Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգության վերաբերյալ հայտարարությունները նպատակ ունեն վնասել հայ-ռուսական կապերը. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի անվտանգության վերաբերյալ բարձրաձայնվող մտահոգությունները Մոսկվայում ընկալվում են որպես հայ-ռուսական հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ։ Զախարովան այս մասին հայտարարել է՝ ի պատասխան ԶԼՄ-ների հարցին, որը հրապարակվել է գերատեսչության պաշտոնական կայքում, մեկնաբանելով Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության շուրջ վերջին շրջանում հնչող հայտարարությունները։
«Նման ներարկումները ընկալում ենք որպես այս ոլորտում հայ-ռուսական համագործակցության մեջ պառակտում մտցնելու և Ռուսաստանի մասնակցությամբ նախաձեռնությունների զարգացմանը խոչընդոտելու փորձեր։ Բացի այդ, դրանք դիտվում են որպես տարածաշրջանի համար իսկապես ապակառուցողական արևմտյան նախագծերի և տեխնոլոգիաների առաջմղմանն աջակցելու դրսևորում, ընդ որում՝ դրանք զգալիորեն զիջում են ռուսականներին, այդ թվում՝ անվտանգության տեսանկյունից»,- ասել է Զախարովան
Ռուսական կողմի պնդմամբ՝ նման հայտարարությունները նպատակ ունեն խոչընդոտելու համատեղ նախաձեռնություններին և նպաստելու արևմտյան տեխնոլոգիաների առաջմղմանը։ Միևնույն ժամանակ, Զախարովան ընդգծել է, որ Մեծամորի ԱԷԿ-ն ապահովում է Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության շուրջ 30 տոկոսը՝ այն բնութագրելով որպես երկրի էներգետիկ անվտանգության և ինքնիշխանության կարևոր գործոն։
Նա հիշեցրել է, որ 2022-ին ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի այցի ընթացքում բարձր էր գնահատվել կայանի անվտանգությունը, և հավելել, որ ներկայումս հայ և ռուս մասնագետներն իրականացնում են կայանի շահագործման ժամկետը մինչև 2036-ը երկարաձգելուն ուղղված միջոցառումների համալիր։











