Գլխավոր Լրահոս

ԵՄ արտոնություններից այն կողմ. հայ արտահանողների խնդիրները

ԵՄ արտոնություններից այն կողմ. հայ արտահանողների խնդիրները

Սիրանուշ Ադամյան

Հայ արտադրողները եվրոպական շուկա մուտք գործելիս բախվում են մի շարք խոչընդոտների՝ լոգիստիկ խնդիրներից ու միջազգային մրցակցությունից մինչև գնորդներ գտնելու և խոշոր պատվերներ ապահովելու դժվարություններ։ Այս պայմաններում Եվրամիությունը երկու տարով արտոնյալ պայմաններ է սահմանել Հայաստանից արտահանվող ապրանքների շուրջ 80 տոկոսի համար՝ կասեցնելով դրանց ներմուծման մաքսատուրքերը։ Բայց արդյո՞ք այդ արտոնությունները բավարար են, որ հայկական արտադրանքը հաստատվի եվրոպական շուկայում և արտահանման զգալի աճ ապահովի։

Արտահանողները՝ մաքսային արտոնությունների մասին

ՍիվիլՆեթի հետ զրույցում արտահանողները նշում են, որ դրական են համարում մաքսային արտոնությունները, սակայն շեշտում են՝ խնդիրներ դեռ շատ կան։

Ռուսական շուկայում առաջացած սահմանափակումներից հետո նոր ուղղություններ է փորձում գտնել նաև Հայաստանի խոշոր ձկնաբուծական ընկերություններից մեկը՝ «Մաքս Ֆիշ»-ը։

Ընկերության տնօրեն Արմեն Կարապետյանի խոսքով՝ փորձել են Թուրքիայի տարածքով ձուկն արտահանել Ռումինիա, նաև՝ Ուկրաինա և Մոլդովա, սակայն տարանցման թույլտվության հարցը չի լուծվել, և բեռները վերադարձվել են։ Ընկերությունը չի կարողացել դրանք ուղարկել նաև այլընտրանքային երթուղով։

Նույնիսկ փոխադրման խնդիրների լուծման դեպքում հայ ձկնարտադրողներին եվրոպական շուկայում սպասում է մեկ այլ խնդիր՝ մրցակցությունը։ Ձկնաբույծների միության նախագահ Գոռ Գրիգորյանի խոսքով՝ հայկական արտադրանքը պետք է մրցի այնպիսի խոշոր արտադրողների հետ, ինչպիսին Նորվեգիան է։

«Շատ հզոր ձկնաբուծական արտադրություն ունեն իրենք, և շատ դժվար է լինելու վերջիններիս հետ մրցել։ Այսինքն՝ պետք է մտնել շուկա, ուսումնասիրել, միգուցե՝ վերամշակած տարբերակով կարողանանք այնտեղ ապրանք առաջարկել»,- նշում է Գրիգորյանը։

Պահածոներ ու չրեր արտադրող «Gourmet Lab» ընկերության տնօրեն Արտյոմ Թադևոսյանի խոսքով՝ եվրոպական շուկայում հայկական արտադրանքը դեռ բավարար չափով ճանաչված չէ։ Եթե հետխորհրդային երկրներում սպառողներն արդեն ծանոթ են հայկական չրերին ու պահածոներին, ապա Եվրոպայում այդ ճանաչելիությունը դեռ պետք է ձևավորել։

«Gourmet Lab»-ի տնօրեն Արտյոմ Թադևոսյանը
«Gourmet Lab»-ի տնօրեն Արտյոմ Թադևոսյանը

«Մենք կարող ենք Եվրամիություն մտնել մեր ունիկալ պրոդուկտներով, որը որ չկա Եվրամիությունում կամ կա շատ քիչ քանակով։ Այսինքն՝ հայկական պրոդուկտներով, ոչ թե լոլիկով, վարունգով կամ պղպեղով, որը Եվրամիության ամեն երկրում էլ արտադրվում է։ Այլ այն պրոդուկտներով, որոնք այնտեղ չեն արտադրվում՝ մեր պահածոները, մեր քաղցրավենիքները, որով մենք տարբերվում ենք։ Իսկ դա տասնյակ տարիների աշխատանք է»,- ասում է Արտյոմ Թադևոյսանը։

Միայն զրոյական մաքսատուրքը բավարար չէ. ԵՄ դեսպան

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ՍիվիլՆեթին տված գրավոր պատասխանում նշել է, որ արտոնությունների նպատակն է օգնել հայ գյուղարտադրողներին ու ընկերություններին նոր գնորդներ գտնել և դիվերսիֆիկացնել Հայաստանի տնտեսությունը։

Մարագոսը երկամյա արտոնությունների շրջանը համարել է հնարավորություն, որը հայկական բիզնեսը պետք է լիարժեք օգտագործի։ Նա նաև ընդգծել է, որ մաքսատուրքերի կասեցումն ինքնին բավարար չէ եվրոպական շուկայում հաստատվելու համար։

«Որոշիչ նշանակություն ունեն Եվրամիության չափանիշներին հետևողականորեն համապատասխանելը, մատակարարման հուսալի ծավալներ ապահովելը և եվրոպացի գործընկերների հետ վստահության վրա հիմնված երկարաժամկետ հարաբերություններ կառուցելը։ Երկարաժամկետ հաջողության համար անհրաժեշտ են և՛ լավ պատրաստված բիզնեսներ, և՛ աջակցող ինստիտուցիոնալ միջավայր»,- ընդգծել է Մարագոսը։

Նրա խոսքով՝ հաջողության միասնական ճանապարհ չկա․ որոշ ընկերություններ կարող են շուկայում առանձնանալ յուրահատուկ արտադրանքով, իսկ մյուսները՝ միավորել իրենց ուժերը՝ ավելի մեծ ծավալներ ապահովելու համար։

Մարագոսի խոսքով՝ ԵՄ-ն աշխատում է նաև հայկական արտադրողների՝ եվրոպական պահանջներին համապատասխանելու կարողությունները զարգացնելու ուղղությամբ։ Այդ աշխատանքը ներառում է լաբորատորիաների ստեղծմանն ու հավատարմագրմանն աջակցությունը, որպեսզի արտադրանքի անվտանգության ստուգումների արդյունքները վստահելի լինեն։

Ինչպե՞ս մրցակցել եվրոպական շուկայում

Միջազգային առևտրի կենտրոնի ներկայացուցիչ Պիեռ Բոնթոնոյի խոսքով՝ եվրոպական շուկայում մրցակցելու համար արտադրանքը պետք է լինի անվտանգ, ունենա կայուն որակ, մրցունակ գին և պատշաճ փաթեթավորում։ Սակայն այս պայմանները բավարար չեն․ անհրաժեշտ է նաև առանձնացնել ապրանքը մրցակիցներից և ներկայացնել դրա յուրահատկությունը։

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանը, բացառությամբ գինու, միջազգային շուկայում դեռ բավարար ճանաչելիություն չունի գյուղմթերքի և սննդամթերքի ոլորտում։

«Սա կարելի է դիտարկել որպես թերություն, բայց միաժամանակ նաև հնարավորություն է՝ պատմելու ձեր երկրի և ձեր արտադրանքի մասին»,- նշել է Բոնթոնոն՝ խոսելով միջազգային շուկայում հայկական գյուղմթերքի և սննդամթերքի ցածր ճանաչելիության մասին։

Միջազգային առևտրի կենտրոնի ներկայացուցիչ Պիեռ Բոնթոնոն
Միջազգային առևտրի կենտրոնի ներկայացուցիչ Պիեռ Բոնթոնոն

Նրա խոսքով՝ արտադրողները կարող են մրցակցել ցածր գնով և մեծ ծավալներով կամ շեշտադրել արտադրանքի որակն ու առանձնահատկությունները՝ ներկայացնելով դրա ծագումն ու պատմությունը։

Շվեդիայի Ազգային առևտրային խորհրդի առևտրային քաղաքականության հարցերով խորհրդական Լյիլիանա Ռսումովիչի խոսքով՝ եվրոպական շուկա արտահանելիս կարևոր են նաև փաթեթավորման և մակնշման պահանջները։ Դրանք ոչ միայն արտադրանքը գրավիչ ներկայացնելու, այլև սահմանված կանոնակարգերին համապատասխանելու հարց են։

Եվրոպական շուկայում մրցակցելու համար արտադրողները պետք է հաշվի առնեն նաև արտահանման ընթացակարգերն ու գնորդների պահանջները։ Դրանք տարբերվում են՝ կախված ապրանքի տեսակից։ Սննդամթերքի դեպքում կարևոր են ոչ միայն ծագման կանոններին համապատասխանելը, այլև անվտանգության պահանջներն ու վերահսկողության ընթացակարգերը։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչ Արթուր Մամիկոնյանի խոսքով՝ Եվրոպական հանձնաժողովի TRACES համակարգում գրանցման և համապատասխանության ստուգման պահանջը վերաբերում է կենդանական ծագման որոշ ապրանքների՝ ձկանը և մեղրին։ Բուսական ծագման արտադրանքի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է սահմանին։

Համակարգում գրանցված է ձկնարտադրությամբ զբաղվող չորս և մեղրի արտադրությամբ զբաղվող երկու տնտեսավարող սուբյեկտ։

Որոշ արտադրողների համար կարևոր են նաև գնորդների պահանջած լրացուցիչ հավաստագրերը։ Օրինակ՝ GlobalG.A.P. հավաստագիրը կարող է պահանջվել թարմ մրգերի ու բանջարեղենի մատակարարումների դեպքում, մասնավորապես՝ մանրածախ առևտրի խոշոր ցանցերի հետ աշխատելիս։

Խոշոր պատվերների համար անհրաժեշտ են մեծ ծավալներ

Հայկական արտադրանքի համար արտոնյալ պայմաններ նախկինում էլ են գործել։ Մինչև 2022 թվականը Հայաստանը օգտվում էր ԵՄ GSP+ արտոնությունների համակարգից, որը որոշ ապրանքների համար նախատեսում էր մաքսատուրքերի նվազեցում կամ վերացում։ Սակայն, Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գասպարյանի խոսքով՝ այդ հնարավորությունը չապահովեց դեպի եվրոպական շուկա արտահանման ակնկալված աճը։

Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գասպարյանի խոսքով՝ նոր շուկաներ մուտք գործելիս հայկական արտադրողները հաճախ բախվում են խոշոր գնորդների պահանջներին։ Վերջիններս ակնկալում են մեծածավալ պատվերներ և վճարման հստակ պայմաններ, որոնց ոչ բոլոր արտադրողներն են պատրաստ։

«Կառավարության առաջնահերթություններից մեկն այժմ հասկանալն է, թե ինչպես կազմակերպել արտահանմանն ուղղված մեր արտադրանքի համախմբումը, ինչպես նաև ինչպես համագործակցել հայկական շուկա մուտք գործող խոշոր մատակարարող ընկերությունների հետ»,- նշել է փոխնախարարը։

Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գասպարյանը
Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գասպարյանը

Խոշոր պատվերները կատարելու և կայուն մատակարարումներ ապահովելու խնդիրը հատկապես զգալի է փոքր արտադրողների համար։ Փոխարտգործնախարարի խոսքով՝ փոքր տնտեսությունները պետք է կարողանան միավորել իրենց հնարավորությունները կամ համագործակցել խոշոր արտադրողների հետ։

«Մեկ բեռնատար արտահանել դեպի Եվրոպական միություն իրատեսական չէ և ըստ էության որոշակի ծավալ, որակ, ժամկետ և հաճախականություն է պետք, այստեղ կարծում եմ ներքին բիզնեսի որոշակի կոնսոլիդացիա պետք է տեղի ունենա։ Առնվազն փոքր արտադրողները մեծերի հետ պիտի աշխատեն իրենց միջոցով նաև արտահանում իրականացնել»,- ասում է Կոստանյանը:

Միջազգային առևտրի փորձագետ Կարեն Ազարյանի խոսքով՝ փոքր և միջին ձեռնարկություններին անհրաժեշտ է նաև գործնական պետական աջակցություն՝ արտահանման ընթացակարգերը հասկանալու և նոր արտոնություններից օգտվելու համար։

«Մեզ մոտ պակասում է այն կառույցը, որը արտահանման խթանմամբ կզբաղվի, կվերցնի տնտեսավարողներին, նրանց ուղեցույց կտա։ Օրինակ՝ ինչ քայլերի հերթականություն պետք է լինի, որ տնտեսավարողը օգտվի այս հնարավորությունից։ Ես այս ոլորտի փորձագետ եմ, բայց ծանոթ չեմ այդպիսի ուղեցույցի, որովհետև որևէ տեղ հրապարակված չէ»,- ասում է Ազարյանը։

ԵՄ պահանջները՝ հաղթահարելի, բայց գնորդներ գտնելը՝ բարդ

ՍիվիլՆեթի հետ զրույցում արտահանողները շեշտել են, որ ԵՄ պահանջներին համապատասխանելը, նրանց պահանջած լրացուցիչ հավաստագրեր ձեռք բերելը կոնկրետ իրենց համար բարդ չէ, բարդը գնորդներ գտնելն է։

«Gourmet Lab»-ի տնօրեն Արտյոմ Թադևոսյանի համոզմամբ՝ պետությունը պետք է արտադրողներին և վերամշակողներին աջակցի այնքան ժամանակ, մինչև նրանք կարողանան կայուն վաճառք ապահովել և ինքնուրույն մարել իրենց վարկերն ու լիզինգները։

Թադևոսյանի գնահատմամբ՝ եվրոպական շուկայում արտահանման զգալի ծավալներ ապահովելու համար կարող է պահանջվել չորսից հինգ տարի, մինչդեռ մաքսատուրքերի արտոնյալ ռեժիմը նախատեսված է երկու տարով։ Նրա խոսքով՝ արտադրողներին անհրաժեշտ է ժամանակ՝ գնորդների հետ կապեր հաստատելու, պահանջարկ ձևավորելու և կայուն պատվերներ ապահովելու համար։

Մինչ արտադրողները փորձում են նոր շուկաներ գտնել, նրանց մի մասը դժվարանում է պահպանել գործող արտադրությունը։ ՍիվիլՆեթի հետ զրույցում արտահանողներից մեկը հայտնել է, որ վաճառքի է հանել իր ջերմոցները, քանի որ արտահանման սահմանափակումների պայմաններում այլևս չի կարողանում շարունակել աշխատանքը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում