Գևորգ Թոսունյան
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանի և Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամների վերաբերյալ քրեական գործով նախնական դատալսումները նշանակվել են օգոստոսի 28-ին։ Նիստը տեղի կունենա Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում։
Համապատասխան որոշումը օգոստոսի 14-ին կայացրել է գործը վարույթ ստանձնած դատավոր Սերժ Ռուշանյանը։
Նախնական դատալսումների օրը նշանակելուց առաջ գործը գտնվել էր դատավոր Հակոբ Մանուկյանի վարույթում։ Գործը դատարան էր ստացվել հուլիսի 27-ին, հուլիսի 28-ին՝ մակագրվել և հանձնվել Հակոբ Մանուկյանին։ Վերջինս հուլիսի 30-ին որոշում էր կայացրել վարույթն ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին։
Մանուկյանը նախնական դատալսումները նշանակել էր օգոստոսի 7-ին։ Դատավորը, սակայն, որոշել էր ինքնաբացարկ հայտնել։
Օգոստոսի 10-ին գործը մակագրվել էր Սերժ Ռուշանյանին, իսկ օգոստոսի 11-ին փաստացի հանձնվել նրան։
Գործով մեղադրյալներն են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանը և Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամները։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով։
Ըստ մեղադրանքի՝ նրանք, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով, խոչընդոտել են օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարմանը։ Մասնավորապես, խոսքը Գևորգ եպիսկոպոս Սարոյանի՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում պաշտոնավարումն ապահովելու վերաբերյալ դատարանի որոշման մասին է։












