Կաթողիկոսի գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց․ փաստաբան

Կաթողիկոսի գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց, լրագրողներին հայտնեց փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Դատավոր Հակոբ Մանուկյանը հրաժարվեց քննել այս գործը։ Դատավորը հանդիսացել է նաև փաստաբան։ Իմ կարծիքով դա բացարկի հիմք չէր, բայց հաշվի առնելով, որ դա կարող է կասկած առաջացնել, դատավորն ինքնաբացարկ հայտնեց։ Ես ողջունում եմ դատավորի այս քայլն այն տեսակետից, որ նա հրաժարվեց մաս կազմել այս ամոթալի գործընթացին»,- ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։
Զոհրաբյանը հայտնեց, որ դռնփակ դատական նիստին Դատախազությունից երեք ներկայացուցիչ էր ներկա։ Նիստին ներկա է եղել նաև տուժող Գևորգ եպիսկոպոս Սարոյանը (Արման Սարոյանը)։
Փաստաբանը հայտնեց, որ Կաթողիկոսի գործը մակագրվելու է մեկ այլ դատավորի, դատավորը նորից նիստ է հրավիրելու, եթե ինքնաբացարկի հիմքեր չունենա՝ գործը քննելու է։
Դատական նիստից հետո Կաթողիկոսը դուրս եկավ և քայլելով շարժվում է Մայր Տաճար՝ միասնական աղոթք ասելու։
Այսօր՝ օգոստոսի 7-ին, Վաղարշապատի դատարանում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։
Իրավական վեճը ծագել է Մասսյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին (Արման Սարոյան) պաշտոնից ազատելուց հետո:
2026-ի հունվարին կաթողիկոսի որոշմամբ պաշտոնանկ արված եպիսկոպոսը դիմել էր դատարան: Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր, որ մինչև գործի քննության ավարտը Սարոյանը պետք է շարունակի պաշտոնավարել, իսկ եկեղեցուն արգելվել էր խոչընդոտել նրա լիազորությունների իրականացումն ու ֆինանսական հաշիվների տնօրինումը:
Չնայած դատարանի որոշմանն ու Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական ծանուցմանը՝ Գարեգին Բ-ն և Գերագույն հոգևոր խորհուրդը որոշել են կարգալույծ անել Սարոյանին: Ըստ դատախազության՝ եկեղեցական ղեկավարությունն այս քայլով դիտավորյալ շրջանցել ու խախտել է դատարանի պահանջը:
Գործով որպես մեղադրյալ են ներգրավվել կաթողիկոս Գարեգին Բ-ն, Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը, Վահան եպիսկոպոս Հովհաննէսեանը, Էդգար եպիսկոպոս Հակոբյանը և Արթուր եպիսկոպոս Հակոբյանը: Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել։ Արգելվել է Ամենայն հայոց կաթողիկոսի ելքը Հայաստանից։
Մարտին Մասսյացոտնի թեմի եկեղեցականներն անհամաձայնություն ու մտահոգություն էին հայտնել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ընդունված միջանկյալ որոշման վերաբերյալ, որն իրենց փաստացի պարտադրում է որպես առաջնորդ ճանաչել արդեն կարգալույծ հռչակված նախկին Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, որը եկեղեցական կանոնների համաձայն՝ այլևս աշխարհական անձ է՝ Արման Սարոյան անունով։
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրամանով Մասսյացոտնի թեմի առաջնորդը ազատվել էր պաշտոնից հունվարի 10-ին։ «Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականների նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները»,- նշված էր Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ։
Սարոյանը այն տասը եպիսկոպոսներից է, որոնք պահանջում էին կաթողիկոսի հրաժարականը, հանդիպումներ ունենում Նիկոլ Փաշինյանի հետ և պարբերաբար հայտարարություններով հանդես գալիս կաթողիկոսի դեմ։









