Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու հարցը մնում է օրակարգում․ ՌԴ ԱԳՆ պաշտոնյա

Մոսկվան և Երևանը քննարկում են Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում Հայաստանի հյուպատոսական գրասենյակի բացման հարցը, սակայն կոնկրետ ժամկետների մասին խոսելը դեռևս վաղաժամ է։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտնել է Վլադիկավկազում ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցչության ղեկավար Բագիր Մամիևը։
«Այսօրվա դրությամբ ինչպես Վլադիկավկազում Հայաստանի հյուպատոսական բաժանմունքի, այնպես էլ Կապանում Ռուսաստանի Գլխավոր հյուպատոսության բացման հարցը երկկողմ օրակարգից հանված չէ, սակայն որոշակի ժամկետների մասին խոսելը վաղաժամ է», - նշել է Մամիևը։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեռևս 2023-ին էր հայտարարել Հյուսիսային Օսիայում հյուպատոսական գրասենյակ հիմնելու Երևանի ծրագրերի մասին։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է նաև, որ Վլադիկավկազում գործող ներկայացուցչությունը կայուն աշխատանքային շփումներ է պահպանում Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հետ։ Այդ համագործակցությունն ընդգրկում է նաև «Վերին Լարս» անցակետում հայ բեռնափոխադրողներին առնչվող հարցերի կարգավորումը, որը հանդիսանում է Ռուսաստանը Վրաստանին, և հետևաբար՝ Հայաստանին կապող միակ ցամաքային երթուղին։
***
Ռուսաստանի՝ Սյունիքում հյուպատոսության հնարավոր բացման մասին առաջին անգամ 2023-ի մայիսի վերջին խոսեց Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Պալտովը։ Նա նշեց, որ Մոսկվայում մայիսի 25-ին կայացած Փաշինյան-Պուտին հանդիպմանը հայկական կողմը հավանություն է տվել այս նախաձեռնությանը։
Հայաստանի ԱԳՆ-ն դրական էր արձագանքել ՌԴ-ի՝ Սյունիքում հյուպատոսության բացման առաջարկին։ Արդեն 2023-ի հոկտեմբերի 6-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը պաշտոնապես հայտնեց Սյունիքում հյուպատոսության բացման որոշման մասին։ Մեկ ամիս անց՝ 2023-ի նոյեմբերի 2-ին, Ռուսաստանի կառավարությունը հավանություն տվեց Կապանում գլխավոր հյուպատոսության բացման համաձայնագրին:
2024-ի նոյեմբերի 2-ին ՌԴ կառավարության և Հայաստանի կառավարության միջև Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ համաձայնագրի կնքման և նոտաների փոխանակում եղավ։
Իսկ 2024-ի հունիսի 1-ին Ռուսաստանի կառավարությունը հավանություն տվեց Կապանում գլխավոր հյուպատոսության բացման ՌԴ ԱԳՆ-ի առաջարկին:
Այսպիսով, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը տարածք չի հատկացրել Կապանում ՌԴ հյուպատոսության համար, իսկ Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման հստակ ժամկետներ դեռ չկան։











