Կաթողիկոսի գործով դատական առաջին նիստի օր է նշանակվել օգոստոսի 7-ը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը հանձնվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ Նախնական դատալսումների առաջին նիստը նշանակվել է օգոստոսի 7-ին ժամը 16:00-ին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Սա պատմական ամոթալի իրադարձություն է։
Վերջին հարյուր տարվա ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ պետական իշխանությունը քրեական կամ բռնի ճնշման թիրախ է դարձնում Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
Առաջին նման դեպքը կապված էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանի հետ: Նա խորհրդային հակաեկեղեցական բռնաճնշումների տարիներին գործել է աննախադեպ ճնշումների պայմաններում, իսկ 1938-ի ապրիլի 6-ին Պետանվտանգության գործակալները Խորեն Ա Մուրադբեկյանին խեղդամահ են արել»,- գերել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Հոգևոր առաջնորդին և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց հոգևորականներին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելու միջոցով դատարանի օրինական որոշման կատարումը դիտավորյալ խոչընդոտելու համար:
Իրավական վեճը ծագել է Մասսյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին (Արման Սարոյան) պաշտոնից ազատելուց հետո:
2026-ի հունվարին կաթողիկոսի որոշմամբ պաշտոնանկ արված եպիսկոպոսը դիմել էր դատարան: Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր, որ մինչև գործի քննության ավարտը Սարոյանը պետք է շարունակի պաշտոնավարել, իսկ եկեղեցուն արգելվել էր խոչընդոտել նրա լիազորությունների իրականացումն ու ֆինանսական հաշիվների տնօրինումը:
Չնայած դատարանի որոշմանն ու Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական ծանուցմանը՝ Գարեգին Բ-ն և Գերագույն հոգևոր խորհուրդը որոշել են կարգալույծ անել Սարոյանին: Ըստ դատախազության՝ եկեղեցական ղեկավարությունն այս քայլով դիտավորյալ շրջանցել ու խախտել է դատարանի պահանջը:
Տեղադրություն
Կազմակերպություն
Թեմա









