Գլխավոր Լրահոս

«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը․ Դատախազություն

«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը․ Դատախազություն

Գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը, հայտնում են Գլխավոր դատախազությունից։

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության բաժնետոմսերը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը»,- ասված է Դատախազության հաղորդագրության մեջ:

2023-ի հոկտեմբերի 9-ին Գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին:

Հայցադիմումով, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, ի թիվս այլնի, պահանջվում էր հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Գագիկ Ծառուկյանին պատկանող՝ «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության բաժնետոմսերը:

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում, 2026 թվականի հուլիսի 29-ին Գլխավոր դատախազության կողմից Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն՝ «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ:

Դատարանի՝ 2026-ի հուլիսի 30-ի որոշմամբ, ներկայացված միջնորդությունը բավարարվել է. «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարության»,- հայտնում են Դատախազությունից:

Բացի այդ, Գլխավոր դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումով պահանջում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝

  • 75 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 52 բնակարան Նոր Նորք թաղամասում, 5 բնակարան Աբովյան փողոցում, 11 բնակարան Կոտայքի մարզում և այլ անշարժ գույքեր:

  • 10 գույքի շուկայական արժեք:

  • 42 տրանսպորտային միջոց:

  • 38 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլ իրավաբանական անձինք:

  • Հայցվող դրամական պահանջը կազմում է 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում, հուլիսի 13-ին Գլխավոր դատախազության կողմից Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ մեկ այլ միջնորդություն՝ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ: Դատարանի՝ հուլիսի 15-ի որոշմամբ, ներկայացված միջնորդությունը բավարարվել էր. «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումը ու պահպանումը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսին քարոզարշավի ընթացքում հրապարակայնորեն սպառնացել էր ունեզրկել ընդդիմադիր գործիչ Գագիկ Ծառուկյանին։

Հուլիսի 6-ին իրավապահները խուզարկություններ էին իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանողմի շարք ձեռնարկություններում, ինչից հետո Ծառուկյանը կալանավորվել է։ Կապարակնքվել են նրան պատկանող մի շարք ձեռնարկություններ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում