Լիա Ավագյան
«Լեռնային Ղարաբաղ» եզրույթն ու հայկական մշակութային ժառանգության հարցը տեղ չեն գտել կառավարության ծրագրում
Հայաստանի կառավարության 2026-2031 թվականների նոր ծրագրում այլևս չի օգտագործվում «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը, իսկ տեղահանված բնակչությանը վերաբերող միակ կոնկրետ դրույթը 10,000 ընտանիքի բնակապահովման ծրագրի շարունակությունն է։ Նոր փաստաթղթում տեղ չի գտել նաև Արցախում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պահպանման հարցը, որը նախորդ հնգամյա ծրագրում կառավարության հանձնառություններից էր։
Փաստաթղթում տեղահանվածներին վերաբերող ձևակերպումն է. «Շարունակվելու է Ղարաբաղից տեղահանված 10,000 ընտանիքի բնակապահովման ծրագիրը»։
Ուշագրավ է նաև բառապաշարի փոփոխությունը։ Նոր ծրագրում օգտագործվում է «Ղարաբաղից տեղահանված» ձևակերպումը՝ առանց «Լեռնային» և «բռնի» բառերի։ Սա տարբերվում է 2023-ի սեպտեմբերյան իրադարձություններից հետո Հայաստանի իշխանությունների օգտագործած բառապաշարից, երբ պաշտոնական հաղորդագրություններում լայնորեն կիրառվում էր «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված» ձևակերպումը։
2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո Հայաստանի իշխանությունները տեղի ունեցածը որակում էին էթնիկ զտում։
Հետագայում Հայաստանի կառավարությունը որդեգրեց Ղարաբաղի հայերի՝ Հայաստանում երկարաժամկետ բնակության և ինտեգրման քաղաքականություն։ Կառավարությունը չի հայտարարել հայերի վերադարձը ԼՂ որպես քաղաքական նպատակ՝ փոխարենը շեշտը դնելով Հայաստանում նրանց բնակարանային, սոցիալական և այլ խնդիրների լուծման վրա։
2021-ի ծրագրում Լեռնային Ղարաբաղն առաջնահերթություն էր
Նոր և նախորդ ծրագրերի ուղղակի համեմատությունը ցույց է տալիս ոչ միայն քաղաքական իրողությունների, այլև կառավարության օգտագործած բառապաշարի էական փոփոխություն։
2021-2026 թվականների ծրագրում կառավարությունը արտաքին քաղաքականության ուղենիշների շարքում նշում էր «Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովումը»։
«Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա», սահմանվում էր որպես Հայաստանի արտաքին և անվտանգային քաղաքականության առաջնահերթություն։
Ծրագրում Ղարաբաղյան հիմնախնդրին առանձին բաժին էր հատկացված։ Կառավարությունն առաջիկա տարիների իր «գլխավոր խնդիրը» համարում էր «ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը»։
Փաստաթուղթը նախատեսում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցում՝ այդ թվում ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Հայաստանը նաև հայտարարում էր, որ «շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը»։
Նոր ծրագրում նախկին կարգավորման և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին դրույթների բացակայությունը տեղի է ունենում սկզբունքորեն այլ քաղաքական պայմաններում։
Սակայն նախորդ ծրագրում կային նաև դրույթներ, որոնք չէին սահմանափակվում Ղարաբաղի կարգավիճակով կամ հակամարտության կարգավորմամբ։
Մշակութային ու կրոնական ժառանգության մասին դրույթն անհետացել է
2021-2026 թվականների ծրագրով կառավարությունը պարտավորվում էր ուշադրության կենտրոնում պահել «Արցախի հետպատերազմյան վերականգնումը, տնտեսական կյանքի աշխուժացումը, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծումը, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը»։
Մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը հիշատակվում էր նաև արտաքին քաղաքականության ընդհանուր նպատակների շարքում։
2026-2031 թվականների ծրագրում Ղարաբաղում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պահպանման վերաբերյալ համարժեք դրույթ չկա։
Տեղահանվածների մասին՝ մեկ դրույթ
Ղարաբաղից տեղահանվածներին նոր ծրագիրն անդրադառնում է սոցիալական քաղաքականության բաժնում՝ մեկ կոնկրետ թիրախով. «Շարունակվելու է Ղարաբաղից տեղահանված 10,000 ընտանիքի բնակապահովման ծրագիրը»։
Այս թիվը քննադատել է Արցախի նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ 2024-ին բնակապահովման ծրագիրը հաստատելիս հայտարարվել էր, որ այն նախատեսված է շուրջ 25,000 ընտանիքի համար։
Բեգլարյանի խոսքով՝ ներկայում ծրագրից օգտվել է մոտ 4,000 ընտանիք։ Նա հարց է բարձրացնում, թե ինչ է լինելու մնացած ընտանիքների հետ, եթե կառավարության նոր հնգամյա ծրագրով բնակապահովման թիրախը սահմանափակվում է 10,000 ընտանիքով։
«Արդյո՞ք ՀՀ կառավարությունը պլանավորում է արցախցիների լրացուցիչ զանգվածային արտագաղթ Հայաստանից, քանի որ կառավարության հաստատված ծրագիրը նախատեսում է առաջիկա հինգ տարում միայն 10,000 ընտանիքի ապահովել բնակարանով»,- գրել է Բեգլարյանը Ֆեյսբուքում։
Նա նաև նշել է, որ բնակարանային գործող ծրագրի ժամկետը նախատեսված է մինչև 2028-ի ավարտը և հարց բարձրացրել, թե ինչ քաղաքականություն է նախատեսվում այն ընտանիքների համար, որոնք չեն ընդգրկվի 10,000-ի թիրախում։
Մինսկի խումբն այլևս չկա, առաջնահերթությունը Ադրբեջանի հետ խաղաղությունն է
Փոխվել է նաև միջազգային այն ձևաչափը, որի շրջանակում 2021-ի ծրագիրը նախատեսում էր Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը։
Նախորդ փաստաթղթում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի մասնակցությամբ, ներկայացվում էր որպես Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորման հիմնական ձևաչափ։
Ադրբեջանը հետագայում պահանջեց լուծարել Մինսկի գործընթացը և դրան առնչվող կառույցները։ 2025-ի օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համատեղ դիմեցին ԵԱՀԿ-ին՝ դրանք փակելու համար։ ԵԱՀԿ նախարարների խորհուրդը սեպտեմբերի 1-ին ընդունեց համապատասխան որոշումը, իսկ փակման գործընթացն ավարտվեց նոյեմբերի 30-ին։
2026-2031 թվականների ծրագրում Ադրբեջանի հետ հարաբերություններն արդեն ներկայացվում են այլ տրամաբանությամբ։ Արտաքին քաղաքականության բաժնի առաջին ուղղությունը «Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացումն» է։ Կառավարությունը նախատեսում է ստորագրել և վավերացնել խաղաղության համաձայնագիրը, շարունակել սահմանազատումն ու սահմանագծումը, ինչպես նաև զարգացնել երկու երկրների քաղաքացիական հասարակությունների և գործարար համայնքների շփումներն ու երկկողմ առևտուրը։












