Գլխավոր Լրահոս

Լատվիան չի արգելել հայկական թեյի ներմուծումը՝ վրիպակ է եղել

Լատվիան չի արգելել հայկական թեյի ներմուծումը՝ վրիպակ է եղել

Հայաստանյան լրատվամիջոցներում հոկտեմբերի 18-ից տարածվում է տեղեկություն, որ Լատվիան արգելել է Հայաստանից կանաչ թեյի խմբաքանակի ներմուծումը՝ դրանում վտանգավոր թունաքիմիկատների հայտնաբերման պատճառով։

«Հաղորդվում է, որ 8810 համարի խմբաքանակում հայտնաբերվել է տոլֆենպիրադ, որի կիրառումը ԵՄ-ում արգելված է։ Բացի այդ, նշվում էր, որ լյամբդա-ցիհալոտրինի և թիամեթոքսամի պարունակությունը գերազանցել է առավելագույն թույլատրելի մակարդակները»,- գրել են լրատվամիջոցները՝ որպես տեղեկության սկզբնաղբյուր նշելով Լատվիայի սննդի և անասնաբուժության ծառայությանը։

Լատվիական գերատեսչությունն իսկապես հոկտեմբերի 14-ին նման հաղորդագրություն էր հրապարակել՝ նշելով թեյերի հայկական ծագման մասին։ Սակայն ինչպես #CivilNetCheck-ին հայտնեցին Լատվիայի սննդի և անասնաբուժության ծառայությունից, հաղորդագրությունում սխալ է թույլ տրվել։ Իրականում թեյը չինական ծագման է և Լատվիա է ներմուծվել Ուզբեկստանից։

Ծառայությունն արդեն ուղղել է պաշտոնական հաղորդագրությունը՝ շտկելով թեյի ծագման երկրի վերաբերյալ սխալ տեղեկությունը։

Ի՞նչ էր հաղորդվել

Հոկտեմբերի 14-ին Լատվիայի սննդի և անասնաբուժության ծառայությունը հաղորդագրություն էր հրապարակել՝ հայտնելով, որ սահմանային վերահսկողության ընթացքում հայկական ծագման կանաչ թեյում հայտնաբերվել են թունաքիմիկատների մնացորդներ։ Հաղորդվել էր, որ հայտնաբերված խախտումների մասին լատվիական ծառայությունը տեղեկացրել է Սննդամթերքի և կերի արագ ահազանգման եվրոպական համակարգին (RASFF)։

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է Եվրահանձնաժողովի Սննդամթերքի և կերի արագ ահազանգման համակարգում հրապարակված տվյալները (RASFF), սակայն Լատվիայի ներկայացրած՝ 2026.9014 համարով ծանուցման մեջ թեյի ծագման երկիր նշված է Չինաստանը, ոչ թե Հայաստանը։

Ծանուցումը գրանցվել է հոկտեմբերի 12-ին։ ԵՄ համակարգում նշված են նույն երեք թունաքիմիկատները, որոնց մասին հայտնել էր Լատվիայի սննդի և անասնաբուժության ծառայությունը։ Համակարգում Հայաստանը որպես ապրանքի ծագման երկիր կամ մատակարարման շղթայի մասնակից նշված չէ։

Էկրանապատկերը՝ Եվրահանձնաժողովի RASFF Window համակարգից, ծանուցում 2026.9014
Էկրանապատկերը՝ Եվրահանձնաժողովի RASFF Window համակարգից, ծանուցում 2026.9014

Լատվիայի պետական մարմինը հայտնում է՝ անճշտություն է եղել

#CivilNetCheck-ը հոկտեմբերի 19-ին գրավոր հարցում է ուղարկել Լատվիայի սննդի և անասնաբուժության ծառայությանը՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու է գերատեսչության հաղորդագրությունում թեյը ներկայացվել որպես հայկական ծագման, մինչդեռ Եվրահանձնաժողովի տվյալներում նշված է Չինաստանը։

Ի պատասխան՝ ծառայության սահմանային վերահսկողության վարչության ավագ փորձագետ Ագիտա Վոլֆան (Agita Volfa) հայտնել է, որ հաղորդագրությունում սխալ է թույլ տրվել։

«Սննդի և անասնաբուժության ծառայությունը ներողություն է խնդրում տվյալ թեյի ծագման երկրի վերաբերյալ հրապարակված տեղեկատվության անճշտության համար։ Ցանկանում ենք պարզաբանել, որ թեյը ծագումով Չինաստանից է և ներմուծվել է Ուզբեկստանից։ Ցավում ենք, որ հրապարակված տեղեկատվությունը կարող էր թյուրիմացությունների կամ սխալ պատկերացումների պատճառ դառնալ», - հայտնել է Վոլֆան։

Նա հայտնել է, որ գերատեսչությունը կկատարի անհրաժեշտ ուղղումները՝ հրապարակված տեղեկության ճշգրտությունն ապահովելու համար։

Լատվիայի Սննդի և անասնաբուժության ծառայության պատասխանը
Լատվիայի Սննդի և անասնաբուժության ծառայության պատասխանը

Հատկանշական է, որ որոշ հայկական լրատվամիջոցներ լուրը տարածել են «Լատվիա՞ն էլ արգելք դրեց ՀՀ-ից ներմուծվող ապրանքի վրա» վերնագրով՝ տպավորություն ստեղծելով, թե խոսքը Հայաստանից ապրանքների ներմուծման նկատմամբ նոր սահմանափակման մասին է։

Այսպիսով, Լատվիայի պետական մարմինը պաշտոնապես հաստատել է, որ թունաքիմիկատներ պարունակող կանաչ թեյը հայկական ծագման չէ։ Այն ծագումով Չինաստանից է և Լատվիա է ներմուծվել Ուզբեկստանից։ Հայաստանի մասին տեղեկությունը հայտնվել է գերատեսչության հաղորդագրությունում թույլ տրված սխալի հետևանքով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում