Հայաստանում քաղաքացիության դիմումները 2025-ին հասել են պատմական առավելագույնի. Արմեն Ղազարյան

2025-ին ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը գերազանցել է 32 հազարը։ Դա պատմական առավելագույն ցուցանիշ է, որը պայմանավորված է քաղաքացիությունը բացառապես ճամփորդական փաստաթուղթ ձեռք բերելու նպատակով օգտագործելով. այս մասին օգոստոսի 14-ին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնակատար Արմեն Ղազարյանը։
Ղազարյանի խոսքով՝ դիմումների այս կտրուկ աճը, որը նախորդ երկու տարիներին կազմել էր ավելի քան 20 հազար, իսկ մինչ այդ՝ միջինը 7-8 հազար, ուղղակիորեն կապված է Ուկրաինայում սկսված ռազմական գործողությունների և Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ կիրառված ճամփորդական սահմանափակումների հետ։
Նա ընդգծել է, որ ազգությամբ հայերի համար Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելու պետական պահանջները գործնականում զրոյական են, և չնայած հնարավոր վարչարարական ու թղթային որոշ բարդություններին, պետությունը փաստացի որևէ խիստ պահանջ չի առաջադրում։
Անդրադառնալով քաղաքացիության ինստիտուտի արժևորմանը՝ փոխնախարարի պաշտոնակատարը նշել է, որ այս խնդիրը, որն արտացոլված է նաև Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում, նոր չէ և առաջիկայում կհասցեագրվի համապատասխան օրենսդրական փոփոխությունների նախագծով։
Ղազարյանն անդրադարձել է նաև քաղաքացիության դադարեցման և վերականգնման գործող կարգին՝ այն որակելով ոչ տրամաբանական։ Մասնավորապես, նա մտահոգություն է հայտնել, որ քաղաքացիությունը կամովին դադարեցրած անձը հնարավորություն ունի կարճ ժամանակ անց կրկին դիմել այն վերականգնելու համար։
Բացի այդ, նա առանձնացրել է անչափահասների, հատկապես արական սեռի երեխաների քաղաքացիության դադարեցման հարցը ծնողների որոշմամբ՝ ընդգծելով, որ այս ինստիտուտի շուրջ հանրային անկեղծ քննարկման և լուծումների անհրաժեշտություն կա։
Կազմակերպություն
Տեղադրություն











