Էներգետիկ կախվածությունը ազգային անվտանգության հարց է. Մոլդովայի դասերը՝ Հայաստանի համար

Տասնամյակներ շարունակ Մոլդովան գրեթե ամբողջությամբ կախված էր ռուսական գազից, և «Գազպրոմը» գործնականում մենաշնորհ էր պահում մատակարարման ոլորտում։ 2022-ից երկիրը դուրս է գալիս այդ կախվածությունից։ «Այս փորձը մեզ կարևոր դաս տվեց. էներգետիկ կախվածությունը միայն առևտրային խնդիր չէ. այն ազգային անվտանգության հարց է»,- ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում ասում է Մոլդովայի էներգետիկայի նախարար Դորին Ջունգհիետուն: Նրա խոսքով՝ փոքր երկրները, որոնք էներգետիկ կախվածություն ունեն ՌԴ-ի պես պետությունից, պետք է իմանան՝ դիվերսիֆիկացիան հասանելի է։ ՍիվիլՆեթը զրուցել է նախարար Դորին Ջունգհիետուին հետ այն մասին, թե ինչպես է կատարվել այս անցումը, ինչ դասեր է թողել և ինչ խորհուրդ կտա Հայաստանի նման երկրներին, որոնք դեռ մեծ կախվածություն ունեն ռուսական էներգետիկ ենթակառուցվածքից։
– Մոլդովան պատմականորեն 100% կախված էր ռուսական գազից։ Ինչպե՞ս կարողացավ երկիրը՝ իրավական և կառուցվածքային տեսանկյունից, շրջանցել «Գազպրոմի» մենաշնորհը:
«Գազպրոմի» մենաշնորհից Մոլդովայի անցումը մեկ գիշերում չի եղել և ոչ էլ մեկ որոշման արդյունք էր։ Դա աստիճանական գործընթաց էր, որը հիմնված էր երեք հիմնասյուների վրա՝ շուկայական բարեփոխումներ, ենթակառուցվածքների դիվերսիֆիկացիա, կարգավորիչ դաշտի համապատասխանեցում, բայց, նախևառաջ, ամուր քաղաքական կամք։
Նախ, մենք մեր օրենսդրությունը համապատասխանեցրինք Եվրոպական Միության էներգետիկայի ոլորտի իրավական բազային։ Դա նշանակում էր թափանցիկ շուկայական կանոնների ներդրում, գազի ոլորտում հիմնական գործառույթների տարանջատում, ինչպիսիք են տեղափոխումը, բաշխումը և մատակարարումը։ Բացի այդ, գերիշխող մեկ գազամատակարարի փոխարեն մրցակցության համար իրավական պայմաններ ստեղվեցին։ Այսպիսով, մենք այժմ մեկ միասնական գազամատակարարից անցում ենք կատարել մոտ 21 մատակարարների, որոնց հետ Energocom-ն այժմ հաջողությամբ կնքում է «Ճանաչիր քո հաճախորդին» (KYC) պայմանագրեր (16 նախաորակավորված ընկերություններ ՎԶԵԲ-ի հարթակի միջոցով՝ որպես ապահովված գազային վարկերի մաս)։
Երկրորդ, մենք ներդրումներ կատարեցինք այլընտրանքային ենթակառուցվածքների ոլորտում։ Ռումինիայի հետ Յաշ-Ունգենի-Քիշնև գազային փոխկապակցիչի կառուցման ավարտը արմատապես փոխեց Մոլդովայի դերը տարածաշրջանում։ Առաջին անգամ մենք մուտք գործեցինք եվրոպական գազի շուկա բազմաթիվ մատակարարման ուղիներով, այդ թվում՝ ԱՄՆ-ից և տարածաշրջանային այլ մուտքի կետերից Հունաստանի տերմինալներ հասնող հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) միջոցով։ Մենք նաև լիովին աջակցում ենք «Ուղղահայաց միջանցքով» (Vertical Corridor) մատակարարումների ներմղմանը, ինչը հավասարապես ապահովում է անվտանգության ցանց ուկրաինական ստորգետնյա գազապահեստարանների համար և նպաստում դրանց եկամուտների աճին։ Երբ գոյություն ունի այլընտրանք, մենաշնորհը կորցնում է իր ամենաուժեղ լծակը։
Երրորդ և թերևս ամենակարևորը՝ կար այդ այլընտրանքներն օգտագործելու քաղաքական վճռականություն։ Էներգետիկ ճգնաժամի ժամանակ Մոլդովան սկսեց գազ գնել եվրոպական շուկայից՝ մրցակցային մեխանիզմների միջոցով։ Այսօր բնական գազը գնվում է միջազգային մատակարարների դիվերսիֆիկացված պորտֆելից՝ շուկայական պայմաններով, գազի գնման հստակ ռազմավարությամբ և վերլուծական ու հետախուզական լրացուցիչ ռեսուրսներով, այլ ոչ թե ապավինելով մեկ աղբյուրի։
Այս փորձը մեզ կարևոր դաս տվեց. էներգետիկ կախվածությունը միայն առևտրային խնդիր չէ. այն ազգային անվտանգության հարց է։ Դիվերսիֆիկացիան պարտադիր չէ, որ նշանակի մեկ մատակարարի փոխարինում մեկ ուրիշով. այն նշանակում է այնպիսի համակարգի ստեղծում, որտեղ ոչ մի մատակարար չի կարող էներգիան օգտագործել որպես քաղաքական զենք։
Նմանատիպ մարտահրավերների բախվող երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար մեր ուղերձն այն է, որ դիվերսիֆիկացիան հասանելի է։ Այն պահանջում է բարեփոխումներ, ենթակառուցվածքներ և հետևողական քաղաքական առաջնորդություն, բայց երբ այս տարրերը միավորվում են, երկիրը ձեռք է բերում ոչ միայն ավելի մեծ էներգետիկ անվտանգություն, այլև ավելի մեծ ռազմավարական անկախություն։
– Արդյոք այսօր Մոլդովան իրեն էներգապես անկա՞խ է համարում Ռուսաստանից, թե՞ այդ գործընթացը դեռ շարունակվում է։
Կասեի, որ Մոլդովան արդեն հասել է ռուսական էներգակիրներից անկախության այն առումով, որ այսօր ոչ մի կրիտիկական էներգետիկ ռեսուրս կախված չէ ռուսական մատակարարից։ Այնուամենայնիվ, էներգետիկ անկախությունը վերջնակետ չէ, այն դիմակայունության ամրապնդման շարունակական գործընթաց է։
Բնական գազի մասով Մոլդովան այլևս հույսը չի դնում «Գազպրոմի» վրա՝ սկսած 2022-ի դեկտեմբերից։ Մենք գազ ենք ձեռք բերում եվրոպական շուկայում՝ մատակարարների դիվերսիֆիկացված պորտֆելից՝ օգտագործելով մրցակցային շուկայական մեխանիզմներ և ներկրման բազմաթիվ ուղիներ Ռումինիայի ու եվրոպական այլ փոխկապակցիչների միջոցով, ինչպես նաև գազի պահեստավորման հզորություններ Ուկրաինայում և Ռումինիայում՝ և՛ առևտրային, և՛ ռազմավարական պաշարների համար։
Էլեկտրաէներգիայի ոլորտում մենք նույնպես զգալի առաջընթաց ենք գրանցել։ Մինչև 2025-ը Մոլդովայի էլեկտրաէներգիայի մեծ մասը գնվում էր «Մոլդասվկայա ԳՐԷՍ» (MGRES) էլեկտրակայանից, որը գտնվում է չճանաչված Մերձդնեստրի տարածաշրջանում և վերահսկվում է «ՌԱՕ ՈՒԵՍ»-ի (RAO UES) կողմից, որն էլեկտրաէներգիա էր արտադրում՝ օգտագործելով դե ֆակտո անվճար ռուսական գազ։ Այն բանից հետո, երբ «Գազպրոմը» միակողմանիորեն դադարեցրեց գազի մատակարարումը Մերձդնեստրի տարածաշրջան, մենք դադարեցրինք էլեկտրաէներգիա գնել MGRES-ից։
Փաստացի, Մոլդովան կառավարության մակարդակով որոշում է ընդունել ռուսական էներգառեսուրսներից կախվածությունը վերացնելու վերաբերյալ դեռևս 2025-ի սկզբին՝ նույնիսկ նախքան Եվրոպական միության կողմից նմանատիպ միջոցառումների ընդունումը։
Այսօր մենք Ռումինիայի միջոցով ավելի ու ավելի ենք ինտեգրվում եվրոպական էլեկտրաէներգիայի շուկային։ 400 կՎ լարման Վուլկանեշտի-Քիշնև էլեկտրահաղորդման գծի շահագործման հանձնումը, որն ակնկալվում է այս տարի, էլ ավելի կամրապնդի ԵՄ-ից էլեկտրաէներգիա ներմուծելու մեր կարողությունը և զգալիորեն կնվազեցնի մնացած խոցելիությունները։
Միևնույն ժամանակ մենք մեծ ներդրումներ ենք կատարում տեղական վերականգնվող էներգետիկայի, էներգիայի պահեստավորման և ցանցերի արդիականացման ոլորտներում։ Այս ներդրումները վերաբերում են ոչ միայն ածխաթթվայնացմանը (դեկարբոնիզացիային), այլ դրանք ռազմավարական ներդրումներ են ազգային անվտանգության և տնտեսական դիմակայունության ոլորտում։
Ուստի, թեև մենք համարում ենք, որ Մոլդովան հաղթահարել է իր պատմական կախվածությունը ռուսական էներգիայից, այժմ մեր նպատակն ավելի լայն է. կառուցել էներգետիկ համակարգ, որը դիվերսիֆիկացված է, մրցունակ, փոխկապակցված եվրոպական շուկայի հետ և բավականաչափ դիմացկուն, որպեսզի ոչ մի արտաքին դերակատար երբևէ այլևս չկարողանա էներգիան օգտագործել որպես քաղաքական ճնշման գործիք։
– 2021-ի գազային ճգնաժամի ժամանակ Ռուսաստանը 3,5-4 անգամ բարձրացրեց Մոլդովայի համար գազի գինը և սպառնաց դադարեցնել մատակարարումները։ Ո՞րն էր ամենադժվար մարտահրավերն այդ ժամանակահատվածում։
2021-ի գազային ճգնաժամը ևս մեկ անգամ ապացուցեց, որ էներգետիկ կախվածությունը կարող է օգտագործվել որպես աշխարհաքաղաքական գործիք։ Երբ գազի գները կտրուկ բարձրացան, և մատակարարումները դարձան անորոշ, մենք հասկացանք, որ ստատուս քվոյին վերադառնալն այլևս տարբերակ չէր։
Թերևս ամենամեծ մարտահրավերը ոչ թե տեխնիկականն էր, այլ՝ հոգեբանականն ու ինստիտուցիոնալը։ Տասնամյակներ շարունակ Մոլդովան գործել է այն կանխավարկածով, որ կա միայն մեկ մատակարար, և չկա կենսունակ այլընտրանք։ Մենք պետք է կառուցեինք նոր առևտրային գործընկերություններ, մշակեինք գնումների նոր մեխանիզմներ, բանակցեինք վարկերի շուրջ, որոնք ապահով ֆինանսավորման հասանելիություն կտրամադրեին, սահմանեինք գործառնական նոր ընթացակարգեր և համոզեինք ինչպես հաստատություններին, այնպես էլ հասարակությանը, որ դիվերսիֆիկացիան հնարավոր է։ Արդեն 2025-ին Energocom-ը բնական գազ է ձեռք բերել միջազգային մատակարարների դիվերսիֆիկացված պորտֆելի միջոցով, որոնք ընտրվել են մրցակցային գնումների ընթացակարգերով։ Ընկերության նախաորակավորված մատակարարների բազան 15-ից ընդլայնվել է մինչև 21 միջազգային մատակարարներ՝ զգալիորեն մեծացնելով ճկունությունը, մրցակցությունը և մատակարարման անվտանգությունը։
Ճգնաժամը նաև դժվարին քաղաքական որոշումներ էր պահանջում։ Մատակարարումների դիվերսիֆիկացիան սկզբնական շրջանում ունեցավ ավելի բարձր ֆինանսական արժեք, սակայն մենք դա դիտարկեցինք որպես ներդրում ազգային անվտանգության մեջ, այլ ոչ թե պարզապես էներգակիրների գնում։ Այսօր այդ որոշումն ապացուցել է իր ճշմարտացիությունը։ Մոլդովան կախվածությունը փոխարինել է ընտրությամբ։ Այժմ մենք գազը գնում ենք եվրոպական շուկայից՝ մրցակցային հիմունքներով, և ոչ մի մատակարար չի կարող քաղաքական կամ տնտեսական պայմաններ թելադրել էներգիայի միջոցով։
Ամենակարևոր դասերից մեկը, որ մենք քաղեցինք, այն է, որ շատ ավելի հեշտ է նախապատրաստվել նախքան ճգնաժամը, քան արձագանքել դրա ընթացքում։ Փոխկապակցիչների կառուցումը, օրենսդրության բարեփոխումը, ճգնաժամային իրավիճակների գործողությունների ծրագրերի մշակումը և մրցակցային շուկաների ստեղծումը կարող են թվալ աստիճանական բարեփոխումներ բնականոն ժամանակներում, սակայն երբ վրա է հասնում ճգնաժամը, դրանք դառնում են երկրի դիմակայունության հիմքը։
– Հայաստանը նույնպես զգալիորեն կախված է ռուսական էներգետիկ ենթակառուցվածքներից՝ սկսած իր գազաբաշխիչ ցանցից մինչև ատոմակայան։ Ձեր կարծիքով, ո՞րն է առաջին քայլը, որ պետք է անեն նմանատիպ իրավիճակում գտնվող երկրները՝ այդ կախվածությունը նվազեցնելու համար։
Յուրաքանչյուր երկիր ունի իր էներգետիկ խառնուրդը (energy mix), աշխարհագրությունը և անվտանգության նկատառումները, ուստի չկա մեկ համընդհանուր նախագիծ։ Այնուամենայնիվ, Մոլդովայի փորձը ցույց է տալիս, որ առաջին և ամենակարևոր քայլն այլընտրանքների ստեղծումն է։ Կախվածությունը չի կարող նվազել զուտ այն նվազեցնելու որոշում կայացնելով. ձեզ անհրաժեշտ են վստահելի տեխնիկական, առևտրային և կարգավորիչ այլընտրանքներ։
Սա նշանակում է ներդրումներ կատարել հարևան շուկաների հետ փոխկապակցման մեջ, դիվերսիֆիկացնել մատակարարման ուղիներն ու մատակարարներին և ստեղծել շուկայական կանոններ, որոնք խրախուսում են մրցակցությունը, այլ ոչ թե կախվածությունը մեկ գերիշխող խաղացողից։ Ենթակառուցվածքային և շուկայական բարեփոխումները պետք է ընթանան զուգահեռաբար:
Մեկ այլ կարևոր դաս է էներգետիկ քաղաքականությանը որպես ազգային անվտանգության քաղաքականության մաս վերաբերվելը։ Եթե երկիրը կարևոր էներգետիկ ռեսուրսի հարցում հույսը դնում է մեկ մատակարարի կամ մեկ ուղու վրա, ապա այդ կախվածությունը վերջիվերջո կարող է վերածվել քաղաքական լծակի։ Հետևաբար, դիվերսիֆիկացիան ուղղված չէ որևէ կոնկրետ երկրի դեմ. դրա նպատակն է ապահովել, որ էներգետիկ որոշումները հիմնված լինեն տնտեսագիտության և անվտանգության, այլ ոչ թե քաղաքական ճնշման կամ էներգիան որպես զենք կիրառելու վրա։
Վերջապես, կարևոր է սկսել նախքան ճգնաժամը կստիպի դժվար որոշումներ կայացնել։ Փոխկապակցիչների կառուցումը, ցանցի արդիականացումը, վերականգնվող էներգիայի ընդլայնումը, էներգիայի պահեստավորման մեջ ներդրումները և էներգաարդյունավետության բարելավումը ժամանակ են պահանջում։ Այս ներդրումները կարճաժամկետ հեռանկարում կարող են թանկ թվալ, բայց դրանք զգալիորեն ավելի էժան են, քան ճգնաժամի ժամանակ կախվածության տնտեսական և քաղաքական ծախսերը։
Մոլդովայի փորձը վկայում է, որ էներգետիկ կախվածության նվազեցմանը հնարավոր չէ հասնել մեկ խոշոր որոշման միջոցով. այն իրականացվում է հետևողական բարեփոխումների շարքի միջոցով, որոնք աստիճանաբար ընդլայնում են երկրի ընտրության ազատությունը։
– Ինչպիսի՞ն է այսօր ազատականացված գազի շուկան Մոլդովայում, և ի՞նչ գործնական փոփոխություններ է այն բերել սպառողների և մրցակցության համար։
2026-ի ապրիլի 1-ից բոլոր խոշոր ոչ կենցաղային սպառողները՝ արդյունաբերական ընկերությունները, կենտրոնացված ջեռուցման օպերատորները, էլեկտրաէներգիա արտադրողները և խոշոր առևտրային սպառողները, բնական գազ են գնում ազատ շուկայում՝ բանակցված գներով։ Նույնիսկ մինչև վերջնաժամկետը, իրավասու սպառողների շուրջ 95%-ը, որոնք կազմում են ազատականացված հատվածում գազի ծավալի 99%-ը, արդեն անցել էին մրցակցային մատակարարման պայմանագրերի։
Մոլդովայի բնական գազի շուկայում ներկայումս մրցակցային հատվածում ակտիվ գործում է 11 մատակարար՝ բնական գազ տրամադրելով իրենց հաճախորդներին։ Սա՝ ի լրումն երկու կարգավորվող մատակարարների։
Երեք մատակարար ներկայումս ունի ավելի քան 5% շուկայական մասնաբաժին, ինչը շուկայական մրցակցության հիմնական ցուցանիշն է։ Դրանցից երկուսը գործում են մրցակցային շուկայում, իսկ մեկը կարգավորվող մատակարար է։
Երկիրը հստակ նպատակ է դրել մինչև 2050-ն ունենալ առնվազն հինգ մատակարար, որոնցից յուրաքանչյուրի շուկայական մասնաբաժինը պակաս չի լինի 5%-ից։ 2030-ի միջանկյալ թիրախն է ունենալ երեք մատակարար՝ առնվազն 5% շուկայական մասնաբաժնով, ինչն արտացոլում է մրցունակ և դիվերսիֆիկացված բնական գազի շուկա կառուցելու կառավարության հանձնառությունը։
Ազատականացման գործընթացն իրականացվում է աստիճանաբար՝ սահուն անցումն ապահովելու նպատակով։ Միջին չափի ոչ կենցաղային սպառողներն ազատ շուկա կմտնեն 2027-ին, մինչդեռ կենցաղային սպառողները շարունակում են օգտվել կարգավորվող մատակարարումից, սակայն արդեն ունեն այլընտրանքային մատակարար ընտրելու օրինական իրավունք, եթե գտնեն ավելի գրավիչ առևտրային առաջարկ։
Գործնական փոփոխություններն արդեն տեսանելի են։ Առաջին անգամ մատակարարներն են պայքարում հաճախորդների համար, այլ ոչ թե հաճախորդներն են կախված մեկ մատակարարից։ Խոշոր սպառողները կարող են բանակցել գների, պայմանագրի տևողության և այլ առևտրային պայմանների շուրջ, մինչդեռ մատակարարները մրցակցում են՝ առաջարկելով ավելի ճկուն ապրանքներ և ավելի լավ ծառայություններ։ Սա հիմնովին փոխել է շուկայի դինամիկան։
Մրցակցությունից բացի, ազատականացումն ամրապնդել է նաև Մոլդովայի էներգետիկ անվտանգությունը։ Մրցակցային գազի շուկան զգալիորեն հեշտացնում է եվրոպական տարբեր աղբյուրներից մատակարարումների ինտեգրումը և նվազեցնում է մեկ մատակարարի մոդելին վերադառնալու ռիսկը։ Այլ կերպ ասած՝ շուկայի ազատականացումը ոչ միայն տնտեսական բարեփոխում է, այլև անվտանգության ռազմավարական բարեփոխում։
Կազմակերպություն
Տեղադրություն










