Գլխավոր Լրահոս

Ռուսաստանը Հյուսիսային Կովկասում կանանց աջակցող NC SOS կազմակերպությունը ճանաչել է «ծայրահեղական»

Ռուսաստանը Հյուսիսային Կովկասում կանանց աջակցող NC SOS կազմակերպությունը ճանաչել է «ծայրահեղական»

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Ռուսաստանը «ծայրահեղական կազմակերպություն» է ճանաչել NC SOS ճգնաժամային խումբը, որն աջակցություն է ցուցաբերում Հյուսիսային Կովկասում ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց և ԼԳԲՏՔ+ անձանց։

Կազմակերպության փոխանցմամբ՝ այդ որոշման մասին իրենք իմացել են միայն մեկ ամիս անց՝ տնօրենի անունով ուղարկված նամակից։

NC SOS-ի հայտարարությունում չի նշվում, թե որ դատարանն է կայացրել որոշումը կամ երբ է այն ուժի մեջ մտել։ Չի հրապարակվում նաև, թե ով է ուղարկել նամակը։

Հոդվածի հրապարակման պահին NC SOS-ը դեռևս ընդգրկված չէր Արդարադատության նախարարության կողմից վարվող ծայրահեղական կազմակերպությունների դաշնային ցուցակում։

«Մենք վաղուց էինք սպասում այս որոշմանը և սկսեցինք վերակազմակերպել մեր աշխատանքը հենց այն ժամանակ, երբ «միջազգային ԼԳԲՏ սոցիալական շարժումը» ճանաչվեց ծայրահեղական։ Մենք դադարեցրել ենք Ռուսաստանի բանկային քարտերով նվիրատվությունների ընդունումը՝ մարդկանց պաշտպանելու համար, և կրճատել ենք մեր գործունեությունը Ռուսաստանի ներսում։ Այս պահին երկրում այլևս չունենք ոչ աշխատակիցներ, ոչ էլ կամավորներ»,- հայտարարել է կազմակերպությունը։

Խումբը նշել է, որ պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը, սակայն ընդգծել է, որ շարունակելու է աջակցել օգնության դիմողներին։

«Մեզ օգնության դիմողների համար ոչինչ չի փոխվում։ Մենք շարունակելու ենք խորհրդատվություն տրամադրել, աջակցել տարհանումների կազմակերպմանը, ինչպես նաև բժշկական և հոգեբանական օգնություն ցուցաբերել։ Այս պահին մեզնից օգնություն ստանալը չի համարվում կազմակերպության գործունեությանը մասնակցություն»,- հայտարարել է NC SOS-ը։

NC SOS-ը2021-ին հիմնադրել են իրավապաշտպանները, որոնք նախկինում մասնակցել էին Չեչնիայից հետապնդումների ենթարկվող ԼԳԲՏՔ+ անձանց տարհանմանը։

Սկզբում կազմակերպությունը կենտրոնացած էր սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության պատճառով հետապնդվող մարդկանց աջակցելու վրա, սակայն հետագայում ընդլայնել է իր գործունեությունը։

Այժմ այն աջակցում է ընտանեկան բռնության, այսպես կոչված «պատվի սպանությունների», հարկադիր ամուսնությունների, ապօրինի ազատազրկման և մարդու իրավունքների այլ խախտումների ենթարկվող Հյուսիսային Կովկասի բնակիչներին։

NC SOS-ը  կազմակերպում է տարհանումներ, ապահովում է անվտանգ կացարան, իրավական աջակցություն, ինչպես նաև հոգեբանական և բժշկական օգնություն։

NC SOS-ի տվյալներով՝ 2017-2024-ին կազմակերպությունը և մինչ դրա ստեղծումը նմանատիպ գործերով աշխատած ակտիվիստներն ընդհանուր առմամբ աջակցել են 882 մարդու։ Նրանցից 415-ը տարհանվել են Հյուսիսային Կովկասից, իսկ 384-ը ապաստան են ստացել կամ վերաբնակեցվել անվտանգ երկրներում։

Միայն 2024-ին կազմակերպությունն աջակցություն է ցուցաբերել 54 մարդու, որոնցից 25-ը տարհանվել են տարածաշրջանից։

NC SOS-ի ամենահայտնի հաջողված գործողություններից մեկը 2022-ին Դաղստանից չորս կանանց՝ քույրեր Խադիժաթ և Պատիմատ Խիզրիևաների, ինչպես նաև Ամինատ Գազիմագոմեդովայի և Պատիմատ Մագոմեդովայի տարհանումն էր, որոնք փախել էին ընտանեկան բռնությունից և հասել Վրաստան։

Կազմակերպության տվյալներով՝ Ռուսաստանի սահմանապահները կանանց շուրջ 11 ժամ պահել էին Վերին Լարսի անցակետում, որից հետո միայն թույլ տվել լքել երկիրը։

NC SOS-ը բազմիցս հայտնել է նաև հարկադիր ամուսնությունների և այսպես կոչված «պատվի սպանությունների» վտանգի տակ գտնվող կանանց, ինչպես նաև Չեչնիայից, Ինգուշեթիայից և Դաղստանից ԼԳԲՏՔ+ անձանց հաջող տարհանումների մասին։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նրանց ինքնությունը չի հրապարակվում։

2023-ի մայիսին Ռուսաստանի Արդարադատության նախարարությունը NC SOS-ը ներառել էր նաև «օտարերկրյա գործակալների» ցուցակում։

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում