TRIPP-ը միջանցք չէ, այլ՝ ճանապարհ․ Նարեկ Կարապետյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության դիտարկմամբ TRIPP նախագիծը միջանցք չէ, այլ՝ ճանապարհ։ Այս մասին օգոստոսի 12-ին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտնել է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Կարապետյանն ընդգծել է, որ իրենց խմբակցության մոտեցումը սկզբունքորեն տարբերվում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության մոտեցումից, քանի որ իրենք հստակորեն շեշտում են՝ դա ճանապարհ է, և ոչ մի երկիր Հայաստանի տարածքում միջանցք չունի և չի ունենալու։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հայտարարություններին՝ Հայաստանի տարածքում հնարավոր էլեկտրահաղորդման գծերի և տարանցիկ հնարավորությունների շուրջ իրականացված ուսումնասիրությունների վերաբերյալ։ Կարապետյանը հայտնել է, որ իրենց քաղաքական ուժը տեղյակ է եղել հարևան երկրի մասնագետների՝ Մեղրիի տարածաշրջան կատարած այցելությունների մասին, սակայն ոչ թե պետական ինստիտուտների, այլ՝ սեփական կապերի միջոցով։
Ըստ Կարապետյանի՝ ադրբեջանցի մասնագետները Հայաստանում են եղել 2-ից 3 ամիս առաջ։
Օգոստոսի 11-ին Նախիջևան կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի տարածքում ադրբեջանցի մասնագետների ուսումնասիրության արդյունքում տեղորոշվել են այն կետերը, որտեղ պետք է տեղադրվեն էլեկտրական կայաններ։
Անդրադառնալով Հայաստանի տարածքով ենթակառուցվածքների անցկացման հնարավորությանը՝ ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ընդգծել է, որ ցանկացած երկիր, որը ցանկանում է լոգիստիկ կամ տրանսպորտային գիծ անցկացնել Հայաստանի տարածքով, պետք է համապատասխան վճարումներ կատարի պետությանն ու ժողովրդին։
«Իրենք թող վճարեն մեզ, անցկացնեն, եթե տեսնում են, որ ուզում են, մեր երկիրը պետք է շահի դրա մեջ, ինչպես մեր երկրի համաձայնությունը ստանալուց հետո պետք է վճարեն»,- ասել է Կարապետյան։
Խոսելով էներգետիկ անվտանգության և հնարավոր ճգնաժամային ռիսկերի մասին՝ Կարապետյանը բացառել է Ադրբեջանից էլեկտրաէներգիայի կախվածության վտանգները՝ նշելով, որ Հայաստանն ունի էներգետիկ զարգացման բավարար հնարավորություններ և նոր ատոմակայան կառուցելու իրատեսական նախագծեր։ Նա հավելել է, որ զարգացած արևային էներգետիկայի շնորհիվ ցերեկային ժամերին երկիրն ունի հավելուրդային հզորություններ և պատրաստ է էներգիա արտահանել։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանը կարող է էլեկտրաէներգիա ստանալ Ադրբեջանից կամ քննարկել տարանցման հարցը, Կարապետյանը նշել է, որ այս պահին դրան հստակ պատասխանել չի կարող, սակայն պայմանների առկայության դեպքում հնարավոր է քննարկում։
«Սուվերենության հետ կապված, եթե խնդիր չի լինում և արդարացի վճար է ստանում Հայաստանը, կարելի է քննարկել»,- ասել է Կարապետյանը։
Անդրադառնալով TRIPP նախագծի շուրջ «Ուժեղ Հայաստան»-ի դիրքորոշմանը, Նարեկ Կարապետյանն ընդգծել է, որ իրենց խմբակցության մոտեցումը սկզբունքորեն տարբերվում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության մոտեցումից, քանի որ իրենք հստակորեն շեշտում են՝ դա ճանապարհ է, և ոչ մի երկիր Հայաստանի տարածքում միջանցք չունի և չի ունենալու։
Տեղադրություն
Կազմակերպություն










