Գլխավոր Լրահոս

Ադրբեջանական բեռնատարը կանգնեցնելուց հետո Վրաստանը հետաքննում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցելու ենթադրյալ փորձը

Վրաց-թուրքական սահմանին Սարփի (Սարփ) անցակետը

Վրաց-թուրքական սահմանին Սարփի (Սարփ) անցակետը

Լուսանկարը՝ OC Media-ի

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաստանի եկամուտների ծառայությունը հայտնել է, որ մասքային ծառայողները, իրենց բնորոշմամբ, հայտնաբերել են կեղծ փաստաթղթերի միջոցով Թուրքիայից Ռուսաստան ԵՄ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ տեղափոխելու ենթադրյալ փորձ։ Ըստ գերատեսչության՝ գործը փոխանցվել է քննիչներին։

Հրապարակված հայտարարության համաձայն՝ Ադրբեջանում գրանցված բեռնատարը հուլիսի 24-ին Թուրքիայից Վրաստան է մուտք գործել Սարփի անցակետով։

Եկամուտների ծառայության տվյալներով՝ վարորդն ի սկզբանե հայտարարագրել է, որ բեռը՝ եվրոպական ծագման ապրանքները, տարանցիկ ճանապարհով Թուրքիայից տեղափոխվում է Ռուսաստան։ Վրաստանի կողմից կիրառվող ԵՄ պատժամիջոցներին համապատասխան՝ բեռնատարը հետ է ուղարկվել Թուրքիա։

Գերատեսչության հաղորդմամբ՝ մի քանի ժամ անց նույն բեռնատարը կրկին վերադարձել է Սարփի անցակետ։ Երկրորդ մաքսային հայտարարագրման ժամանակ վարորդը ներկայացրել է ապրանքների թուրքական ծագումը հավաստող վկայական։

Հիմնավոր կասկածներ ունենալուց հետո մաքսային ծառայողները բեռի մասնակի տեսողական զննություն են իրականացրել։ Ըստ գերատեսչության՝ բեռի գործարանային պիտակների վրա որպես ծագման երկրներ նշված են եղել Գերմանիան և Խորվաթիան, ինչը հակասել է ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներին։

Եկամուտների ծառայությունը հայտնել է, որ հայտնաբերել է փաստաթղթերի ենթադրյալ կեղծման և մաքսային վերահսկողությունը շրջանցելով պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ տեղափոխելու ենթադրյալ փորձ։ Գործը հետագա քննության համար փոխանցվել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը։

Հայտարարությունը հաջորդել է ադրբեջանական իշխանամետ Report լրատվամիջոցի հրապարակումներին, ըստ որոնց՝ ադրբեջանցի բեռնատարների վարորդներն արդեն մի քանի օր է՝ կանգնած են Վրաստանի մաքսային անցակետերում՝ առանց տեղեկություն ստանալու ուշացումների պատճառների մասին։

Report-ի տվյալներով՝ ուշացումները հիմնականում վերաբերում են Սարփի և Կարմիր կամուրջ սահմանային անցակետերին, ինչպես նաև Թբիլիսիի մաքսազերծման կենտրոնին։

Վարորդները լրատվամիջոցին հայտնել են, որ իրենց չեն տեղեկացրել, թե ուղևորությունը շարունակելու համար ինչ լրացուցիչ ընթացակարգեր պետք է անցնեն կամ ինչ փաստաթղթեր ներկայացնեն։ Նրանք նաև պնդել են, որ մաքսային ծառայողներն իրենց նկատմամբ անտարբեր վերաբերմունք են ցուցաբերել՝ բազմիցս ասելով սպասել՝ առանց բացատրելու ուշացման պատճառը։

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը OC Media-ին հաստատել է, որ Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատունը դիմել է նախարարությանը՝ Վրաստան մուտք գործող և երկրի տարածքով անցնող ադրբեջանական բեռնատարների ուշացումների հարցով։

«Վերոնշյալ տեղեկությունը փոխանցվել է Վրաստանի համապատասխան գերատեսչություններին, որոնք հայտնաբերված խախտումների կապակցությամբ իրականացնում են Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված միջոցառումներ»,- հայտնել է նախարարությունը։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում