Վրաստանում տեղական խորհրդի անդամը Բաքվի տոմս գնելիս խարդախության զոհ է դարձել

Մառնեուլիի տեղական խորհրդի անդամ Նարգիզ Ալիևան
Պաշտոնական լուսանկար
Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Մառնեուլիի տեղական խորհրդի անդամ Նարգիզ Ալիևան հայտնել է, որ Բաքու գնացքի տոմս գնելու փորձի ժամանակ խարդախության զոհ է դարձել։
Մառնեուլիի խորհրդում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը ներկայացնող Ալիևան սոցիալական ցանցերում պատմել է, թե ինչպես է խաբվել։
Պաշտոնական կայքերում տեսնելով, որ Բաքվի գնացքի տոմսերն արդեն սպառվել են՝ նա գտել է Georgian Air անունով էջ։ Այնտեղ նրան տոմսեր են առաջարկել և խնդրել նախապես փոխանցել գումարը կամ անձամբ գնալ ընկերության մասնաճյուղ, որը, ըստ նրանց, գտնվում էր վրացական Քաբալ գյուղում։ Ալիևայի խոսքով՝ խարդախները գիտեին, որ ինքը չի գնա այնտեղ։ Նրա վստահությունը շահելուց հետո նրանք ուղարկել են բանկային հաշվի համար և անձը հաստատող փաստաթուղթ, որը, ինչպես ավելի ուշ պարզվել է, պատկանել է Բոլնիսիի բնակչի։
Գումարը փոխանցելուց հետո Ալիևան տոմսը չի ստացել։ Նա փորձել է զանգահարել Georgian Air-ին, սակայն ոչ ոք չի պատասխանել, իսկ ավելի ուշ պարզել է, որ սոցիալական ցանցերում էջն արգելափակել է իրեն։
Ալիևան հրապարակել է այն անձի լուսանկարը, որի բանկային տվյալներն օգտագործել էին խարդախները, և ընկերների օգնությամբ կարողացել է նրա մասին լրացուցիչ տեղեկություններ գտնել։
Ալիևան նաև դիմել է Մառնեուլիի ոստիկանություն և հայտնել խարդախության մասին։ Գործով քննություն է սկսվել, իսկ երիտասարդը, որի անձնական տվյալներն օգտագործել էին խարդախները, կանչվել է հարցաքննության։
Ալիևայի խոսքով՝ ինքն էլ է փորձել ուսումնասիրել նման դեպքերը և պարզել է, որ TikTok-ում երիտասարդները հաճախ են նմանատիպ եղանակներով խարդախության զոհ դառնում։
Ալիևան երիտասարդներին հորդորել է անծանոթ մարդկանց չտրամադրել անձնական տվյալներ, իսկ խարդախության զոհ դառնալու դեպքում՝ անմիջապես դիմել իրավապահներին և հրապարակայնորեն բարձրաձայնել խնդրի մասին։
Բաքու-Թբիլիսի ուղևորատար գնացքի երթևեկությունը վերջերս վերականգնվել է՝ 2020-ի մարտից վեց տարի տևած դադարից հետո։ Ադրբեջանի ցամաքային սահմաններն այդ ժամանակվանից փակ էին՝ պաշտոնապես COVID-19 համավարակով պայմանավորված։
Կազմակերպություն











