Պակիստանի օկուպացիոյի տակ գտնվող Քաշմիրում վերջին շաբաթներին շարունակվում են բողոքի լայնածավալ ցույցերն ու իշխանությունների կոշտ ճնշումները։ Տեղի բնակիչներն ու իրավապաշտպանները Իսլամաբադին մեղադրում են զանգվածային կամայական ձերբակալությունների, ինտերնետի երկարատև անջատման, հարկադիր անհետացումների և քաղաքական իրավունքների սահմանափակման մեջ։ ՄԱԿ-ն ու Amnesty International-ը կոչ են արել անկախ հետաքննել բռնությունների դեպքերը և վերականգնել հիմնարար ազատությունները, քանի դեռ տարածաշրջանում անցկացվում են օրենսդիր ժողովի ընտրությունները։ Թեմային անդրադարձել է ամերիկյան pjmedia.com կայքը։
Պակիստանի օկուպացիայի տակ գտնվող Քաշմիրում հուլիսի 27-ին մեկնարկել են տարածաշրջանի օրենսդիր ժողովի ընտրությունները պայմաններում, երբ շարունակվում են բողոքի ցույցերն ու բռնի բախումները։ Օրենսդիր մարմնի 45 մանդատների համար քվեարկությունը նախատեսված է անցկացնել երեք փուլով՝ մինչև օգոստոսի 10-ը։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Պակիստանի Փենջաբ նահանգը տարածաշրջան է ուղարկել շուրջ 14,000 ոստիկան՝ ընտրությունների ընթացքում հնարավոր բռնությունները կանխելու նպատակով։
Միաժամանակ Պակիստանը շարունակում է լայնածավալ ճնշումները՝ անջատելով ինտերնետը և իրականացնելով զանգվածային կամայական ձերբակալություններ։
Ճնշումների ալիքը սկսվել է այն բանից հետո, երբ ձախողվել են Պակիստանի կառավարության և Ջամուի և Քաշմիրի միացյալ ժողովրդական գործողությունների կոմիտեի (Jammu Kashmir Joint Awami Action Committee, JKJAAC կամ JAAC) բանակցությունները՝ տարածաշրջանի օրենսդիր մարմնի կազմավորման շուրջ։
Հուլիսի 17-ին ՄԱԿ-ը կոչ արեց անկախ հետաքննել տարածաշրջանում գրանցված տասնյակ սպանությունները։ ՄԱԿ-ի հրապարակած տեղեկանքում նշվում է.
«Հունիսից ի վեր, հուլիսի 27-ի ընտրություններին ընդառաջ, հաղորդվել է տասնյակ մարդկանց մահվան մասին։ Զոհերի մեծ մասը ցուցարարներ են, սակայն կան նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչներ։
Ցույցերը գլխավորել է Միացյալ ժողովրդական գործողությունների կոմիտեն (JAAC), որի անդամների թվում կան առևտրականներ, ուսանողներ և փաստաբաններ։
Խումբն ահաբեկչության դեմ օրենքների շրջանակում արգելվել է՝ հասարակական կարգին և անվտանգությանը սպառնալիք ներկայացնելու մեղադրանքով, իսկ դրա մի շարք առաջնորդներ ձերբակալվել են»։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի (OHCHR) խոսնակ Ջերեմի Լորենսը հայտարարել է, որ իրականացվող ճնշումները լուրջ մտահոգություններ են առաջացնում հիմնարար ազատությունների պահպանման առումով։ «Քաղաքացիական հասարակության կազմակերպության քրեականացումը և հավաքների նկատմամբ խիստ սահմանափակումների կիրառումը լուրջ մտահոգություններ են առաջացնում խոսքի ազատության, խաղաղ հավաքների և միավորման իրավունքի խախտումների վերաբերյալ»։
Լորենսը նաև ընդգծել է Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի կոչը՝ ամբողջությամբ վերականգնելու ինտերնետ հասանելիությունը տարածաշրջանում։ Նա կոչ է արել սկսել բովանդակալից և ներառական քաղաքական երկխոսություն՝ կուտակված խնդիրներն ու դժգոհությունները լուծելու համար։
Պակիստանի վերջին ճնշումների ալիքը սկսվել է հունիսի 5-ին, երբ իշխանությունները հայտարարեցին Ջամուի և Քաշմիրի ընտրությունների անցկացման մասին։
Տեղի բնակիչները դեմ են արտահայտվում տարածաշրջանի իշխանությունների որոշմանը՝ օրենսդիր ժողովում 12 մանդատ հատկացնելու այն փախստականներին, որոնք բնակվում են տարածքից դուրս։ Ակտիվիստների կարծիքով՝ օրենսդիր մարմնի գրեթե մեկ քառորդը Պակիստանի այլ շրջաններում բնակվող անձանց տրամադրելը թուլացնում է տեղական բնակչության քաղաքական ներկայացվածությունը։
Պակիստանի դաշնային կառավարությունը խիստ վերահսկողություն է պահպանում Քաշմիրի տեղական ընտրությունների նկատմամբ։ Տեղի բնակիչների խոսքով՝ օրենսդրական փոփոխությունները պարբերաբար օգտագործվում են տարածաշրջանի քաղաքական կյանքը վերահսկելու և քաշմիրցիներին Իսլամաբադից կախված պահելու համար։
Հենց այդ պատճառով էլ JKJAAC-ը նախաձեռնել է տարածաշրջանային գործադուլ և բողոքի շարժում։ Եթե սկզբնական շրջանում ցույցերի հիմնական պահանջը օրենսդիր մանդատների բաշխումն էր, ապա հետագայում շարժումը վերածվեց ավելի լայն քաղաքացիական իրավունքների պայքարի։ Այժմ ցուցարարները պահանջում են սահմանադրական հիմնարար իրավունքների երաշխավորում, ինչպես նաև լուծումներ խորացող սոցիալ-տնտեսական խնդիրներին՝ ներառյալ կոմունալ ծառայությունների կտրուկ թանկացմանը, սննդի և առողջապահական ծառայությունների սահմանափակ հասանելիությանը։
Տեղի բնակիչների դժգոհության աճին ի պատասխան՝ Պակիստանի իշխանությունները ձեռնամուխ են եղել շարժումը ճնշելու լայնածավալ անվտանգության գործողության։
Հունիսի 5-ին իշխանությունները հայտարարեցին, որ «արտաքին» այցելուները խուսափեն հունիսի 5–20-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջան մեկնելուց։ Զբոսաշրջիկներին և մյուս այցելուներին նաև կոչ արվեց անհապաղ լքել տարածքը։ Հաղորդվեց, որ տարածաշրջան են տեղափոխվել դաշնային կիսառազմական ստորաբաժանումներ։
Նույն օրը տարածաշրջանի իշխանությունները պաշտոնապես արգելեցին JKJAAC-ի գործունեությունը՝ այն տեղական հակաահաբեկչական օրենսդրությամբ դասակարգելով որպես «արգելված կազմակերպություն»։ Երկու օր անց ոստիկանությունը խուզարկեց և կնքեց կազմակերպության կենտրոնական գրասենյակը Մուզաֆարաբադ քաղաքում։
Անվտանգության ուժերն արդեն իրականացրել են զանգվածային կամայական ձերբակալություններ՝ կալանավորելով հարյուրավոր ակտիվիստների և քաղաքացիական անձանց։ Իշխանությունները ապստամբության մեղադրանքներ են առաջադրել բողոքի շարժման հայտնի առաջնորդների նկատմամբ և նրանց ձերբակալման համար սահմանել 10 միլիոն պակիստանյան ռուփի պարգևավճար ($36,000)։
Ծանր զինված կիսառազմական ուժերի և ցուցարարների միջև բախումները դարձել են մահաբեր։ Մարդու իրավունքների մշտադիտարկմամբ զբաղվող կազմակերպությունները հաստատել են, որ մարտական փամփուշտների կիրառման հետևանքով զոհվել են ինչպես խաղաղ բնակիչներ, այնպես էլ անվտանգության ուժերի ներկայացուցիչներ։
Կառավարությունը անջատել է ինտերնետն ու հեռախոսային կապը։ Դա լրջորեն խոչընդոտում է լրատվամիջոցների աշխատանքը և տարածաշրջանը փաստացի մեկուսացնում արտաքին իրավապաշտպան կազմակերպություններից։
Ջամուից և Քաշմիրից դուրս գործող JKJAAC-ի ակտիվիստների խոսքով՝ այս քայլերով տարածաշրջանը փաստացի «կապարակնքվել» է, ինչի հետևանքով այնտեղից տեղեկատվության հոսքը դարձել է չափազանց սահմանափակ։
Թիրախում են նաև լրագրողները
Իշխանությունների ճնշումների թիրախում են հայտնվել նաև բողոքի ցույցերը լուսաբանող լրագրողները։
Հունիսի 5-ին տեղացի լրագրող Սոհրաբ Բարկատը ձերբակալվել է 2016-ի «Էլեկտրոնային հանցագործությունների կանխարգելման մասին» օրենքի «զրպարտության» և «կեղծ և ապատեղեկատվություն» տարածելու հոդվածներով։ Իշխանությունները պնդում են, որ նա իր յութուբյյան ալիքի միջոցով «խրախուսել» և «աջակցել» է JKJAAC-ի գործունեությանը։
Քաշմիրի հակամարտության նախապատմությունը
Քաշմիրի ժամանակակից հակամարտությունը սկսվել է 79 տարի առաջ՝ Հնդկաստանի բաժանման ժամանակ, երբ Պակիստանը ներխուժեց Քաշմիր։
1947-ին բրիտանական Հնդկաստանը բաժանվեց երկու պետության՝ աշխարհիկ Հնդկաստանի Հանրապետության և Իսլամական Պակիստանի Հանրապետության։
Այդ ժամանակ Ջամուի և Քաշմիրի իշխանապետությունը ղեկավարում էր հինդու կառավարիչ Հարի Սինգհը։ Սկզբում նա ցանկանում էր պահպանել անկախությունը, սակայն այդ տարբերակը գործնականում հնարավոր չէր, և հետագայում նա որոշեց միանալ Հնդկաստանին։
Պակիստանի ներխուժումից հետո ՄԱԿ-ը կոչ արեց անցկացնել հանրաքվե, սակայն միայն այն պայմանով, որ Պակիստանի զորքերը նախ դուրս բերվեն տարածքից։ Քանի որ դա տեղի չունեցավ, հանրաքվեն այդպես էլ չանցկացվեց։ Այդ պատճառով Պակիստանը մինչ օրս վերահսկում է նախկին Ջամուի և Քաշմիրի իշխանապետության մի մասը՝ Գիլգիթ-Բալթիստանը և Պակիստանի օկուպացիայի տակ գտնվող Քաշմիրը, որը Պակիստանը կոչում է «Ազատ Քաշմիր»։
Քաշմիրի մնացած հատվածը Հնդկաստանի վերահսկողության տակ է և 2019-ից պաշտոնապես կոչվում է Ջամուի և Քաշմիրի միութենական տարածք (Union Territory of Jammu and Kashmir)։
Եթե Հարի Սինգհի և նորաստեղծ Հնդկաստանի Հանրապետության միջև կնքված համաձայնությունը Պակիստանի կողմից հարգվեր, ամբողջ Քաշմիրն այսօր Հնդկաստանի կազմում կլիներ։
Հոդվածագիրը պնդում է, որ Պակիստանի կառավարման տարիներին Քաշմիրի պատմությունը բնութագրվել է քաղաքական ճնշումներով, մարդու իրավունքների խախտումներով, այլակարծության ճնշմամբ, զինված հակամարտություններով և տնտեսական շահագործմամբ։
Օրինակ՝ Ջամուի և Քաշմիրի, ինչպես նաև Գիլգիթ-Բալթիստանի շրջաններում արտադրվում է Պակիստանի հիդրոէներգիայի մեծ մասը։ Սակայն, ըստ հոդվածի, տեղի բնակչությունը շարունակում է բախվել էլեկտրաէներգիայի խիստ պակասի և բարձր սակագների, ինչը դարձել է քաղաքացիական լայն դժգոհության պատճառ։ Չնայած զբոսաշրջությունից և բնական ռեսուրսներից ստացվող եկամուտներին՝ ճանապարհների, առողջապահական հաստատությունների և հիմնական ենթակառուցվածքների ֆինանսավորումը շարունակում է զգալիորեն հետ մնալ տարածաշրջանի կարիքներից։
1989-ից Պակիստանի բանակն ու հետախուզական ծառայությունը (ISI) ստեղծել, զինել և ֆինանսավորել են արմատական իսլամիստական զինված խմբավորումներ՝ Հնդկաստանի զինված ուժերի դեմ պայքարելու համար։
Աշխարհիկ և անկախության կողմնակից տեղական կազմակերպությունները, ինչպիսին է Ջամուի և Քաշմիրի ազատագրման ճակատը (JKLF), համակարգված դուրս են մղվել կամ ոչնչացվել՝ հօգուտ ավելի կոշտ իսլամիստական խմբերի, այդ թվում՝ Hizbul Mujahideen-ի և Lashkar-e-Taiba-ի, որոնք ծառայել են Իսլամաբադի աշխարհաքաղաքական նպատակներին։
Տասնյակ անհետացածներ
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ճնշումների սկսվելուց հետո առնվազն 38 քաշմիրցի անհետ կորած է համարվում։ Սակայն այս տվյալները դեռ ամբողջական չեն, և շարունակվում է այլ շրջաններից բռնի անհետացման ենթարկված անձանց վերաբերյալ տեղեկությունների հավաքագրումը։
Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ ինտերնետի՝ ավելի քան 40 օր շարունակվող անջատումը խիստ դժվարացրել է տարբեր շրջաններից ամբողջական և ժամանակին տեղեկություններ ստանալը։ Awami Action Committee-ն և այլ խմբեր հույս են հայտնում, որ ինտերնետի վերականգնումից հետո հնարավոր կլինի ճշտված տվյալներ հավաքել և հրապարակել։
Բողոքի շարժման առաջնորդներից է Շաուքաթ Նավազ Միրը, որը, ըստ հաղորդումների, ձերբակալվել է անվտանգության ուժերի կողմից։ Սակայն նրա անունը չի հայտնվել ոչ դատարանի, ոչ էլ ոստիկանության որևէ բաժնի փաստաթղթերում, ինչի պատճառով իրավապաշտպանները մտավախություն ունեն, որ նա ենթարկվել է հարկադիր անհետացման։
Ավելի ուշ բռնի անհետացման է ենթարկվել նաև Պակիստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրից ուսանողական առաջնորդներից մեկը։
Ջամուի և Քաշմիրի Ազգային ուսանողական ֆեդերացիայի (JKNSF) գլխավոր քարտուղարի տեղակալ Մուջիբ Աքբարը, ըստ հաղորդումների, հուլիսի 17-ին ձերբակալվել է Լահորում գտնվող իր բնակարանից։ Նրա կնոջ՝ Ֆայզա Խանի խոսքով, մի խումբ տղամարդիկ ներխուժել են բնակարան և նրան տարել անհայտ ուղղությամբ։
JKNSF-ի խոսնակը հայտարարություն է տարածել՝ պահանջելով Աքբարի անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։ Կազմակերպության պնդմամբ՝ նախկինում ևս Ջամուի և Քաշմիրի բազմաթիվ քաղաքական և հասարակական ակտիվիստներ ենթարկվել են հարկադիր անհետացման՝ Իսլամաբադում և Պակիստանի այլ քաղաքներում։












