Կաթողիկոսը ժամանեց դատարան՝ մասնակցելու իր գործով դատական նիստին

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ժամանեց Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մասնակցելու իր գործով դատական առաջին նիստին։
Վաղարշապատի դատարանի բակում Վեհափառին դիմավորեցին հարյուրավոր քաղաքացիներ ու ընդդիմադիր պատգամավորներ։
Ոստիկանները թույլ չեն տալիս լրագրողներին մուտք գործել նիստերի դահլիճ՝ լուսաբանելու Կաթողիկոսի դատական նիստը։ Պատճառաբանում են, որ դահլիճում այդքան տեղ չկա։
Այսօր՝ օգոստոսի 7-ին, տեղի կունենա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։
Իրավական վեճը ծագել է Մասսյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին (Արման Սարոյան) պաշտոնից ազատելուց հետո:
2026-ի հունվարին կաթողիկոսի որոշմամբ պաշտոնանկ արված եպիսկոպոսը դիմել էր դատարան: Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր, որ մինչև գործի քննության ավարտը Սարոյանը պետք է շարունակի պաշտոնավարել, իսկ եկեղեցուն արգելվել էր խոչընդոտել նրա լիազորությունների իրականացումն ու ֆինանսական հաշիվների տնօրինումը:
Չնայած դատարանի որոշմանն ու Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական ծանուցմանը՝ Գարեգին Բ-ն և Գերագույն հոգևոր խորհուրդը որոշել են կարգալույծ անել Սարոյանին: Ըստ դատախազության՝ եկեղեցական ղեկավարությունն այս քայլով դիտավորյալ շրջանցել ու խախտել է դատարանի պահանջը:
Գործով որպես մեղադրյալ են ներգրավվել կաթողիկոս Գարեգին Բ-ն, Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը, Վահան եպիսկոպոս Հովհաննէսեանը, Էդգար եպիսկոպոս Հակոբյանը և Արթուր եպիսկոպոս Հակոբյանը: Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել։ Արգելվել է Ամենայն հայոց կաթողիկոսի ելքը Հայաստանից։
Մարտին Մասսյացոտնի թեմի եկեղեցականներն անհամաձայնություն ու մտահոգություն էին հայտնել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ընդունված միջանկյալ որոշման վերաբերյալ, որն իրենց փաստացի պարտադրում է որպես առաջնորդ ճանաչել արդեն կարգալույծ հռչակված նախկին Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, որը եկեղեցական կանոնների համաձայն՝ այլևս աշխարհական անձ է՝ Արման Սարոյան անունով։
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրամանով Մասսյացոտնի թեմի առաջնորդը ազատվել էր պաշտոնից հունվարի 10-ին։ «Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականների նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները»,- նշված էր Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ։
Սարոյանը այն տասը եպիսկոպոսներից է, որոնք պահանջում էին կաթողիկոսի հրաժարականը, հանդիպումներ ունենում Նիկոլ Փաշինյանի հետ և պարբերաբար հայտարարություններով հանդես գալիս կաթողիկոսի դեմ։
Տեղադրություն
Կազմակերպություն
Անձ









