Երևանում հարբած վիճակում գտնվող ՆԳՆ ոստիկանության ծառայողն ու շուրջ 20 և ավելի անձինք քննչական բաժնի շենքի դիմաց ծեծի են ենթարկել երկու քննիչի: Ոստիկանության ծառայողն ու երկու անձ ձերբակալվել են, հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:
«2026-ի օգոստոսի 21-ին Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել և իրականացվում է քրեական վարույթ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ծառայողի և վերջիններիս հետ ընկերական, ինչպես նաև ազգակցական կապերի մեջ գտնվող շուրջ 20 և ավելի անձանց կողմից ՀՀ ՔԿ ԵՔՔՎ վարչության համապատասխան վարչական շրջանի քննչական բաժնի 2 քննիչներին նույն բաժնի դիմաց դաժանաբար ծեծի ենթարկելու, ինչպես նաև խուլիգանություն կատարելու հանգամանքների վերաբերյալ:
Վարույթի շրջանակում ձերբակալվել են ոստիկանության վերոնշյալ ծառայողը և նրա հետ ազգակցական կապի մեջ գտնվող ևս 2 անձ:
Ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ»,- ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Ishkhanutyun.am, այնուհետև՝ armlur.am լրատվական կայքերը հայտնել էին, որ վարչության պետի մասնակցությամբ, դաժան ծեծի են ենթարկել ոստիկանին: Քննչական կոմիտեից նշում են, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, օբյեկտիվ փաստարկումներից զրկված, մտացածին զրպարտություն է և նպատակ է հետապնդում հանրության ուշադրությունը շեղել իրականությունից:
«Հրապարակման բովանդակության մեջ տեղ գտած անհիմն շահարկումների կապակցությամբ հարկ է փաստել, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցն օգոստոսի 21-ին ձերբակալվելուց անմիջապես հետո, գիտակցելով իր արարքի համար քրեական պատասխանատվության անխուսափելիությունը, ինչպես անձամբ, այնպես էլ ներգրավված պաշտպանի միջոցով վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել է հայտարարություններ իրեն ենթադրաբար խոշտանգելու վերաբերյալ, որից անմիջապես հետո վարույթն իրականացնող մարմինն իր նախաձեռնությամբ կազմակերպել է ձերբակալվածին ինչպես վարչական շենքում, այնպես էլ համապատասխան բուժհաստատություններում բժշկական զննման ենթարկելու գործընթացը, որոնցով ևս հերքվել է ենթադրաբար բռնության ենթարկվելու դեպքը:
Այսպիսով, լրատվական կայքի կողմից կատարված հրապարակումը նպատակ է հետապնդում հանրության մեջ խեղաթյուրել վարույթի փաստական հանգամանքները և միջամտել նախաքննության բնականոն ընթացքին:
Քրեական վարույթով կատարվում են անհետաձգելի ապացուցողական և վարութային այլ գործողություններ՝ ենթադրյալ հանցագործության դեպքը բացահայտելու, բոլոր մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:












