձրացնել բեռնափոխադրումների ծախսերը, խաթարել մատակարարման շղթաները և ամբողջ աշխարհին հիշեցնել իր խոցելիության մասին։
Աճող հնարավորություններ
Հնդկաստանը գնալով ավելի հստակ է դիրքավորվում որպես երկիր, որն ունակ է արձագանքել այս մարտահրավերներին։
Տնտեսական առումով Հնդկաստանն արդեն աշխարհի կարևորագույն էներգետիկ շուկաներից մեկն է։ Այն աշխարհում նավթի սպառմամբ երրորդն է, հեղուկացված բնական գազի (LNG) խոշորագույն ներկրողներից մեկը և նավթի վերամշակման առաջատար երկրներից։ Ներկայում Հնդկաստանի նավթավերամշակման ընդհանուր հզորությունը կազմում է տարեկան մոտ 258 միլիոն տոննա, իսկ մինչև 2030-ը նախատեսվում է այն հասցնել շուրջ 310 միլիոն տոննայի։
Ծոցի արաբական երկրները կախված են հուսալի էներգետիկ շուկաներից, և Հնդկաստանը նրանց արտահանման ամենախոշոր ու ամենաարագ աճող ուղղություններից մեկն է։ 2024-2025 ֆինանսական տարում Հնդկաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի (GCC) անդամ երկրների միջև առևտրաշրջանառությունը հասել է 178 մլրդ դոլարի, ինչը վկայությունն է Հնդկաստանի և Մերձավոր Արևելքի տնտեսական փոխկախվածության խորության։
Սակայն առավել ուշագրավն այն է, որ Հնդկաստանի նշանակությունը վաղուց դուրս է եկել միայն էներգիայի խոշոր սպառողի դերից. այն աստիճանաբար դառնում է նաև ծովային անվտանգության ապահովման կայունացնող ուժ։
2008-ից, երբ Հնդկաստանը սկսեց համակարգված հակածովահենային գործողություններ Ադենի ծոցում, նրա ռազմածովային ուժերն աջակցեցին միջազգային ծովային երթուղիների անվտանգությանը՝ պաշտպանելով հազարավոր առևտրային նավեր և տասնյակ հազարավոր նավաստիների։ 2024-ին, երբ ծովային հարձակումներն աճեցին, Հնդկաստանը տարածաշրջան ուղարկեց ավելի քան 30 ռազմանավ, արձագանքեց բազմաթիվ միջադեպերի, փրկեց հարյուրավոր մարդկանց՝ անկախ նրանց քաղաքացիությունից, և ուղեկցեց միլիարդավոր դոլարների բեռ տեղափոխող առևտրային նավերի։
Բացի այդ, Հնդկաստանը զարգացնում է Նիկոբարյան կղզիների ռազմական ենթակառուցվածքները՝ ամրապնդելու իր դիրքերը Մալակկայի նեղուցի մերձակայքում և հակազդելու Հնդկական օվկիանոսում Չինաստանի աճող հավակնություններին։ Այս գործողությունները վկայում են մի կարևոր իրողության մասին. Հնդկաստանը ոչ միայն օգտվում է համաշխարհային առևտրից, այլև գնալով ավելի մեծ դեր է ստանձնում դրա պաշտպանության գործում։ Իսրայելի, Եվրոպայի և Միացյալ Նահանգների համար այս տարբերակումը կարևոր նշանակություն ունի։
Ապագայի անվտանգությունը կախված կլինի ոչ միայն առաջադեմ սպառազինությունից կամ ռազմական դաշինքներից։ Այն նույնքան կախված կլինի մատակարարման ամուր շղթաներից, անվտանգ էներգետիկ երթուղիներից և վստահելի գործընկերների կարողությունից՝ ապահովելու նավարկության ազատությունը։ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի և Իրանի միջև շարունակվող լարվածությունը ևս մեկ անգամ ընդգծում է այս իրողությունը։
Բացի աշխարհագրական դիրքից, Հնդկաստանը եզակի ռազմավարական առավելություններ ունի։ Այն ունի խոշոր տնտեսություն, ընդլայնվող ռազմածովային ուժեր, աճող արդյունաբերական ներուժ և գործընկերային հարաբերություններ աշխարհի տարբեր տարածաշրջանների հետ։ Հնդկաստանը սերտ կապեր է պահպանում Պարսից ծոցի երկրների հետ, խորացնում է հարաբերությունները Իսրայելի հետ, ունի երկարամյա ռազմավարական գործընկերություն Միացյալ Նահանգների հետ և ակտիվացնում է համագործակցությունը Աֆրիկայի ու Եվրոպայի հետ։
Թեև Իրանի և Ռուսաստանի հետ Հնդկաստանի շարունակական առևտրային ու դիվանագիտական հարաբերությունները միշտ չէ, որ համընկնում են արևմտյան գործընկերների նախընտրությունների հետ, այս ռազմավարական ինքնուրույնությունը կարող է նաև առավելություն լինել։ Մրցակցող տերությունների հետ երկխոսությունը պահպանելու Հնդկաստանի կարողությունը նրան տալիս է դիվանագիտական ճկունություն, որով քչերն են օժտված խոշոր տնտեսությունների շարքում։ Քիչ երկրներ են ի վիճակի միաժամանակ գործել այսքան տարբեր ռազմավարական ուղղություններում։
Հնդկաստան–Իսրայել համագործակցությունը
Սա հատկապես կարևոր է Իսրայելի համար։ Հնդկաստանի և Իսրայելի հարաբերություններն արդեն վաղուց դուրս են եկել ավանդական ռազմական համագործակցության շրջանակներից։ Իսրայելը Հնդկաստանի համար դարձել է կարևոր տեխնոլոգիական գործընկեր, իսկ Հնդկաստանն Իսրայելին առաջարկում է արդյունաբերական մասշտաբ և արտադրական հզորություններ։ Վերջերս հնչած հայտարարությունը, որ Rafael ընկերությունը ծրագրում է Հնդկաստանում արտադրել Iron Dome հակաօդային պաշտպանության համակարգի խոցող հրթիռներ, վկայում է այս համագործակցության նոր փուլի մասին. այն անցում է կատարում պատրաստի սպառազինություն ձեռք բերելու մոդելից դեպի ռազմավարական համակարգերի համատեղ մշակում և արտադրություն։ Այս մոդելը արտացոլում է ժամանակակից պաշտպանական ոլորտում տեղի ունեցող ավելի լայն փոփոխությունները։
Այս գործընկերության նշանակությունը չի սահմանափակվում միայն Հնդկաստանով և Իսրայելով։ Այն ցույց է տալիս ժամանակակից պաշտպանության ոլորտում ավելի լայն միտում. միայն նորարարությունն այլևս բավարար չէ։ Երկրներին անհրաժեշտ են նաև արտադրական կարողություններ, հուսալի մատակարարման շղթաներ և տեխնոլոգիաները արագ մասշտաբավորելու հնարավորություն։ Նույն տրամաբանությունը վերաբերում է ծովային անվտանգությանը։
Հորմուզի նեղուցի նման խոցելի ռազմավարական ծովային ուղիներից համաշխարհային կախվածության նվազեցումը չի նշանակում մեկ գիշերում փոխարինել գործող երթուղիները։ Դա նշանակում է բարձրացնել համակարգի դիմակայունությունը։ Էներգիայի մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացումը, ծովային գործընկերությունների ամրապնդումը, ենթակառուցվածքների ընդլայնումը և անվտանգ այլընտրանքային միջանցքների ստեղծումը նվազեցնում են անկայունության ազդեցությունը համաշխարհային առևտրի վրա։
Քանի որ Հնդկաստանը ընդլայնում է իր ծովային գործընկերությունները Հնդկական օվկիանոսում, Աֆրիկյան եղջյուրը արժանի է ավելի մեծ ռազմավարական ուշադրության։ Այդ տարածաշրջանի կենտրոնում է Բաբ էլ-Մանդեբի նեղուցը՝ աշխարհի կարևորագույն ծովային ռազմավարական ուղիներից մեկը, որը կապում է Հնդկական օվկիանոսը Կարմիր ծովին և Միջերկրական ծովին։ Սակայն այն արդեն ենթարկվում է Իրանի տարածաշրջանային դաշնակիցների ճնշմանը։
Աֆրիկյան եղջյուրի և Կարմիր ծովի անվտանգության հարցերով փորձագետ, էրիթրեական սփյուռքի ներկայացուցիչ դոկտոր Հաբթոմ Գեբրեզգիաբհերը նախազգուշացնում է, որ Իրանի դաշնակիցները պատրաստ են խաթարել նավագնացությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցով և Հնդկական օվկիանոսի որոշ հատվածներում։
Աֆրիկյան եղջյուրը կարող է դառնալ Հնդկաստանի, Իսրայելի և համախոհ գործընկերների համագործակցության կարևոր հարթակ։
Էրիթրեան նպատակ ունի դառնալ համաշխարհային տնտեսությանն ավելի սերտ ինտեգրված երկիր, որը Հնդկաստանի, Իսրայելի և եվրոպական գործընկերների հետ համատեղ աշխատում է ծովային անվտանգության և տարածաշրջանային կապակցվածության ամրապնդման ուղղությամբ։ Նման գործընկերությունը կուժեղացնի Բաբ էլ-Մանդեբի նեղուցի անվտանգությունը և կօգնի պաշտպանել այն ծովային ուղիները, որոնցից կախված են բոլոր երեք տարածաշրջանները։
Ավելի դիվերսիֆիկացված ծովային և էներգետիկ ցանցը կնվազեցնի նաև Հորմուզի նեղուցից կախվածության հետևանքով ձևավորված ռազմավարական լծակները, որոնք ներկայում համաշխարհային ուշադրության կենտրոնում գտնվող ամենալարված կետերից մեկն են։ Երբ գոյություն ունեն այլընտրանքային ուղիներ, Իրանի կամ որևէ այլ պետության կարողությունը՝ սպառնալու համաշխարհային առևտրին, զգալիորեն սահմանափակվում է՝ նպաստելով, որ համաշխարհային առևտրային երթուղիները մնան կայուն՝ անկախ քաղաքական լարվածությունից։
Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից Հնդկական օվկիանոսով և Կարմիր ծովով դեպի Իսրայել ու Եվրոպա ձգվող ծովային միջանցքի անվտանգությունը վճռորոշ նշանակություն կունենա համաշխարհային տնտեսական կապակցվածության հաջորդ փուլի համար։ Այս ցանցի կենտրոնում Հնդկաստանն իր ռազմավարական դիրքի շնորհիվ կարևոր դեր կխաղա այդ ուղիների պաշտպանության գործում։ Ավելի անվտանգ միջանցքը կմիավորի Հնդկաստանի արտադրական ներուժը, Պարսից ծոցի էներգետիկ ռեսուրսները, Իսրայելի տեխնոլոգիական կարողությունները, եվրոպական շուկաները և Աֆրիկայի զարգացման հնարավորությունները։
21-րդ դարը կձևավորեն նրանք, ովքեր կկարողանան պաշտպանել համաշխարհային կապակցվածությունը։
Իսրայելի, Միացյալ Նահանգների և նրանց գործընկերների համար Հնդկաստանի ծովային նշանակության ճանաչումը պարզապես հերթական աճող տերությանը աջակցելու հարց չէ։ Դա ավելի անվտանգ, ավելի դիվերսիֆիկացված և ավելի դիմակայուն համաշխարհային կարգի ձևավորման մեջ ներդրում կատարելու մասին է։
Հնդկաստանի «ծովային պահը» միայն Հնդկաստանի մասին չէ։ Այն վերաբերում է մի աշխարհի, որտեղ օվկիանոսները կմնան բաց, անվտանգ և դիմակայուն՝ հարկադրանքի ու հակամարտությունների պայմաններում։












