Գլխավոր Լրահոս

Moderna-ի mRNA պատվաստանյութը հաջող արդյունքներ է ցույց տվել մելանոմայի դեմ

Moderna-ի mRNA պատվաստանյութը հաջող արդյունքներ է ցույց տվել մելանոմայի դեմ

Ամերիկյան Moderna և Merck դեղագործական ընկերությունները հայտարարել են մելանոմայի դեմ անհատականացված mRNA պատվաստանյութի երրորդ փուլի կլինիկական փորձարկման դրական արդյունքների մասին։ Սա քաղցկեղի բուժման ոլորտում mRNA տեխնոլոգիայի կիրառման կարևոր առաջընթաց է․ առաջին անգամ անհատականացված mRNA քաղցկեղային պատվաստանյութը դրական արդյունք է ցույց տվել այս՝ ուշ փուլի կլինիկական փորձարկման ժամանակ, հաղորդում է Reuters-ը։

Moderna-ն համահիմնադրել է ամերիկահայ գործարար և գիտնական Նուբար Աֆեյանը, որը ընկերության խորհրդի նախագահն է։ Նա նաև Flagship Pioneering կենսատեխնոլոգիական ներդրումային ընկերության հիմնադիրն ու գործադիր տնօրենն է։ 

Նոր բուժումը՝ intismeran autogene անհատականացված mRNA պատվաստանյութը, Moderna-ն մշակում է Merck-ի հետ։ Այն կիրառվում է Merck-ի Keytruda իմունաթերապևտիկ դեղամիջոցի հետ համատեղ։

Փորձարկմանը մասնակցել է մելանոմայի բարձր ռիսկ ունեցող 1,137 հիվանդ, որոնց մոտ ուռուցքը նախապես հեռացվել էր վիրահատությամբ։ Մի խումբը մոտ մեկ տարի ստացել է Keytruda-ն և անհատականացված պատվաստանյութը, մյուսը՝ միայն Keytruda-ն։

Ընկերությունների հրապարակած նախնական արդյունքներով՝ համակցված բուժումը վիճակագրորեն նշանակալիորեն նվազեցրել է ինչպես քաղցկեղի վերադարձի, այնպես էլ մարմնի այլ հատվածներ տարածվելու վտանգը՝ միայն Keytruda ստացած հիվանդների համեմատ։ Նոր անվտանգության խնդիրներ փորձարկման ընթացքում չեն արձանագրվել։

Պատվաստանյութի առանձնահատկությունն այն է, որ այն պատրաստվում է կոնկրետ հիվանդի համար։ Հիվանդի ուռուցքի գենետիկական փոփոխությունները վերլուծելուց հետո ստեղծվում է mRNA պատվաստանյութ, որը «սովորեցնում» է իմունային համակարգին ճանաչել տվյալ ուռուցքին բնորոշ մուտացիաները և պայքարել քաղցկեղային բջիջների դեմ։

CBS News-ի հրապարակման համաձայն՝ հետազոտության գլխավոր քննիչ, Սիդնեյի համալսարանի պրոֆեսոր Ջորջինա Լոնգը արդյունքներն անվանել է մելանոմայի հետվիրահատական բուժման համար «շրջադարձային պահ»՝ նշելով, որ նոր մոտեցումը կարող է հիվանդներին ավելի երկար պահել քաղցկեղից ազատ վիճակում։

Moderna-ի գլխավոր գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելն էլ նշել է, որ երկար տարիներ կոնկրետ հիվանդի քաղցկեղի համար նախատեսված mRNA բուժման ստեղծումը պարզապես նպատակ էր, իսկ այժմ այդ գաղափարը մոտենում է իրականությանը։

Արդյունքները հատկապես կարևոր են, քանի որ նախորդ՝ երկրորդ փուլի փորձարկումն արդեն խոստումնալից տվյալներ էր տվել։ Հունվարին հրապարակված հնգամյա արդյունքներով՝ intismeran-ի և Keytruda-ի համակցումը 49%-ով նվազեցրել էր մելանոմայի վերադարձի կամ մահվան վտանգը՝ միայն Keytruda-ի համեմատ։ Նոր՝ երրորդ փուլի փորձարկումը շատ ավելի մեծ թվով հիվանդների շրջանում հաստատում է բուժման արդյունավետության ուղղությամբ առաջընթացը։

Միաժամանակ, նոր արդյունքների ամբողջական թվային տվյալները դեռ չեն հրապարակվել։ Moderna-ն և Merck-ը նախատեսում են դրանք ներկայացնել առաջիկա միջազգային բժշկական համաժողովում և քննարկումներ են սկսել կարգավորող մարմինների հետ։ Moderna-ի նախագահ Սթիվեն Հոգը Reuters-ին ասել է, որ համապատասխան թույլտվության դեպքում բուժումը կարող է հասանելի դառնալ արդեն 2027-ին։

Լուրը կտրուկ արձագանք է առաջացրել նաև ֆինանսական շուկայում։ CBS News-ի տվյալներով՝ օգոստոսի 19-ի առավոտյան Moderna-ի բաժնետոմսերի արժեքն աճել է 145%-ով՝ հասնելով $154.48-ի, իսկ առևտրի ընթացքում՝ մինչև $163։ Merck-ի բաժնետոմսերն աճել են ավելի քան 10%-ով։

Առաջընթացը նաև ցույց է տալիս mRNA տեխնոլոգիայի հնարավորությունները COVID-19-ի դեմ պատվաստանյութերից դուրս։ Եթե բուժումը ստանա կարգավորողների հավանությունը, այն կարող է դառնալ անհատականացված mRNA տեխնոլոգիայի առաջին խոշոր կիրառություններից մեկը քաղցկեղի բուժման մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում