Ջերմաստիճանը 30 էր, պորտալարը՝ չկտրված․ բժիշկը մանրամասներ է հայտնել լքված նորածնի մասին

Հալաբյան փողոցի 13 շենքի մոտից օգոստոսի 10-ին ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված նորածին աղջիկն ունեցել է մարմնի ջերմաստիճանի կրիտիկական անկում մինչև 30 աստիճան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի նորաստեղծ ծառայության ղեկավար Արշակ Ջերջերյանը։
Բժշկի խոսքով՝ երեխան ընդունարան է տեղափոխվել շտապօգնության մեքենայով և ոստիկանության ուղեկցությամբ:
«Երեխայի վիճակը գնահատվել է ծանր, առաջին հերթին առկա էր հիպոթերմիա։ Ցավոք սրտի, երեկոն բավական զով էր, և երեխայի ջերմաստիճանը իջել էր մինչև 30 աստիճան, ինչը կրիտիկական է նորածինների համար»,- նշել է Ջերջերյանը։
Նա պարզաբանել է, որ գործող պրոտոկոլի համաձայն՝ երեխային միանգամից տաքացնել չէր կարելի, ուստի ջերմաստիճանը ժամում կես աստիճանով աստիճանաբար բարձրացնելով՝ հասցրել են 36.7 աստիճանի։
Նորածինն ինքնուրույն է շնչում, սակայն շնչական անբավարարություն կա, միացված է CPAP շնչական աջակցության ապարատին, և նրա կյանքին անմիջական վտանգ չի սպառնում։
Անդրադառնալով երեխայի ծննդյան հանգամանքներին՝ ծառայության ղեկավարը տեղեկացրել է, որ հիվանդանոց ընդունվելիս պորտալարը կտրված չի եղել։ Ըստ բժշկի՝ հավանաբար երեխան 36 շաբաթական է ծնվել։
«Պորտալարի թարմությունից դատելով՝ կարելի է մտածել, որ 3-ից 5-6 ժամվա երեխա է, ծնվել է օգոստոսի 10-ին, և վստահորեն կարող ենք ասել, որ նա բուժհիմնարկում չի ծնվել», - ասել է նա։
Նորածնի քաշը 2550 գրամ է, հասակը 48 սմ, ինչը մասնագիտական գնահատմամբ բնականոն ցուցանիշ է։
Բժիշկը հայտնել է, որ երեխայի հետագա խնամքի և անվանակոչության հարցերով զբաղվելու են սոցիալական ծառայությունները։
«Անունը մենք չենք դնելու, անունը սոցիալական ծառայություններն են դնելու», - ընդգծել է Ջերջերյանը։
Բարդությունների բացակայության դեպքում բուժման ընթացքը կտևի շուրջ 20-22 օր, որից հետո երեխան կտեղափոխվի համապատասխան հաստատություն։
Նորածնին օգոստոսի 10-ին երեկոյան Հալաբյան 13 հասցեի խաղահրապարակում մի տղամարդ է գտել։ Նա լրագրողներին պատմել է, որ շենքի բնակիչները ձայներ են լսել, իրեն են ասել։ Սկզբում ձայնը նմանեցրել են շան ձագի ձայնին, հետո երկաթե ճաղերի արանքից հայտնաբերել են ծածկոցի մեջ փաթաթված երեխային։ Անմիջապես զանգել են շտապօգնություն և ոստիկանություն, երեխային տեղափոխել են հիվանդանոց։









