Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 23-24-ին հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա 3-4 աստիճանով։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի օգոստոսի 24-ին։ Լեռնային մարզերում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի 32-33, նախալեռնային գոտում՝ 36-37, իսկ հովտային գոտիներում՝ հատկապես Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում՝ 38-40 աստիճանի։
Օգոստոսի 23-24-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-27-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
ՆԳՆ փրկարար ծառայությունը զգուշացնում է՝ օգոստոսի 22-27-ը Երևանում, Արարատյան դաշտում, ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ծառայությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, իսկ անհրաժեշտության դեպքում զանգահարել 112։











