Գլխավոր Լրահոս

Կադիրովի հիմնադրամը նախատեսում է օգնություն տրամադրել Գազայի մեկ միլիոն բնակչի

Գազայում մարդասիրական օգնության բաշխումը

Գազայում մարդասիրական օգնության բաշխումը

Կադրը՝ տեսանյութից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Ախմատ Կադիրովի անվան հասարակական հիմնադրամը մարդասիրական առաքելություն է սկսել Գազայում՝ նպատակ ունենալով օգնություն ցուցաբերել մեկ միլիոն մարդու։

Կադիրովը հուլիսի 25-ին հայտնել է, որ սննդամթերքի առաջին խմբաքանակն արդեն հասցվել է տեղահանվածների ճամբարներ։ Նրա խոսքով՝ այն ներառում է 40-ական տոննա ալյուր, շաքար, մակարոն, բրինձ և ոսպ՝ ընդհանուր շուրջ 200 տոննա սննդամթերք։

Մարդասիրական գործողությունը կազմակերպվել է հիմնադրամի նախագահ և Ռամզան Կադիրովի մայր Այմանի Կադիրովայի հանձնարարությամբ։ Կադիրովի խոսքով՝ օգնությունը բաշխվում է տեղական բարեգործական կազմակերպությունների և կամավորների միջոցով։

Մինչ այժմ անկախ աղբյուրները չեն հաստատել ոչ առաքված օգնության ծավալները, ոչ էլ այն, թե իրականում քանի մարդ է ստացել այդ աջակցությունը։

Ախմատ Կադիրովի անվան հասարակական հիմնադրամը պարբերաբար հայտարարում է Ռուսաստանից դուրս իրականացվող մարդասիրական ծրագրերի մասին։ 2023-ի աշնանը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի սկսվելուց հետո Չեչնիայի իշխանությունները բազմիցս հայտնել են Գազա օգնություն ուղարկելու մասին։

2023-ի հոկտեմբերին Կադիրովը հայտարարել էր, որ պաղեստինցիներին հասցվել են դեղորայք, սննդամթերք և առաջին անհրաժեշտության այլ պարագաներ։ Ավելի ուշ հիմնադրամը տեղեկացրել էր նաև սննդամթերքի նոր խմբաքանակների մատակարարման և փախստականների ճամբարներում տաք սնունդ բաժանելու մասին։

Գազայի բնակիչներին աջակցելու մասին այս հայտարարություններին զուգահեռ Կադիրովը բազմիցս քննադատել է Իսրայելի ռազմական գործողությունները։

2023-ի հոկտեմբերին նա կոչ էր արել մահմեդական մեծամասնություն ունեցող երկրներին ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ մարտական գործողությունները դադարեցնելու համար, ինչպես նաև հայտարարել էր, որ Չեչնիայի ստորաբաժանումները պատրաստ են մասնակցել խաղաղապահ առաքելությանը, եթե Ռուսաստանի իշխանությունը նման որոշում կայացնի։ Կրեմլը, որը վաղուց բարդ հարաբերություններ ունի Իսրայելի հետ, չի աջակցել այդ առաջարկներին։

2025-ին Չեչնիայի իշխանություններն արգելեցին պաղեստինցիների օգտին դրամահավաք կազմակերպելու մասնավոր նախաձեռնությունները։ Պաշտոնյաները դա հիմնավորեցին նրանով, որ օգնությունը պետք է «կենտրոնացվի»՝ «չարաշահումները կանխելու համար»։

Կարճ ժամանակ անց, սակայն, մի շարք կազմակերպությունների կրկին թույլատրվեց զբաղվել բարեգործությամբ, իսկ «մարդասիրական առաքելության» վերահսկողությունը պաշտոնապես հանձնվեց Կադիրովի որդուն՝ Ադամ Կադիրովին։

Ախմատ Կադիրովի անվան հասարակական հիմնադրամը ստեղծվել է 2004-ին՝ Չեչնիայի առաջին նախագահ Ախմատ Կադիրովի սպանությունից հետո։

Թեև այն պաշտոնապես գրանցված է որպես բարեգործական կազմակերպություն, հիմնադրամը կարևոր դեր է խաղում հանրապետության քաղաքական կյանքում։ Այն ֆինանսավորում է սոցիալական և կրոնական կառույցների շինարարությունը, աջակցում Ուկրաինայում կռվող ռուս զինվորների ընտանիքներին և մասնակցում միջազգային մարդասիրական ծրագրերի։

Միևնույն ժամանակ, հիմնադրամը չի հրապարակում մանրամասն ֆինանսական հաշվետվություններ, իսկ իրավապաշտպան կազմակերպություններն ու անկախ լրագրողները բազմիցս հարցականի տակ են դրել դրա ֆինանսավորման թափանցիկությունը։

Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժման մեկնարկից ի վեր հիմնադրամը նաև պարբերաբար հայտնել է ռուսական բանակի, այդ թվում՝ պատերազմին մասնակցող չեչենական ստորաբաժանումների համար ռազմական տեխնիկա, պաշտպանիչ հանդերձանք, տրանսպորտային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու մասին։

Միաժամանակ այն շարունակում է հանրային մակարդակում ներկայանալ որպես Հյուսիսային Կովկասի խոշորագույն բարեգործական կազմակերպություններից մեկը։

Այմանի Կադիրովան առաջին անգամ ԱՄՆ պատժամիջոցների տակ է հայտնվել 2023-ի հունիսին, մինչդեռ հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվում են դեռևս 2020-ից։

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում