Սանիտարական գրքույկն ու բուժզննությունը դառնում են պարտադիր. ՍԱՏՄ-ն խստացնում է առաքիչների վերահսկողությունը

2026-ի օգոստոսի 1-ից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) վերահսկողություն կսկսի սննդամթերքի առաքման ոլորտում․ պարտադիր բուժզննություն չանցած և սանիտարական գրքույկ չունեցող առաքիչների գործատուները կենթարկվեն վարչական պատասխանատվության, հայտնում են ՍԱՏՄ-ից:
«Դեռևս տարեսկզբին, նկատի ունենալով հանրության կողմից սննդամթերքի առաքման ծառայություններից ավելի հաճախ օգտվելու հանգամանքը, ինչպես նաև արձագանքելով քաղաքացիներից ստացվող բողոքների ու ահազանգերի մտահոգիչ քանակին, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացրեց առաքում իրականացնող կազմակերպություններին, որ սկսելու է լայնածավալ վերահսկողություն այս դաշտում:
Հստակեցվել էր, որ առաքում իրականացնող անձանց նախնական ու պարբերական բժշկական զննության ենթարկված չլինելու և սանիտարական (բժշկական) գրքույկի բացակայության դեպքում վերջիններս կկրեն վարչական պատասխանատվություն. նրանց գործատուի պարտականությունն է ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերում սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցների բժշկական զննության ենթարկվելը:
Առաքում իրականացնող գործընկեր-կազմակերպությունների հետ կազմակերպված հանդիպման ընթացքում նրանք խնդրեցին տրամադրել ժամկետ իրենց առաքիչների (2-3 հազար) համար բուժզննության և սանիտարական (բժշկական) գրքույկի ձեռքբերման ամբողջական գործընթացն ավարտելու համար:
Ընդառաջելով խնդրանքին՝ տեսչական մարմնի կողմից սահմանվեց ողջամիտ ժամկետ»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ կհրապարակվեն ոչ միայն խախտումները, այլև այն գործընկեր-կազմակերպությունների անունները, որոնք բարեխղճորեն կատարած կլինեն օրենքի պահաջը:










