Գլխավոր Լրահոս

Դավիթ Խուդաթյանը չի բացառել Ադրբեջանից էլեկտրաէներգիայի գնումը

Դավիթ Խուդաթյանը չի բացառել Ադրբեջանից էլեկտրաէներգիայի գնումը

Հայաստանի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը չի բացառել, որ Հայաստանը կարող է էլեկտրաէներգիա գնել Ադրբեջանից: Այդ մասին նա հայտարարել է հոկտեմբերի 16-ին COP 17-ի շրջանակում ճեպազրույցի ժամանակ։

Գնման հավանականությունը նախարարը պայմանավորել է երկրում արհեստական բանականության գործարանների հիմնմամբ և դրանով պայմանավորված էլեկտրաէներգիայի սպառման աճող պահանջարկով:

«Եթե մեկ տարի առաջվա մեր թվերը նայենք, Հայաստանի Հանրապետությունում կար էլեկտրաէներգիայի ավելցուկ, և առհասարակ տարածաշրջանում Հայաստանը դիրքավորված էր որպես էլեկտրաէներգիա վաճառող երկիր: Իսկ հիմա արհեստական բանականության գործարանների առկայությամբ և դրանց պահանջարկով պայմանավորված՝ այնպիսի իրավիճակ ունենք, երբ տեսականորեն որքան էլեկտրաէներգիա արտադրի Հայաստանի Հանրապետությունը, կամ որքան էլեկտրաէներգիա լինի Հայաստանի Հանրապետությունում, այն կարող ենք տրամադրել արհեստական բանականության գործարաններին: Եվ այդ տրամաբանության մեջ, այո՛, չի բացառվում իրավիճակ, երբ մենք գնենք այնպես, ինչպես, օրինակ, Վրաստանից գնել ենք և գնում ենք»,- հայտարարել է Խուդաթյանը:

Հոկտեմբերի 8-ին Գորիս քաղաքում տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան կառույցների ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում՝ նվիրված TRIPP նախագծի շրջանակներում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցերին։ Անդրադառնալով այս քննարկումներին՝ նախարարը նշել է, որ նախորդ ամիս ևս մի հանդիպում է եղել, որին մասնակցել են երկու երկրների էներգետիկ ոլորտի պատասխանատուները: Այդ հանդիպմանն էլ քննարկվել է էներգետիկ համակարգերը իրար միացնելու հարցը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ըստ անհրաժեշտության Հայաստանն Ադրբեջանից կարողանա գնել էլեկտրաէներգիա, և Ադրբեջանը Հայաստանից կարողանա գնել էլեկտրաէներգիա:

«Մենք այս ընթացքում ուսումնասիրել ենք առկա ենթակառուցվածքները, որոշակի փոքր ներդրումներ անելու տրամաբանության մեջ ենթակառուցվածքներն արդեն պատրաստ են, և ըստ էության կարող ենք այդ հարցն արդեն ավելի գործնական փուլի հասցնել»,- նշել է նախարարը:

Խուդաթյանն ընդգծել է, որ թեև առաջիկա հանդիպումների վերաբերյալ հստակ պայմանավորվածություն չկա, դրանք շարունակական են լինելու, քանի որ էներգետիկ ոլորտում անելիքները մեծ են: Հայաստանի ռազմավարությունն է՝ որքան հնարավոր է մեծ թողունակությամբ և տարբեր հատվածներով միանալ հարևան երկրների էներգահամակարգերին. այս տրամաբանությամբ է իրականացվում նաև Իրանի հետ «էլեկտրաէներգիա՝ գազի դիմաց» ծրագիրը:

Նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ նախարարը հայտնել է, որ 2027-ի սկզբին որոշում կկայացվի մոդելի ընտրության հարցով, տարբեր երկրների հետ քննարկումները դեռ շարունակվում են։

«Ամենասկզբնական շրջանում դիտարկում էինք փոքր մոդուլյար ռեակտորներով ատոմակայանի կառուցումը՝ հաշվի առնելով, որ Հայաստանի էներգետիկ համակարգի այդ պահի դրությամբ շուրջ 400-450 մեգավատ դրվածքային հզորությամբ կայանը մեր ամբողջ պահանջարկը կբավարարեր: Հիմա դիտարկում ենք նաև այլ տարբերակներ, որովհետև էլեկտրաէներգիայի տեսականորեն արտադրված ամբողջ ծավալը հնարավոր է սպառել Հայաստանում: Մենք մի քանի երկրներից առաջարկներ ունենք, ուսումնասիրում ենք, 2027 թվականի տարեսկզբին արդեն մոդելի հետ կապված որոշում կունենանք, դրա մասին կհայտարարենք և կանցնենք արդեն գործնական փուլ՝ նախագծում, տեղակապում, շինարարություն»:

Նախարարը նշել է, որ ընթացքի մեջ է Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման երկրորդ ծրագիրը, որի շրջանակում կայանն ընթացիկ տարում շուրջ վեց ամիս դուրս էր բերվել էներգահամակարգից:

«Տրամաբանությունը հետևյալն է՝ շահագործել Մեծամորի ատոմակայանն այնքան ժամանակ, քանի դեռ էներգետիկ համակարգին նոր ատոմակայան միացված չէ: Մենք դրա համար առնվազն այս պահի դրությամբ 10 տարի ժամանակ ունենք, և կարծում եմ՝ այս տեմպերով առաջ շարժվելու դեպքում խնդիրներ չենք ունենա»,- հավելել է Դավիթ Խուդաթյանը:

Հոկտեմբերի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ 1000 մեգավատանոց ատոմային կայանն ամենատրամաբանական լուծումը լինի։ Նրա խոսքով՝ նախկինում առաջարկվող մոդուլային ատոմակայանն այլևս բավարար չէ արհեստական բանականության գործարանների պատճառով առաջացած էլեկտրաէներգիայի դեֆիցիտը ծածկելու համար։

Կառավարության 2026-2031 թվականների ծրագրով նախանշված է, որ մինչև 2027-ի ավարտը Հայաստանը արդեն պետք է ընտրություն կատարած լինի նոր ատոմակայանի տեխնոլոգիայի հարցում։

Հայաստանի պաշտոնյաները նախկինում նախապատվություն են տվել համեմատաբար փոքր հզորությամբ ատոմակայանի գաղափարին, որն ավելի համապատասխան կլինի երկրի էլեկտրաէներգետիկ համակարգի չափերին։ Հնարավոր հիմնական տարբերակներից մեկը փոքր մոդուլային ռեակտորներն են։

Մեծամորի ատոմակայանն այժմ ապահովում է Հայաստանի տարեկան էլեկտրաէներգիայի արտադրության մինչև 30 տոկոսը։ Հայաստանը 2023-ին «Ռոսատոմի» հետ ստորագրել է $65 մլն-ի արդիականացման համաձայնագիր՝ խորհրդային նախագծմամբ ռեակտորը մինչև 2036-ը շահագործելու նպատակով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում