Ռուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին և Նիկոլ Փաշինյանին

Ռուբեն Վարդանյանի կինը երկրորդ անգամ պաշտոնական նամակներով դիմել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Բաքվի բանտեր մարդասիրական այց կազմակերպելու հարցով։
Վերոնիկա Զոնաբենդը նշել է, որ ավելի վաղ նույն հարցով դիմումներ էր ուղարկել երկու պաշտոնյաներին, սակայն մինչ այժմ պաշտոնական պատասխաններ չի ստացել։ Այդ պատճառով հուլիսի 30-ին կրկին պաշտոնական նամակներ է ուղարկել՝ ներկայացնելով մարդասիրական այցի կազմակերպման վերաբերյալ կոնկրետ առաջարկներ, իսկ այժմ նույն հարցով հանդես է եկել նաև հրապարակային դիմումով։
Զոնաբենդի խոսքով՝ նախաձեռնության նպատակը բացառապես մարդասիրական է. պատվիրակությունը նախատեսում է այցելել Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին, փոխանցել նրանց հարազատների նամակները, լուսանկարներն ու թույլատրելի անձնական իրերը, ինչպես նաև նպաստել ընտանիքների հետ կապի վերականգնմանը։
Դիմելով Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային՝ Զոնաբենդը խնդրել է աջակցել Ումբակիի քրեակատարողական համալիրում պահվող հայ բանտարկյալների տեսակցության կազմակերպմանը, հստակեցնել այցի հնարավոր ձևաչափը, ընտանիքների կողմից փոխանցվող ծանրոցների հանձնման կարգը, ինչպես նաև ապահովել պատվիրակության անդամների անվտանգ մուտքի, գտնվելու և անխոչընդոտ ելքի պայմանները։
Նրա խոսքով՝ քննարկման համար ընդունելի են տարբեր պաշտոնապես համաձայնեցված ձևաչափեր՝ ամբողջ պատվիրակության, սահմանափակ կազմով պատվիրակության կամ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցչի ուղեկցությամբ այցի տարբերակները՝ պայմանով, որ հնարավոր լինի անմիջական մարդասիրական շփում ունենալ բանտարկյալների հետ և նրանց փոխանցել հարազատների ուղարկած անձնական իրերը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Զոնաբենդը կրկին կոչ է արել նշանակել նախաձեռնության համակարգման համար պատասխանատու անձ և ապահովել այցի նախապատրաստման համար անհրաժեշտ դիվանագիտական ու գործնական աջակցությունը։
«Ես ցանկանում եմ գործել բաց, պատասխանատու կերպով և բացառապես պաշտոնական ուղիների միջոցով։ Ակնկալում եմ պաշտոնական պատասխան և գործնական համագործակցության պատրաստակամություն»,- ասված է Զոնաբենդի հայտարարության մեջ։
Բաքվում քսան տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանը և Արցախի ռազմաքաղաքական յոթ այլ ղեկավարներ Ադրբեջանում բանտարկված են 2023-ի սեպտեմբերից՝ Արցախի էթնիկ զտումից հետո։ Ներկայում Ադրբեջանում պաշտոնապես 19 հայ գերի կա։










