Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից խոստում է ստացել Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչներ մատակարարելու վերաբերյալ և սպասում է դրա կատարմանը։
Թուրքիան նախկինում մասնակցում էր F-35 կործանիչների ստեղծման ծրագրին, սակայն 2019-ին ԱՄՆ-ը նրան հեռացրեց ծրագրից այն բանից հետո, երբ Անկարան Ռուսաստանից ձեռք բերեց Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգեր։
Հուլիսի սկզբին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ պատրաստվում են որոշում կայացնել Թուրքիային F-35 կործանիչներ մատակարարելու հարցի վերաբերյալ։
«Մենք Թուրքիայի հետ շատ լավ հարաբերություններ ունենք։ Տարիներ շարունակ Թուրքիան մեր հանդեպ շատ ավելի լոյալ վերաբերմունք է ցուցաբերում, քան բազմաթիվ այլ պետություններ»,- ասել էր Թրամփը։
Էրդողանը խոսել է նաև տարածաշրջանային մի շարք հարցերի, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի շուրջ լարվածության և Սիրիայում, Գազայում ու Լիբանանում ընթացող պատերազմների մասին։
Թուրքիայի նախագահն ասել է, որ Հորմուզի նեղուցի վերաբացումը Անկարայի առաջնահերթություններից է՝ նշելով, որ դրա շարունակական փակումը չի բխում որևէ կողմի շահերից։ Նրա խոսքով՝ Քաթարը կարևոր դեր է խաղում տարածաշրջանում ռազմական գործողությունները դադարեցնելու միջնորդական ջանքերում։












