Ռուսաստանում վառելիքի շուկայում դեռևս ոչ բոլոր խնդիրներն են լուծվել, սակայն կառավարությունն աշխատում է դրանց կարգավորման ուղղությամբ։ Այս մասին «Վեստիի» թղթակցի հետ հարցազրույցում հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ընդամենը երկու օր առաջ վարչապետի հետ հանդիպել և քննարկել ենք այս թեման։ Այո՛, դեռ ոչ բոլոր խնդիրներն են լուծվել, բայց դրանք լուծվում են»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահն ընդունել է, որ ստեղծված իրավիճակը որոշակի անհարմարություններ է պատճառում քաղաքացիներին՝ ընդգծելով, որ կառավարությունը պետք է խնդիրը վերահսկողության տակ պահի։
Մայիսի վերջից Ռուսաստանի մի շարք շրջաններում վառելիքի մատակարարման խափանումներ են սկսվել։ Վառելիքի պակասը հիմնականում պայմանավորված է ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ ուկրաինական անօդաչուների հարվածներով։ Իրավիճակը սրել է նաև սեզոնային բարձր պահանջարկը։
Հունիս-հուլիսին ամբողջական կամ մասնակի սահմանափակումները տարածվել են ավելի քան 80 շրջանի վրա։ Հուլիսից որոշ շրջաններում իշխանությունները սկսել են մեղմել սահմանափակումները։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի խոսքով՝ կառավարության ձեռնարկած միջոցներն արդեն արդյունք են տալիս․ մի շարք շրջաններում սահմանափակումները հանվում են։












