Արցախցիները վարձակալության աջակցության համար պետք է հրաժարվեն բնակարանային ծրագրից

Կացարանի վարձավճարի պետական մասնակի հատուցումից օգտվելու համար Արցախից բռնի տեղահանված ընտանիքները պետք է գրավոր հրաժարվեն բնակարանային ապահովման հիմնական հավաստագրային ծրագրից։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության օգոստոսի 13-ի նիստում։
Նախագծի հիմնավորման մեջ նշված է․ որ որոշման նպատակն է հստակեցնել պետական աջակցության տրամադրման պայմանները և բացառել տարբեր ծրագրերի համընկնման խնդիրը։
Գործադիրի գնահատմամբ՝ նախագծի ընդունումը պետական բյուջեում լրացուցիչ ծախսերի կամ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջացնի, քանի որ փոփոխությունն ուղղված է արդեն իսկ գործող մեխանիզմների հստակեցմանն ու հասցեականության բարձրացմանը։
Գործող կարգավորումների համաձայն՝ վարձավճարի մասնակի փոխհատուցման ծրագրին կարող էին մասնակցել 1-3 անդամից բաղկացած այն ընտանիքները, որոնք չէին ստացել բնակարանային հավաստագիր կամ չեղարկել էին նախկինում տրամադրվածը։ Մինչ այժմ հավաստագրի չեղարկումը չէր զրկում քաղաքացուն հետագայում կրկին բնակարանային ծրագրին դիմելու հնարավորությունից։ Կառավարության առաջարկած նոր փոփոխությամբ այս մեխանիզմը սահմանափակվում է․ վարձակալության աջակցություն ընտրող ընտանիքն այսուհետ պարտավորվելու է գրավոր հրաժարվել բնակարանային ապահովման հիմնական ծրագրից օգտվելու իրավունքից։











