Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները։ Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ որոշումից։
Լիազորությունների դադարեցման հիմքը եղել է Ալեքսանյանի հրաժարականի դիմումը։ Մինչ այդ նրա լիազորությունները կասեցված էին։
Արուսյակ Ալեքսանյանը կալանավորվել էր 2022-ի հոկտեմբերի 19-ին։ Նույն քրեական վարույթի շրջանակում հոկտեմբերի 21-ին երկու ամսով կալանավորվել էր նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Քրեական գործը վերաբերում է «Ֆազ» մականունով հայտնի, քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանին։ Ալեքսանյանը բավարարել էր Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը՝ փոխելով Գրիգորյանի խափանման միջոցը և 2,5 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատելով կալանքից։
Ըստ մեղադրող կողմի՝ Սերգեյ Գրիգորյանը Արուսյակ Ալեքսանյանի եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի ընկերն է։
Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Էրիկ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել դատավորին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու համար։
Արուսյակ Ալեքսանյանը շուրջ մեկուկես տարի կալանքի տակ է եղել, այնուհետև մեկ տարի գտնվել է տնային կալանքի տակ։ Հետո նրա նկատմամբ կիրառվել են խափանման միջոցներ՝ վարչական հսկողություն, 25 մլն դրամ գրավ և երկրից բացակայելու արգելք։












