Փաշինյանն ու ԱՄՆ ներկայացուցիչը քննարկել են TRIPP նախագծի իրականացումն ու տարածաշրջանային խաղաղությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին, հայտնում են կառավարությունից:
Վարչապետը կարևորել է Միացյալ Նահանգների և, մասնավորապես, նախագահ Դոնալդ Թրամփի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում՝ շեշտելով, որ 2025-ի օգոստոսի 8-ից հետո տարածաշրջանում ձևավորվել է կայուն և դրական մթնոլորտ։ Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է ձեռք բերված պայմանավորվածությունների առաջմղումը և գոհունակություն հայտնել դրանց ընթացքից։
Արյե Լայթսթոունը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել նախագահ Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի շնորհավորանքները՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Նա համոզմունք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ Հայաստանը կշարունակի իր առաջնահերթությունների հետևողական իրականացմանը և ժողովրդավարության ամրապնդմանը միտված քայլերը։
Զրուցակիցները քննարկել են TRIPP նախագծի կյանքի կոչմանը վերաբերող հարցեր՝ վստահություն հայտնելով, որ տեխնիկական հարցերի լուծման արդյունքում առաջիկայում էլ ավելի տեսանելի կլինեն այդ ուղղությամբ իրականացվող գործնական քայլերը։
Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։











