Դատարանը վերադարձրել է Լիպարիտ Դրմեյանի հայցադիմումն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս տեղեկատվական հարթակից։
Դրմեյանը Փաշինյանից պահանջում է հրապարակայնորեն հերքել իր հասցեին հնչեցրած զրպարտություն համարվող տեղեկությունները։
Հայցադիմումը դատարան էր մուտքագրվել հուլիսի 31-ին, իսկ օգոստոսի 10-ին կայացվել է այն վերադարձնելու մասին որոշում։
Դատարանն արձանագրել է, որ հայցվորի կողմից չեն պահպանվել քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմպերատիվ պահանջները։ Մասնավորապես, հայցադիմումում չեն նշվել հայցվորի հայրանունը և հաշվառման վայրի հասցեն։ Բացի այդ, դատարանն արձանագրել է, որ պատասխանողին հայցադիմումի և կից փաստաթղթերի պատճեններն ուղարկելու համար ներկայացված փոստային անդորրագրում որպես ստացողի հասցե նշված է եղել միայն հաշվառման հասցեն, ինչը միաժամանակ չի հանդիսանում վերջինիս փաստացի բնակության և ծանուցման հասցե, հետևաբար ներկայացված անդորրագիրը չի կարող հանդիսանալ պատշաճ ապացույց։
Դատարանը նաև անհստակ, ոչ բավականաչափ հստակ ու պարզ է որակել հայցապահանջի ձևակերպումը, որը հիմնված է հղումների վրա, քանի որ դատարանն իրավասու չէ կողմի փոխարեն ընտրելու պահանջը կամ ձևակերպումը։ Նշված խախտումների հիմքով հայցադիմումը վերադարձվել է, և հայցվորին տրամադրվել է եռօրյա ժամկետ թերությունները վերացնելու և այն դատարան կրկին ներկայացնելու համար։ Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ հայցվորի կողմից այն ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում։
Հուլիսի 30-ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հրապարակայնորեն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դրմեյանի դեմ, որից հետո Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել հաղորդմանը։ Վարչապետի անուղղակի «մեղադրանքի» հիմքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին սեփականատերերի հետ արբիտրաժային վեճն է։ Ըստ վարչապետի՝ պաշտոնավարման ընթացքում Դրմեյանը հնարավոր է սպասարկել է մասնավոր ընկերության շահերը, տեղեկատվություն է արտահոսել լրատվական ու քաղաքական շրջանակներին և կազմել փաստաթղթեր, որոնք ուղղակիորեն հակասել են կառավարության պաշտոնական դիրքորոշմանը։ Այս համատեքստում վարչապետը Լիպարիտյանին «Տրոյական ձի» է անվանել։











