Գլխավոր Լրահոս

Կառավարությունը ծրագրում է ամրագրել Կաթողիկոսի հեռացման նպատակը

Կառավարությունը ծրագրում է ամրագրել Կաթողիկոսի հեռացման նպատակը

Կառավարությունը նպատակ ունի բացառել «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիբրիդային պայքարի հենակետ դարձնելու արտաքին ուժերի փորձերը»։ Նման արձանագրում կա գործադիրի 2026-2031 թվականների ծրագրում։ Սա ՔՊ-ի նախընտրական ծրագրի արտապատկերումն է արդեն կառավարության գործունեության մեջ՝ որոշ բացվածքներով։

Ըստ այս փաստաթղթի, որն ընդունվեց կառավարության այսօրվա նիստին և առաջիկայում կքննարկվի խորհրդարանում, հոգևոր անվտանգության խնդիրն ապահովելու, եկեղեցին հիբրիդային պայքարի հենակետ դարձնելու արտաքին ուժերի փորձերը բացառելու և բարենորոգելու նպատակով պետք է իրականացվի երեք գործողություն։

Նախ և առաջ կառավարությունը նպատակ ունի «ապահովել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը), և սահմանված կարգով իրականացվելու է Կաթողիկոսական տեղապահի ընտրություն»։ Սրանից հետո կառավարությունը պատրաստվում է ապահովել՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության ընդունումը, որով, ըստ գործադիրի, պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության կառուցակարգեր։

Վերջին կետով սահմանված կարգով պատրաստվում են ապահովել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությունը։

Բացի այդ, ըստ ծրագրի՝ կառավարությունը ձեռնամուխ է լինելու նաև հոգևոր ծառայողներին սոցիալական երաշխիքների պետական համակարգում ներառելուն և եկեղեցու ֆինանսավորման թափանցիկությունն ապահովելուն։

Օգոստոսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այս թեմային՝ ասելով, որ «Եկեղեցին Կտրիչ Ներսիսյանի (Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս - խմբ․) ձեռամբ կանոնական ծիրից դուրս է բերվել, և այստեղ օրակարգ կա, որը պետք է հասցեագրվի։ Օրակարգը գրված է նախընտրական ծրագրում և կառավարության ծրագրում»,– նշեց նա։

ԱԺ փոխնախագահ, ՔՊ վարչության անդամ Վահագն Ալեքսանյանը նախօրեին, պատասխանելով այն հարցին, թե որ երկիրն է, ըստ իշխանության, ցանկանում «եկեղեցին հիբրիդային պայքարի հենակետ դարձնել», թեև ուղիղ չպատասխանեց, սակայն ակնարկեց, որ խոսքը Ռուսաստանի մասին է․ «Մեր քաղաքացիները շատ լավ գիտեն՝ որ երկրի մասին է խոսքը։ Հիմնավորումը Եզրաս սրբազանի ԿԳԲ-ի տոմսն է։ Սա ամենափաստական հիմնավորումներից մեկն է»,– ասել էր Ալեքսանյանը։

2025-ի դեկտեմբերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը պատկանող լրատվամիջոցը՝ Civic.am-ը, ԱԱԾ-ից ստացած փաստաթուղթ էր հրապարակել՝ պնդելով, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, 80-ականներին հավաքագրվել է սովետական ՊԱԿ-ի կողմից։ Նա հոգևոր ծառայություն է իրականացում Ռուսաստանում։

Ընդդիմադիր ուժերը և իրավաբանական համայնքը բազմիցս քննադատել են իշխանությանը այս գործելաոճի համար՝ պնդելով, թե այսկերպ իշխանությունը խախտում է սահմանադրական կարգը և միջամտում եկեղեցու գործունեությանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում