Գլխավոր Լրահոս

Կոլումբիացիները Արմենիան անվանում են «հրաշք քաղաք». The Washington Post-ի անդրադարձը ավերիչ երկրաշարժին

Կոլումբիացիները Արմենիան անվանում են «հրաշք քաղաք». The Washington Post-ի անդրադարձը ավերիչ երկրաշարժին

Կոլումբիայի արևմուտքում օգոստոսի 10-ին տեղի ունեցած 7,4 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժը հարյուրավոր մարդկանց կյանք է խլել և հազարավորների վիրավորել, սակայն էպիկենտրոնից ընդամենը մոտ 70 կմ հեռու Արմենիա քաղաքում ոչ մի շենք չի փլուզվել և ոչ ոք չի զոհվել, գրում է The Washington Post-ը 300,000 բնակիչ ունեցող քաղաքի մասին։

Օգոստոսի 10-ի առավոտյան Կոլումբիայի խաղաղօվկիանոսյան ափին գրանցված երկրաշարժը շենքեր է փլուզել երկրի արևմտյան հատվածում։ Զոհերի թիվը հասել է առնվազն 285-ի, հազարավոր մարդիկ վիրավորվել են։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, և զոհերի թիվը կարող է աճել։

Սակայն էպիկենտրոնից մոտ 69 կմ հեռավորության վրա Արմենիայում փրկարարները փլատակների տակ մարդկանց որոնելու կարիք չեն ունեցել։ Շենքեր չեն փլուզվել, զոհեր չեն եղել։ Համեմատության համար՝ հարևան Պերեյրա և Մանիսալես քաղաքներում տասնյակ մարդիկ են զոհվել, իսկ Կալիում, որը էպիկենտրոնից ավելի քան երկու անգամ հեռու է, գրանցվել է առնվազն 95 զոհ։

Կոլումբիացիները Արմենիան արդեն անվանում են La Ciudad Milagro՝ «հրաշք քաղաք»։ Սակայն քաղաքի ինժեներներն ու պաշտոնյաները կատարվածը հրաշք չեն համարում։ Նրանք ասում են, որ պատճառը 27 տարի շարունակ իրականացված սեյսմիկ անվտանգության միջոցառումներն են։

1999-ի աղետից հետո քաղաքը վերակառուցվեց

Արմենիայի ներկայիս դիմակայունության հիմքում 1999-ի աղետն է։ Այդ տարվա հունվարին 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ավերել էր քաղաքի շենքերի մոտ 60 տոկոսը և գրեթե 1,000 մարդու կյանք խլել։

Այդ աղետից հետո քաղաքում տարին առնվազն երկու անգամ երկրաշարժի վարժանքներ են անցկացվել, ուժեղացվել են փրկարարական և արտակարգ արձագանքման համակարգերը։

«Մենք պատրաստվել ենք։ Մենք ուժեղացրել ենք օգնության և փրկարարական մեր համակարգերը»,- տեղական հեռուստաալիքին ասել է Արմենիայի քաղաքապետ Ջեյմս Պադիլյան։ Նրա խոսքով՝ վերջին տարիների վարժանքներն են քաղաքը դարձրել երկրաշարժադիմացկուն։

Բայց The Washington Post-ը նշում է, որ միայն վարժանքները չէին կարող ապահովել այս արդյունքը։ 1999-ի ավերածությունները քաղաքին ստիպել էին գրեթե զրոյից վերանայել կառուցապատման և սեյսմիկ անվտանգության մոտեցումները։

Կոլումբիացի ինժեներ և սեյսմիկ ռիսկերի մասնագետ Օմար Կարդոնայի խոսքով՝ 1999-ի երկրաշարժը ոչնչացրեց Արմենիայի ամենահին և վատ կառուցված շենքերը։

«Արմենիայում այլևս չկան այն հին շենքերը, որոնք դեռ կան մյուս քաղաքներում»,- ասել է Կարդոնան՝ հավելելով, որ երկրաշարժերը վաղ թե ուշ «ներկայացնում են այդ հաշիվը»։

Աղետից հետո Կոլումբիան ստեղծեց մոտ 1 մլրդ դոլարի հիմնադրամ՝ երկրի սուրճի արտադրության տարածաշրջանը վերականգնելու համար։ Արմենիան բաժանվեց 15 գոտիների՝ ըստ վնասի չափի և աշխարհագրության։ Վերականգնման ծրագրերում ներգրավվեցին հասարակական կազմակերպություններ, քաղաքաշինարարներ, սոցիալական աշխատողներ, ինժեներներ և սեյսմոլոգներ։

Քաղաքը նաև իրականացրեց մանրամասն սեյսմիկ գոտիավորում՝ ուսումնասիրելով, թե տարբեր թաղամասերում հողն ինչպես է արձագանքում ցնցումներին։ Արգելվեց նոր շինարարությունը փխրուն հողերի վրա, որտեղ երկրաշարժի տատանումները կարող են ուժեղանալ, իսկ նոր շենքերի համար կիրառվեցին խիստ սեյսմակայունության նորմեր։

Կոլումբիայի ազգային սեյսմիկ նորմերի նպատակը ոչ թե այն է, որ ուժեղ երկրաշարժի ժամանակ շենքն ընդհանրապես չվնասվի, այլ որ այն չփլուզվի։ Սակայն մասնագետները նշում են, որ երկրի խնդիրը հաճախ ոչ թե կանոնների բացակայությունն է, այլ դրանց չպահպանումը, հատկապես ինքնակամ և ոչ պաշտոնական շինարարության դեպքում։

Կարդոնայի խոսքով՝ երկրաշարժից փրկվելը բախտի խնդիր չէ. «Դա ինժեներիայի, գիտության խնդիր է։ Հնարավոր է շենքերը կառուցել այնպես, որ դրանք չփլուզվեն՝ որքան էլ ուժեղ լինի երկրաշարժը»։

Արմենիայի օրինակը, ըստ The Washington Post-ի ներկայացրած մասնագետների, ցույց է տալիս, որ մեծ երկրաշարժերի մարդկային գինը կանխորոշված չէ։ 1999-ին գրեթե կործանված քաղաքը 27 տարի անց հայտնվեց նոր հզոր երկրաշարժի էպիկենտրոնի մոտ, բայց այս անգամ՝ առանց փլուզված շենքերի և մարդկային զոհերի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում