Ըստ հաղորդագրության՝ հայրենադարձված չերքեզին սպառնացել է ՖՍԲ-ն

Խալիդ Կարաֆը
Կադրը՝ տեսանյութից
Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Նյու Յորքում գործող «Չերքեզական կենտրոն» հիմնադրամի ղեկավար Մարիաննա Շերուն տեսաուղերձ է հրապարակել՝ հայտնելով, որ Նալչիկում բնակվող հայրենադարձ Խալիդ Կարաֆը կապվել է իր հետ և պատմել, որ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ, ՖՍԲ) սպառնացել է իրեն և որդուն։
Կարաֆը Սիրիայից հայրենադարձված չերքեզ է, որն ապրում է Նալչիկում։ Տեսանյութում Շերուն պատմում է, որ Կարաֆը, փորձելով պարզել անհետացած որդու ճակատագիրը, դիմել է իրավապահներին, ինչից հետո իրեն և ընտանիքի անդամներին կանչել են ՖՍԲ և սպառնացել ուղարկել Ուկրաինայում կռվելու։
Թեև Կարաֆը հայտնել էր, որ որդին Մոսկվայում է, մեկ այլ տեսանյութում նա նաև ասել էր, որ որդին մասնակցում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմին։
Շերուի խոսքով՝ Կարաֆը պատմել է, որ ընտանիքը մոտ վեց ամիս չէր կարողանում կապ հաստատել Մոսկվայում բնակվող որդու հետ։ Ի վերջո, ընտանիքը դիմել է իրավապահ մարմիններին՝ փորձելով պարզել նրա գտնվելու վայրը։
«Այդ ամբողջ ընթացքում ես կարծում էի, որ նա Մոսկվայում է, իսկ այնտեղի մեր հարազատները կարծում էին, որ նա Կաբարդինո-Բալկարիայում է։ Հետո Մոսկվայից զանգահարեցին ու հարցրին. «Ե՞րբ է վերադառնալու»։ Ես պատասխանեցի. «Մի՞թե նա ձեզ մոտ չէ»։ Այդպես էլ իմացա, որ նա անհետացել է»,- անկախ «Կովկասյան հանգույց» լրատվամիջոցին պատմել է Կարաֆը։
Շերուի խոսքով՝ իշխանություններին դիմելուց հետո Կարաֆը սպառնալիքներով հեռախոսազանգ է ստացել։
«Զանգահարողը խոսել է չերքեզերեն և ասել, որ նրա որդուն կուղարկեն գրոհային ստորաբաժանում, և նա այլևս երբեք չի տեսնի իր երեխային, եթե չդադարեցնի չերքեզ ժողովրդի ազատության պայքարի հետ կապված իր քաղաքացիական ակտիվությունը»,- պատմում է Շերուն։
Կարաֆը կարծում է, որ որդու կալանավորումը կարող էր կապված լինել սոցիալական ցանցերում իր գրառումների և մեկնաբանությունների հետ։
«Ես գրել եմ ճշմարտությունը և շարունակում եմ գրել ճշմարտությունը»,- ասել է Կարաֆը։
Օգոստոսի 5-ի երեկոյան չերքեզական կազմակերպություններից մեկի ակտիվիստը, անանունության պայմանով խոսելով «Կովկասյան հանգույցի» հետ, հայտնել է, որ Կարաֆին, նրա կնոջը և դստերը կանչել են ՖՍԲ։ Այնտեղ ընտանիքի անդամներին հայտնել են, որ Նուրդին Կարաֆը զոհվել է Ուկրաինայում մարտերի ժամանակ։
«Որքանով ես գիտեմ, այժմ փորձում են ստիպել Խալիդին տեսանյութ նկարահանել և հետ վերցնել որդու անհետացման վերաբերյալ իր հայտարարությունները։ Միևնույն ժամանակ, նա փորձում է հասնել նրան, որ որդու մարմինը վերադարձնեն իրեն»,- ասել է ակտիվիստը։
Ի պատասխան՝ Կաբարդինո-Բալկարիայի իշխանությունները պետական KBR լրատվական գործակալության կայքում պաշտոնական հայտարարություն են հրապարակել՝ տեղեկությունները որակելով կեղծ և արտերկրում գործող ակտիվիստներին մեղադրելով չերքեզ հայրենադարձների հարցը քաղաքական նպատակներով շահարկելու մեջ։
«Նուրդին Կարաֆը չերքեզ հայրենադարձ էր, որը վերադարձել էր իր պատմական հայրենիք և գիտակցված որոշում կայացրել պաշտպանել Ռուսաստանի շահերը։ Նա կամավոր միացել էր Ռուսաստանի զինված ուժերին և խիզախորեն կռվել ուկրաինական ուժերի դեմ»,- ասվում է հայտարարությունում։
Լրատվական գործակալության տվյալներով՝ Նուրդին Կարաֆը 2025-ի օգոստոսից պաշտոնապես համարվում էր մարտական գործողությունների ժամանակ անհետ կորած։ 2026-ի ապրիլին դատարանը նրան մահացած է ճանաչել զինվորական պարտականությունները կատարելիս։
«Հայրենիք վերադարձած բազմաթիվ ադիղների համար ռուսական բանակում ծառայելը դարձել է պատվի հարց և իսկական հայրենասիրության դրսևորում։ Նուրդին Կարաֆը հերոսաբար զոհվել է՝ պաշտպանելով իր երկրի անվտանգությունը»,- ասվում է հայտարարությունում։
Հրապարակման մեջ նաև վկայակոչվում է Խալիդ Կարաֆի տեսաուղերձը, որում նա ասում է, որ երբեք չի դիմել Շերուին՝ պնդելով, թե իր որդուն առևանգել են։
Տեսանյութում Կարաֆն ասում է, որ Շերուի ներկայացրած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Նրա խոսքով՝ որդին 2023-ին պայմանագիր է կնքել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ։ Կարաֆը նշում է, որ Շերուն պարզապես տեսել էր առցանց խմբերից մեկում իր գրառումը, որտեղ նա փորձում էր տեղեկություն ստանալ որդու գտնվելու վայրի մասին, և առաջարկել էր օգնել, եթե պարզվեր, որ Նուրդինը գերեվարվել է։
Կազմակերպություն











