Հայաստանը թևափոխում է իր պատմության նոր՝ Չորրորդ Հանրապետության փուլ, որը հիմնված է խաղաղության տրամաբանության և պետական նոր ուղեգծի վրա։ Այս մասին կառավարության նիստում 2026-2031-ի ծրագիրը ներկայացնելիս հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով պետության ֆունկցիոնալ նշանակության և առաքելության փոփոխությունը։
«Հայաստանի Հանրապետությունն այսպիսով թևափոխում է իր պատմության այն փուլը, որը անվանում ենք Չորրորդ Հանրապետություն»,- ասել է վարչապետը։
Անդրադառնալով քաղաքական հիմքերին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով «Իրական Հայաստանի» հայեցակարգը ստացել է հանրային լեգիտիմացում և դարձել պաշտոնական պետական գաղափարախոսություն։ Թեև այդ մոտեցումները շրջանառվել էին դեռևս 2024 թվականից, վերջնական դեյուրե հաստատումը տեղի է ունեցել ընտրական գործընթացների արդյունքում։
> «Շատ կարևոր է արձանագրել, որ ընտրությունների արդյունքներով ի վերջո հաղթել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ինչը նշանակում է, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը Հայաստանի Հանրապետությունում դարձել է պաշտոնական գաղափարախոսություն»,- ասել է Փաշինյանը։
Համեմատելով հանրապետության զարգացման փուլերը՝ վարչապետը նշել է, որ 1990-ին հիմնադրված Երրորդ հանրապետությունը ստեղծվել է կոնֆլիկտի և պատմական արդարության վերականգնման տրամաբանությամբ՝ սերելով Ղարաբաղյան շարժումից, որից սերում են նաև ներկայիս քաղաքական գործիչների մեծ մասը։ Ի հակադրություն դրան՝ Չորրորդ հանրապետությունը ձևավորվում է խաղաղության օրակարգի և պետության գործառույթների գործնական վերաիմաստավորման հիման վրա, ինչը բխում է վերջին տարիների պրակտիկ քաղաքականությունից։












