Սիրանուշ Ադամյան
Ազգային ժողովի օգոստոսի 3-ի նիստում, որտեղ քննարկվում էր Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի թեկնածությունը ԱԺ փոխնախագահի պաշտոնում, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարցրեց՝ ինչպես է նրա կինը՝ Շուշան Ալեքսանյանը, նշանակվել պետական «Հայփոստ» ընկերության գլխավոր տնօրեն։
Խամոյանը հիշեցրեց, որ «Հայփոստը» ամբողջությամբ պետական ընկերություն է, և ասաց, որ Ալեքսանյանը տարեկան ստանում է 118,000 դոլար (մոտ 3.6 մլն դրամ ամսական) աշխատավարձ։ Նա նաև անդրադարձավ «Ազատություն» ռադիոկայանի հետաքննությանը, ըստ որի՝ «Հայփոստը» և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը չեն տրամադրել տնօրենի ընտրության մրցույթի վերաբերյալ արձանագրություններն ու այլ տեղեկություններ, ինչը, ըստ պատգամավորի, խորացնում է կասկածները նշանակման գործընթացի թափանցիկության վերաբերյալ։
Ի պատասխան՝ Կոնջորյանն ասաց, որ իր կինը մինչև գլխավոր տնօրենի պաշտոնը հինգ տարի աշխատել է «Հայփոստում»՝ որպես վարչության ղեկավար, ապա մասնակցել է մրցույթին և ընտրվել մրցութային խորհրդի կողմից։
«Իմ կինը «Հայփոստի» պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացած տնօրենն է։ Երբևէ «Հայփոստի» պատմության մեջ չի եղել տնօրեն, որ ստանա այնքան աշխատավարձ, որքան ստացել է իմ կինը։ Նախորդ տարիներին և տասնամյակներում տնօրենները ստացել են էականորեն ավելի բարձր աշխատավարձ»,- հայտարարեց Կոնջորյանը։
Նա նաև ընդգծեց, որ «Հայփոստը» 100 տոկոսով ինքնաֆինանսավորվող ընկերություն է, և իր կնոջ աշխատավարձը չի վճարվում պետական բյուջեից։
Խամոյանը հակադարձեց, որ Կոնջորյանի համեմատությունը նախկին տարիների աշխատավարձերի հետ տեղին չէ, քանի որ «Հայփոստը» միայն 2020-ից է անցել պետական կառավարման ներքո։ Մինչ այդ այն եղել է հավատարմագրային կառավարման (մասնավոր կառավարման) համակարգում։ Նրա խոսքով՝ մասնավոր կառավարվող ընկերությունը կարող էր տնօրենի համար սահմանել ցանկացած չափի աշխատավարձ, մինչդեռ այժմ խոսքը պետական կառավարման ներքո գործող ընկերության մասին է, որտեղ գլխավոր տնօրենը տարեկան ստանում է շուրջ 118,000 դոլար։ Խամոյանը նաև պնդեց, որ վարչության ղեկավարից գլխավոր տնօրենի պաշտոնին անցումը չափազանց արագ է եղել և որ Կոնջորյանի ազդեցությունը նշանակման գործընթացում, եթե ոչ ուղղակի, ապա ակնհայտորեն առկա է եղել։ Նա կրկին հարցրեց, թե ինչու չեն հրապարակվում մրցույթի արձանագրությունները՝ նշելով, որ լրագրողների հարցումները մերժվել են։
Կոնջորյանը, իր հերթին, ընդդիմադիր պատգամավորին մեղադրեց վերջին հինգ տարիներին «հարկատուների հաշվին աշխատավարձ ստանալու և աշխատանքի չներկայանալու» մեջ։
Ինչպես է Կոնջորյանի կինը դարձել «Հայփոստի» ղեկավար
«Ազատություն» ռադիոկայանի հրապարակած հետաքննության համաձայն՝ «Հայփոստի» գլխավոր տնօրեն Շուշան Ալեքսանյանը ստանում է ամսական մոտ 10,000 դոլար աշխատավարձ։ «Հայփոստը» և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը չեն տրամադրել տնօրենի ընտրության մրցույթի վերաբերյալ պահանջված տեղեկությունները, այդ թվում՝ մրցույթի արձանագրությունները, իսկ նախարարությունը հայտնել է, որ տնօրենի աշխատավարձի սահմանման առանձին բանաձև կամ չափորոշիչ չի սահմանվել։
Հետաքննության մեջ նաև նշվում է, որ 2025-ին «Հայփոստի» հասույթն ու համախառն շահույթը նվազել են, վարկային պարտավորությունները՝ աճել, մինչդեռ ընկերությունը հայտնել է, որ ֆինանսական արդյունքների փոփոխությունը չի ազդում գլխավոր տնօրենի աշխատավարձի վրա։












