Հայաստանում ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպման համար կառավարությունը պահուստային ֆոնդից ևս 2,6 մլրդ դրամ կհատկացնի։ Որոշումը հաստատվեց կառավարության օգոստոսի 13-ի նիստում։ Համաժողովը Հայաստանում անցկացվելու է 2026 թվականի հոկտեմբերին Երևանում։
Կառավարության հիմնավորման համաձայն՝ COP17-ի կազմակերպման համար կնքված համաձայնագրերի ընդհանուր արժեքը կազմում է 3,5 մլրդ դրամ։ Դրանից շուրջ 900 մլն դրամն արդեն ֆինանսավորվել է առկա միջոցներից, իսկ մնացած 2,6 մլրդ դրամի համար անհրաժեշտ է լրացուցիչ ֆինանսավորում։
Նախագծում նշվում է, որ կազմակերպչական աշխատանքների ընթացքում ծախսերի ամբողջական նախնական հաշվարկ հնարավոր չի եղել։
Ըստ կառավարության որոշման հիմնավորման՝ COP17 համաժողովի Կապույտ գոտու կազմակերպչական ծառայությունների ձեռքբերումն իրականացվում է մեկ անձից գնման ընթացակարգով։ Շրջակա միջավայրի նախարարությունը շրջանակային պայմանագիր է կնքել «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ի հետ:
COP17-ի կազմակերպման համար կառավարությունը միջոցներ հատկացրել էր նաև հուլիսի 2-ի որոշմամբ։
Փաշինյանը խոսեց «Մերիդիան» կենտրոնում կատարվող ներդրումների մասին
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև COP17-ի անցկացման համար նախատեսված ենթակառուցվածքներին։ Նրա խոսքով՝ միջոցառման կազմակերպման համար պետական բյուջեից կատարված ծախսերից բացի, ներդրումներ են կատարվել նաև մասնավոր հատվածում, մասնավորապես՝ «Մերիդիան» էքսպո կենտրոնում։
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը նշեց, որ «Մերիդիան» կենտրոնի տարածքը կառավարությունը վարձակալում է 2026-ի ամբողջ տարվա համար։ Նախարարի խոսքով՝ 2027-ի հունվարի 1-ից սկսած՝ կառավարությունը ութ տարվա ընթացքում կունենա ևս 400 օրվա օգտագործման հնարավորություն՝ նախապես կատարված վճարի շրջանակում։
Փաշինյանը, անդրադառնալով այդ պայմանավորվածությանը, ասելով որ արդյունքում Հայաստանը կստանա միջազգային չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածք, որը հետագայում հնարավոր կլինի օգտագործել տարբեր մասշտաբի միջոցառումների համար։
«Ութ տարի, 400 օր այդ ձևավորված ենթակառուցվածքը Կառավարությունն իր հայեցողությամբ կարող է օգտագործել»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում միջազգային միջոցառումներ կազմակերպելիս ենթակառուցվածքների հարցը նախկինում հաճախ խնդիրներ է առաջացրել։
Փաշինյանն առաջարկեց Երևանում «COP17» փողոց ունենալ
Կառավարության նիստում Փաշինյանը խոսեց նաև «Մերիդիան» կենտրոնի հարակից տարածքում իրականացվող աշխատանքների մասին։
Նրա խոսքով՝ աշխատանքների ընթացքում պարզվեց, որ Հաղթանակի կամուրջն Արշակունյաց պողոտային միացնող ճանապարհ կա, որը երկար տարիներ չի գործել։ Այդ ճանապարհի վերականգնման արդյունքում, ըստ Փաշինյանի, Երևանը նոր փողոց կունենա։
Վարչապետն առաջարկեց՝ Երևանի քաղաքապետարանն այդ փողոցը անվանի «COP17»-ի անունով։
«Ես առաջարկել եմ, որ Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերներն այդ փողոցն անվանեն «COP17»-ի փողոց՝ որպես այդ համաշխարհային միջոցառման նշանավորում»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ տարածքում վերականգնվում են նաև հարակից ճանապարհներն ու մայթերը, աշխատանքներ են իրականացվում Կարմիր կամրջի ուղղությամբ։
Վարչապետը COP17-ի անցկացումը կարևորեց ոչ միայն բնապահպանական օրակարգի, այլև Հայաստանի միջազգային ճանաչելիության տեսանկյունից։
Նրա խոսքով՝ համաժողովը հնարավորություն է տալիս բարձրացնել Հայաստանի միջազգային տեսանելիությունն ու ճանաչելիությունը։ Փաշինյանը նշեց, որ միջոցառման շրջանակում նախատեսվում են նաև մեդիա ռազմավարություն և տեղեկատվական արշավներ։










