Ո՞ւմ է մակագրվել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դատական գործը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին։ Այդ մասին ՍիվիլՆեթը տեղեկանում է «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։
Օգոստոսի 8-ին այս գործով դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց։
Ըստ դատական որոշման՝ դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկի հիմք է դիտարկել այն հանգամանքը, որ 2021-ին ՀՀ փաստաբանական ակադեմիայում ուսանելու ընթացքում նույն գործով պաշտպան Արա Զոհրաբյանը եղել է ՀՀ փաստաբանների պալատի և որակավորման հանձնաժողովի նախագահը։ Զոհրաբյանն ընդունել է Մանուկյանի բանավոր քննությունը, որի արդյունքում վերջինս ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր։ Դատավորի գնահատմամբ՝ այս հանգամանքն անաչառ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկած հարուցել իր անկողմնակալության վերաբերյալ։
Գործի նախապատմության համաձայն՝ քրեական վարույթը նախաձեռնվել էր 2026-ի հունվարի 29-ին։ Հունվարի 30-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամների՝ Նաթան Սամուել Օհանիսյանի, Հայկազուն-Վրեժ Անդրանիկի Նաջարյանի, Վահան Սարգիսի Հովհաննիսյանի, Արթուր Սամսոնի Հակոբյանի, Էդգար Գրիգորի Հակոբյանի և Նելսոն Ռազմիկի Բաբայանի նկատմամբ, իսկ փետրվարի 14-ին՝ Գարեգին Բ Ներսիսյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով։
Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Քրեական վարույթով տուժող է ճանաչվել Արման Սարոյանը։
Գարեգին Բ-ն և Գերագույն հոգևոր խորհրդի վեց եպիսկոպոսները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար։
Ըստ մեղադրանքի՝ դատարանը որոշել էր որպես հայցի ապահովման միջոց ապահովել Գևորգ եպիսկոպոս Սարոյանի պաշտոնավարումը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով վերջնական որոշման կայացումը։ Սակայն Գերագույն հոգևոր խորհրդի առաջարկով Գարեգին Բ-ն կարգալույծ է հռչակել Գևորգ եպիսկոպոսին՝ դրանով իսկ խոչընդոտելով դատարանի որոշման և հարկադիր կատարման պահանջների իրականացմանը։
Հուլիսի 22-ին մայր վարույթից անջատված գործը հուլիսի 28-ին մեղադրական եզրակացությամբ ստացվել էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որից հետո դատավոր Հակոբ Մանուկյանը որոշում էր կայացրել վարույթն ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին։
Ով է Սերժ Ռուշանյանը
Սերժ Ռուշանյանը ծնվել է 1997-ին Երևանում։ Սովորել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանում, ապա կրթությունը շարունակել Ֆրանսիայի Ժան-Մուլեն Լիոն 3, Սորբոնի և Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարաններում՝ ստանալով իրավագիտության բակալավրի և մագիստրոսի աստիճաններ։ 2021-ից հայցորդ է Հայ-ռուսական համալսարանի ասպիրանտուրայում։
2020-2022-ին աշխատել է Արդարադատության նախարարությունում որպես նախարարի օգնական և խորհրդական՝ ներգրավված լինելով քրեական օրենսդրության լրամշակման, Հակակոռուպցիոն դատարանի ստեղծման և իրավական ոլորտի այլ բարեփոխումների աշխատանքներում։ Դասավանդել է Ոստիկանության կրթահամալրում։
2023-ի հուլիսին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ 2024-ի օգոստոսին նա նշանակվել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Տեղադրություն
Անձ










