Գլխավոր Լրահոս

Թուրքիայի Հայոց Պատրիարքությունը մտահոգություն է հայտնել Կաթողիկոսի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ

Թուրքիայի Հայոց Պատրիարքությունը մտահոգություն է հայտնել Կաթողիկոսի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ

Թուրքիայի Հայոց Պատրիարքությունը մտահոգություն է հայտնել Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Պատրիարքությունը նշել է, որ Վեհափառ Հայրապետին և եպիսկոպոսներին դատարաններ կանչելն ու նրանց մեղադրելը վիրավորում է եկեղեցու պատիվը։

Հայտարարության մեջ շեշտվել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայ ժողովրդի հոգևոր միության հիմքն է, և նման գործընթացներն անտեսում են սահմանադրական երաշխիքները։ Պատրիարքությունը հիշեցրել է, որ եկեղեցին միշտ կանգնած է եղել ժողովրդի կողքին, այդ թվում՝ պետականություն չունեցած դժվար ժամանակներում։

Թուրքիայի Հայոց Պատրիարքական Աթոռը հայտնել է իր լիակատար զորակցությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսին և հոգևորականներին։ Այն կոչ է արել պատասխանատուներին պաշտպանել եկեղեցին և եկեղեցական հարցերը չվերածել դատական վեճերի։ Հայտարարությունն ավարտվել է աղոթքով ու բոլորին խաղաղություն մաղթելով։

Օգոստոսի 7-ին, Վաղարշապատի դատարանում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։ Գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել։

Իրավական վեճը ծագել է Մասսյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին (Արման Սարոյան) պաշտոնից ազատելուց հետո:

2026-ի հունվարին կաթողիկոսի որոշմամբ պաշտոնանկ արված եպիսկոպոսը դիմել էր դատարան: Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր, որ մինչև գործի քննության ավարտը Սարոյանը պետք է շարունակի պաշտոնավարել, իսկ եկեղեցուն արգելվել էր խոչընդոտել նրա լիազորությունների իրականացումն ու ֆինանսական հաշիվների տնօրինումը:

Չնայած դատարանի որոշմանն ու Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական ծանուցմանը՝ Գարեգին Բ-ն և Գերագույն հոգևոր խորհուրդը որոշել են կարգալույծ անել Սարոյանին: Ըստ դատախազության՝ եկեղեցական ղեկավարությունն այս քայլով դիտավորյալ շրջանցել ու խախտել է դատարանի պահանջը:

Գործով որպես մեղադրյալ են ներգրավվել կաթողիկոս Գարեգին Բ-ն, Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը, Վահան եպիսկոպոս Հովհաննէսեանը, Էդգար եպիսկոպոս Հակոբյանը և Արթուր եպիսկոպոս Հակոբյանը: Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել։ Արգելվել է Ամենայն հայոց կաթողիկոսի ելքը Հայաստանից։

Մարտին Մասսյացոտնի թեմի եկեղեցականներն անհամաձայնություն ու մտահոգություն էին հայտնել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ընդունված միջանկյալ որոշման վերաբերյալ, որն իրենց փաստացի պարտադրում է որպես առաջնորդ ճանաչել արդեն կարգալույծ հռչակված նախկին Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, որը եկեղեցական կանոնների համաձայն՝ այլևս աշխարհական անձ է՝ Արման Սարոյան անունով։

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրամանով Մասսյացոտնի թեմի առաջնորդը ազատվել էր պաշտոնից հունվարի 10-ին։ «Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականների նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները»,- նշված էր Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ։

Սարոյանը այն տասը եպիսկոպոսներից է, որոնք պահանջում էին կաթողիկոսի հրաժարականը, հանդիպումներ ունենում Նիկոլ Փաշինյանի հետ և պարբերաբար հայտարարություններով հանդես գալիս կաթողիկոսի դեմ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում