Քննչական կոմիտեն հայտնում է, որ «Հայաստան» դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված անձի և դաշինքի շտաբներից մեկի ղեկավարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ հավաքին մասնակցելու նպատակով անձին նյութապես շահագրգռելու կասկածանքով։
ՔԿ-ի փոխանցմամբ՝ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2026 թվականի ապրիլ-մայիս ամիսներին «Հայաստան» դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Հ․Դ․-ն և շտաբներից մեկի ղեկավար Հ․Ս․-ն դաշինքի հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռել են Ս․Մ․-ին։
Ըստ Քննչական կոմիտեի՝ նրան աշխատանքի տեսքով քողարկված եղանակով խոստացվել է վճարել 150 հազար դրամ։
Նախաքննության ընթացքում հսկող դատախազը որոշում է կայացրել Հ․Ս․-ի և Հ․Դ․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հատկանիշներով։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։












