Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35%-ը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները

Ամփոփվել են ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ ընդունելության լրացուցիչ փուլի արդյունքները։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից։
Սեպտեմբերին բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ ՀՀ պետական և ոչ պետական բուհերում իրենց ուսումնառությունը կսկսեն 10,958 առաջին կուրսեցիներ` բուհ և մասնագիտություն հայտագրած դիմորդների (15,859 դիմորդ) 69,1%-ը, և 2026-ի հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ընդհանուր թվի (22,205 շրջանավարտ) 49,35%-ը։
Ըստ Գնահատման և թեստավորման կենտրոնի տրամադրած տվյալների՝ լրացուցիչ փուլով ՀՀ բուհեր է ընդունվել ևս 1073 դիմորդ։
Ավելի վաղ, բուհական ընդունելության հիմնական մրցույթի արդյունքում ՀՀ բուհեր էին ընդունվել 9,885 դիմորդներ։
Մրցույթի հիմնական և լրացուցիչ փուլերում բուհ ընդունված դիմորդները զբաղեցրել են 2026-2027 տարվա համար հատկացված ընդհանուր 12,720 տեղերի 86,15%-ը։
2021–2025-ին առկա ուսուցմամբ բակալավրի, անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով ընդունվածների թիվն աճել է 9700-ից մինչև 10,970։ 2026-ին ցուցանիշը շարունակում է լինել կայուն՝ 2021-ի համեմատ աճելով շուրջ 13%-ով։
Ըստ նախնական տվյալների, ընդունելության հիմնական և լրացուցիչ փուլում ամենամեծ թվով ընդունված դիմորդներ ունեն Երևանի պետական համալսարանը, Հայաստան պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը:

Անցյալ տարվա համեմատ անփոփոխ է մնացել ամենապահանջված մասնագիտությունների տասնյակը. մեկ տեղի հարաբերակցությամբ առավել շատ դիմորդներ ունի ԵՊԲՀ «Ստոմատոլոգիա» մասնագիտությունը՝ 3 դիմորդ, երկրորդ տեղում ԵՊՀ «Տնտեսագիտություն» մասնագիտությունն է 2.7 դիմորդ, երրորդը ՌՀՀ «Իրավագիտություն» մասնագիտությունն է 2.5 դիմորդ։ Մեկ տեղի համար 2.3-ական հայտ են ստացել ԵՊԲՀ «Բուժական գործ», ՀՊՏՀ «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» և ԵՊՀ «Հանրային կառավարում» մասնագիտությունները։
Դիմորդների բացարձակ թվով առաջատարն են ԵՊԲՀ «Բուժական գործ» (832 հայտ, 397 ընդունված դիմորդ), ՃՇՀԱՀ «Ճարտարապետություն» (442 հայտ, 245 ընդունված դիմորդ), ՀՊՏՀ «Տնտեսագիտություն» (402 հայտ, 205 ընդունված դիմորդ) մասնագիտությունները։
Կազմակերպություն
Պատմություն











